Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թատերագետ Արա Խզմալյանի կարծիքով` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը փոքր-ինչ ուշանում է կյանքի եւ արվեստի հրամայականներից. այսինքն, շրջանավարտներն այնքան էլ համապատասխան չեն թատրոնի միջազգային չափանիշներին, եւ քիչ թվով դերասաններ կարող են համարվել ունիվերսալ:
«Այսօրվա թատերական կյանքում մեր շրջանավարտների ներկայությունը բավականին նկատելի է: Թատրոնների ղեկավարները դեռ առաջին կուրսից սկսած` իրենց թատրոնների համար դերասաններ են պատրաստում: Սա է սկզբունքը: Մենք հիմնականում դերասանական կուրս տալիս ենք թատրոնների ղեկավարներին, որպեսզի ուսանողները միաժամանակ եւ սովորեն, եւ անցնեն թատերական խոհանոցի միջով` հարմարվելով տվյալ թատրոնի ավանդույթներին եւ գեղարվեստական պրոֆիլին: Թե դրանից հետո թատերագետներն ինչ գնահատական կտան, իրենց գործն է»,-Aravot.am-ի հետ զրույցում խնդիրն այսպես մեկնաբանեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Դավիթ Մուրադյանը:
Նա համամիտ է, որ ուսման մեթոդիկան պետք է կատարելագործել` այդ գործընթացում ներգրավելով օտարերկրացի վարպետների. «Մենք այդպես էլ անում ենք: Օրինակ` մեր բուհում բեմական շարժման եւ պլաստիկայի դասեր անցկացրեցին լեհ մասնագետներ, որոնց հետ աշխատանքից ուսանողները շատ գոհ են: Մասնագետներ ենք հյուրընկալել նաեւ Նիդերլանդներից եւ Շվեյցարիայից»:
Դավիթ Մուրադյանի խոսքով` թատրոնների բեմերում այսօր հիմնականում ԵԹԿՊԻ շրջանավարտներն են:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դավիթ ջան, Ձեր մտածածը շատ քիչ է դերասան կրթելու համար: Ուսանողները շուտ մտնում են թատրոններ ու իրենց մեջ են ներծծում թատրոնի վատ կղմերը, խոհանոցային խոսակցությունները: Ընդհակառակը, պետք է Ռուսաստանի պես մինչև 3-րդ կուրս զերծ պահել թատրոններից ու տալ ակադեմիական կրթություն: Այսօր շատ են կիսագրագետ շրջանավարտները: