Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մարտի 26-ին «Արտավազդ» մրցանակներ ստացան թատրոնի նվիրյալները, խրախուսվեցին երիտասարդ դերասանները: Մասնավորապես, «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» ստացավ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Նառա Սարգսյանը, «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան Սամվել Թադևոսյանը: «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեց Կարապետ Բալյանը:
Թատերագետ Արա Խզմալյանը շնորհավորում է գործընկերներին եւ կոչ անում չկորցնել հետաքրքրությունը սեփական գործի հանդեպ: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե այսօրվա դերասանները որքանով են կարողանում բազմաբնույթ դերեր կատարել. «Դերասանական ունիվերսալիզմի խնդիրը պետք է լինի թատերական կրթության հիմքում: 21-րդ դարի դերասանը պետք է լինի խելոք, կարդացած, բանիմաց, լիարժեք տիրապետի տեխնիկական միջոցների եւ կարողանա անել այն ամենը, ինչ կմտածի եւ կերեւակայի ռեժիսորը: Մենք ունենք այդպիսի դերասաններ, բայց չեմ ցանկանա խոսել հատուկենտ դրսեւորումների մասին, պարզապես, եթե կրթական համակարգը ճիշտ կազմակերպվի, մենք մի շարք այդպիսի դերասաններ կունենանք»:
Արա Խզմալյանը կարծում է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը փոքր-ինչ ուշանում է կյանքի եւ արվեստի հրամայականներն ընթերցելուց. «Բացի դերասանական ունիվերսալիզմից, դա կրթված եւ բանիմաց կադրեր պատրաստելու խնդիրն է, նաեւ կրթական համակարգն ազատականացնելը եւ հետաքրքիր դարձնելը: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, չեմ կարող ասել` ով կարող է այդ խնդիրը լուծել»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու մեր թատրոնը չի արտահայտում հասարակական-քաղաքական խնդիրները, Խզմալյանն այսպես արձագանքեց. «Մենք չենք սիրում մեր ժամանակը: Գուցե ազգային հոգեբանության խնդիր է` անընդհատ փախչում ենք մեր ներկայից: Սիրում ենք սուզվել անցյալի մեջ եւ երազել անհավանական բաներ: Իսկ թե ինչ է ներկան եւ այն ժամանակը, որում ապրում ենք, քիչ ենք մտածում այդ մասին: Իսկ թատրոնն իր ժամանակի էսթետիկ, հոգեբանական, քաղաքական, սոցիալական սպասումների անդրադարձն է: Եթե թատրոնը կարողանա որսալ հասարակական ազդակները, կլինի հասարակական տրամադրությունների կենտրոն»:
Ինչ վերաբերում է Թատրոնի մասին օրենքին, Արա Խզմալյանի խոսքով` երբ թատերական բնագավառը կշնչի լիարժեք թոքերով եւ կտա գեղարվեստական արդյունք, այդ ժամանակ կմտածենք դա օրենքով կարգավորելու մասին:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի կարծիքը` առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ