Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանին խուճապ չկա, բայց այն տեղերում, որտեղ կարող է զենքով առաջ ման չգայիր, հիմա զենքով են ման գալիս». Դեւրիկյան

Մարտ 28,2016 15:10

ԵԿՄ վարչության անդամ, գրականագետ Վարդան Դեւրիկյանը շփման գծում լարվածության այս օրերին Արցախի տարբեր զորամասերում է եղել:

Հիշեցնենք, որ Զատկի տոնին ընդառաջ հակառակորդը սկսել է կրակ բացել ՀՀ եւ ԼՂՀ շփման գծի ուղղությամբ եւ կրակել է ականանետներից:

Վարդան Դեւրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Երեկ գիշեր եմ եկել: Կարելի է ասել, որ կյանքը շարունակվում է: Հրետակոծությունը ռազմական գաղտնիք չի, որոշակի վերախմբավորումներ է պարտադրում: Եթե այն ժամանակ զգուշությունը դիրքերում էր, հիմա մի քիչ ավելի թիկունքային, առաջնային գծից դեպի ներս հրետանային կրակի հաշվառմամբ է կյանքը կառուցվում:

Մեր սահմանին խուճապ ընդհանրապես չկա, նման հասկացողություն սահմանում գոյություն չունի: Խոսում էինք զինվորների հետ, աշխույժ հարցուպատասխան էր: Բնականաբար, այդպիսի կրակոցները, անակնկալ բաները թելադրում են, որ ավելի լարվածություն եւ զսպվածություն լինի, ավելի աչալրջություն լինի: Այն տեղերում, որտեղ կարող է զենքով առաջ ման չգայիր, հիմա զենքով են ման գալիս:

Մարդկային կուտակումների դեպքում դու մտովի հաշվում ես, թե ինչ կողմերից կգան հրետանային կրակները: Յուրաքանչյուր հարվածը ոչ թե վախ է առաջացնում, այլ համապատասխան ներքին հակազդեցություն, որ իրողությունների հետ հաշվի նստես:

Եթե առաջ զինվորը պետք է դիրքերից գլուխը չհաներ, որ սնայպերին այն բաժին չդարձներ, հիմա հրետանային արկերի հետագծով դու նայում ես, թե հնարավոր ինչ կարող է պայթել, որ այդտեղ էլ կուտակումներ չլինեն, մարդ չլինի: Գետնափորներ ես փորում եւ այլն: Այսինքն, հակառակորդի քայլերը մեզ ավելի համախմբում են:

Թե ինչպիսին կլինի դրան մեր հակազդեցությունը, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում այն, ինչ հեռվից շատ սարսափելի է թվում, իրականում երբ հանդիպում ես, մեջն ես լինում, ուրիշ ձեւ ես նայում:

Պատերազմի ժամանակ էլ էր այդպես՝ 93-94-ին որ լսում էիր այստեղ, թե Ստեփանակերտում ինչ է կատարվում, մարդու սիրտն ուղղակի պայթում էր, բայց երբ մեջն ես լինում՝ այդպես չէ: Արցախի ժողովուրդն այնպիսի բաներ է ստեղծել, այնպիսի կենսունակություն ունի ծանր հրետանու կիրառությունից հետո, որ այդ բաներով իրենց չես վախեցնի: Կա մի տրամաբանություն՝ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ինչ շառավղով իրենք խփել են մեզ, մեր պաշտպանական բանակը ստիպված է եղել այդ շառավղով հակառակորդի կրակահերթերը լռեցնել: Սա պետք է Ադրբեջանը հաշվի առնի: Իր այդ քայլերն էլ եղել են պատճառը, որ մեր ճակատային գիծը ստիպել են համապատասխան ձեւի գծել»:

Վարդան Դեւրիկյանը վստահեցրեց, որ ինչ հրաման տա ՊՆ-ն, պատրաստ են պատվով կատարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031