Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորները պատրաստ են մեծամասշտաբ հարձակումների». ԵԿՄ անդամ

Մարտ 28,2016 15:45

Կոմանդոսը քանի որ մեր երկրի ռազմական ղեկավարությանը մաս չի կազմում, դա իր անձնական մասնավոր կարծիքն է: Ես կարծում եմ, որ արկերի այդպիսի հրետանային հեռահար տարբերակները չեն ընտրվի, որովհետեւ դա լավ չի լինի ոչ մեզ համար, ոչ Ադրբեջանի:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Lragir.am-ի հետ զրույցում խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին՝ ասել էր. «Եթե Ադրբեջանը հրթիռակոծի Հայաստանը, ամենաթանկ օբյեկտը, որ կարող ենք կորցնել, «Երևան Սիթին» է, իսկ եթե մենք հարվածենք Ադրբեջանին, նրանք բազմաթիվ նավթահանքեր ունեն, և նրանց վնասը հսկայական է լինելու»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության անդամ, գրականագետ Վարդան Դեւրիկյանն ասաց. «Կոմանդոսը քանի որ մեր երկրի ռազմական ղեկավարությանը, քաղաքական ղեկավարությանը մաս չի կազմում, դա իր անձնական մասնավոր կարծիքն է: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ արկերի այդպիսի հրետանային հեռահար տարբերակները չեն ընտրվի, որովհետեւ դա լավ չի լինի ոչ մեզ համար, ոչ Ադրբեջանի: Մենք, ամեն դեպքում, հակաօդային, հակահրթիռային լավ պաշտպանություն ունենք: Այդ բոլորն ամրացնում է մեր զինվորներին: Ես երեկ տեսա, թե ինչ համախմբված են մեր զինվորները, նույնիսկ ամոթանքի պես ասացի՝ մի՞թե Ադրբեջանը պետք է ամեն անգամ մեզ համախմբի, մի՞թե միայն վտանգը մեզ պետք է համախմբի, իսկ մնացած ժամանակ մենք մեզ համար ներքին պրոբլեմներ ստեղծենք»:

Վարդան Դեւրիկյանը վստահեցրեց՝ մեր զինվորները հոգեբանորեն պատրաստ են պատերազմի. «Մի քանի տարի առաջ այսպիսի անհեթեթ դրույթ կար, որը մամուլում շրջանառվում էր, թե մի հատ հարձակում լինի՝ մեր զինվորները զենքը կթողնեն կփախչեն: Բայց այս փոքր տեղային հրետակոծությունները ցույց տվեցին, որ մեր զինվորները պատրաստ են մեծամասշտաբ հարձակումների: Բացի այդ, արկի պայթյունը, ամեն ինչը սարսափելի է թվում մինչեւ պայթյունը: Դա յուրօրինակ մկրտություն է զինվորի համար: Մեր առաջնային գծի բոլոր զինվորներն այդ մկրտությունը ստացել են եւ լիովին պատրաստ են, եթե Աստված մի արասցե, մեծամասշտաբ գործողություններ լինեն»:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Վարդան Դեւրիկյանն ասաց. «Մենք ուզում ենք խաղաղություն լինի, որովհետեւ դա մեր էությունից է գալիս: Բայց այնպես չի, որ Ադրբեջանը մեզ շնորհ է անում՝ չի հարձակվում: Եթե Ադրբեջանն ինչ-որ տեղ ուղեղ ունենար՝ կգիտակցեր, որ ավելի խաղաղ բանակցային գործընթացը հենց իրենց շահերից է բխում: Եթե մենք այսօր պահպանում ենք խաղաղություն, դա Ադրբեջանի շնորհը չի, դա մեր ուժի շնորհիվ է: Եթե իրենք հանկարծ մի օր մտածեն, որ դա իրենց շնորհն է, փորձեն՝ շատ արագ կհամոզվեն, որ այդպես չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031