Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր Հյուսիսային պողոտայի երեկվա միջոցառման «տերը»

Մարտ 28,2016 16:30

«Համատեղ միջոցառում չի եղել: Մեր միջոցառումից մի 30-40 մետր հեռավորության վրա, ՀԵՀ-ից մի 10-11 հոգի կանգնած էին: Երեկոյան այնպիսի տեղեկություն գնաց, որ ամենն իրենք են կազմակերպել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» երիտասարդական նախաձեռնության համակարգողներից Տիգրան Մազմանյանը:

Այսօր հաղորդագրություն էր տարածվել լրատվամիջոցներին`Զատիկի տոնակատարությունների առիթով կայացած ազգային պարերի ֆլեշմոբի մասին: Ըստ այդմ, միջոցառումը կազմակերպել եւ անցկացրել են Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները` «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ: Միջոցառումը կայացել է Հյուսիսային պողոտայում:

Դրան հաջորդեց «Մենք» երիտասարդական նախաձեռնության անդամ Տիգրան Մազմանյանի տարածած հաղորդագրությունն առ այն, որ «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը 2016 թվականի մարտի 23 –ից, ամեն օր ժամը 17:00 -ից, բարեգործական նպատակով դրամահավաքներ է կազմակերպում Հյուսիսային Պողոտայում: Ակցիայի նպատակն է հավաքված գումարը, քաղցրավենիքը, ծխախոտը եւ այլ իրերը ակցիայի ավարտից հետո փոխանցել Ջաբրաիլում տեղակայված զորամասի զինվորներին. «Իսկ երեկ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կեղծ հաղորդագրություն է ուղարկել գրեթե բոլոր ԶԼՄ-ներին և այդ ամենը ներկայացրել որպես ֆլեշմոբ` նվիրված զատիկին և վերնագրել որպես ՀՀԿ-ի կազմակերպած»: Ի դեպ, երեկ ակցիայի վերջին օրն էր:

«ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք Հյուսիսային պողոտա են գնացել 16. 30 –ին, քանի որ ազգագրական պարերի ֆլեշմոբը նախատեսված էր 17. 00-ին: «Քանի որ իրենց երաժշտությունը շատ բարձր էր, ես մոտեցա ու խնդրեցի ընդամենը 15 րոպեով անջատել իրենց երաժշտությունը, քանի որ մեր միջոցառումը հենց այդքան էր տեւելու: Կազմակերպության նախագահ Արման Անդրեասյանը քաղաքակիրթ, սիրալիր պատասխանեց, որ խնդիր չի տեսնում»:

Արմինե Բարսեղյանը պատմեց, որ Արման Անդրեասյանը եւ «Մասունք» պարային համույթի ղեկավարը`Լուսինեն, պարզվել է, որ ծանոթներ են: Արման Անդրեասյանն էլ առաջարկել է, որ այդ ընթացքում միասին անեն միջոցառումը, քանի որ բավական մարդ է հավաքված եղել:

«Իրենք շատ քաղաքավարի պատասխանեցին, զարմացանք, որ նման խնդիր եղավ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

«Ես նման բան չգիտեմ, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, ես այնտեղ եմ եղել, նման բան չի եղել»,- մեզ հետ զրույցում շարունակեց պնդել Տիգրան Մազմանյանը:

Արմինե Բարսեղյանը նաեւ պատմեց, որ հայտնի հաղորդագրություններից հետո ինքը զրույց է ունեցել Արման Անդրեասյանի հետ, վերջինս ասել է, որ թյուրիմացություն է եղել, «մեր թիմակիցները մեզ ճիշտ չեն հասկացել, ձեր միջոցառման վրա էլ ցեխ է շպրտվել»:

Aravot.am-ը փորձեց նաեւ Արման Անդրեասյանի հետ զրուցել: Վերջինիս հեռախոսն անջատված էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031