Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն իշխանության հետ չի՞ լուսանկարվում

Մարտ 28,2016 16:10

«Ակնհայտ տարբերությունները չե՞ք տեսնում»,-Aravot.am-ի հարցին հարցով պատասխանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հարցը վերաբերում էր Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի`արդեն պաշտոնապես առաջարկած «4+4+4» բանակցային ձեւաչափին: Դա ենթադրում է, որ բանակցություններին պետք մասնակցեն խորհրդարանական չորս ընդդիմադիր խմբակցություններ`ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ ներկայացուցիչները, չորս ներկայացուցիչ իշխանական համակարգից, չորսն էլ`քաղաքացիական հասարակությունից:

Ձեւաչափում չնախատեսված «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, օրերս, անդրադառնալով այս առաջարկին`«Առաջին լրատվականի» հետ զրույցում հեգնել էր. «Մենք ի սկզբանե ասել ենք, որ մեծ հույսեր չենք կապում այդ բանակցությունների հետ, որովհետև այն դրույթները, որոնք մեզ համար վիճահարույց են, իշխանություններն իրենց ելույթներում, հարցազրույցներում, նաև լսումների ժամանակ հայտարարել են, որ դրանք չեն փոխվելու: Եթե այդ մասով զիջում չկա, ուղղակի այնտեղ գնալ, նստել, նկարվել իշխանությունների հետ ու ասել, որ ինչ-որ բան ենք քննարկում, մենք անիմաստ ենք համարում: Երբ սահմանադրական փոփոխություններն էին քննարկվում, մենք ակտիվորեն ներգրավված էինք, առաջարկներ էինք ներկայացնում, և մեզ քննադատում էին՝ ի՞նչ գործ ունեք հանցավոր ռեժիմի հետ, այդ հանդիպումներին ինչո՞ւ եք գնում: Հիմա ԸՕ շուրջ քննարկումներին, փաստորեն, կարելի է մասնակցել: Այսինքն՝ նույն ընդդիմությունը, որը պիտակավորում էր բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին, հիմա իրենք մասնակցում են, և այդտեղ խնդիր չկա: Այս առումով մենք որևէ ասելիք չունենք, հետևողները հետևում են և գնահատական կտան բնականաբար»:

Լեւոն Զուրաբյանը չցանկացավ այս առիթով Aravot.am-ի հարցերին պատասխանել, ոչ էլ գործընկերոջ դիտարկումներին: «Վաղը մամուլի ասուլիսում այդ հարցին կպատասխանեմ»,- ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առիթով մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունում հարցը չեն քննարկել, քանի որ պաշտոնական առաջարկ որեւէ կողմից չեն ստացել, ուստի հստակ բան ասել չի կարող: Բայց, ընդհանուր առմամբ, ինքը նորմալ է վերաբերվում այդ առաջարկին. «Ոչ դեմի խնդիր կա, ոչ կողմի, ոչ ճշտի, ոչ էլ սխալի»:

Միաժամանակ, մեր զրուցակիցը նկատում է, որ այն եւ վիճահարույց կողմեր ունի, եւ դրական: Վիճահարույցն այն է, որ իշխանությունները չփորձեն հերթական շոուի վերածել բանակցությունները: Դրականն էլ այն է, որ միջազգային հանրությունն էլ է ասում, որ ԸՕ-ի շուրջ կոնսենսուս լինի, քննարկումներ լինեն. «Սա փաստ է եւ պետք է հաշվի առնել»:

Jarangutyun_Serj

 

Իր անձնական կարծիքով, փոփոխություն կարող է մեկ դեպքում լինել. «Երբ ընդդիմությունը, հասարակության հետ փողոցից ճնշում իրականացնի: Միջազգային հանրությունն էլ ժողովրդի այդ ակտիվությունն օգտագործելով՝ փորձի ազդել իշխանության վրա եւ ժողովրդավարական պահանջներն առաջ տանել»:

Հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների փուլում, երբ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հանդիպումներ եւ քաղաքական խորհրդակցություններ էին ընթանում, «Ժառանգությունը» մեկ անգամ հանդիպեց նախագահին, այնուհետ հայտարարեցին, որ իրենց առաջարկները չեն ընդունվել, ուստի գնալ`նախագահի հետ լուսանկարվելն, անիմաստ գործողություն է:

Aravot.am-ի հարցին`այժմ կա՞ երաշխիք, որ սա էլ չի վերածվի իշխանությունների հետ նկարվելու գործընթացի կամ ի՞նչ տարբերություն պետք է լինի այն եւ ներկայիս քննարկումների միջեւ, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Որեւէ երաշխիք չկա: Եթե «Ժառանգությունում» մասնակցելու որոշում լինի կամ իշխանությունները համաձայնեն նմանատիպ քննարկումների, որովհետեւ այս մի քանի օրերի հայտարարություններն այլ բան են հուշում, բայց եթե կտեսնենք, որ նմանատիպ խնդիր կա, շոու է դառնում, իհարկե, չարժե մասնակցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031