Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոտնատակ է տվել բոլոր սրբությունները». Դեւրիկյանը՝ Զատկի տոնին հակառակորդի կողմից ականանետման մասին

Մարտ 28,2016 14:40

Ադրբեջանական զինուժը Զատկի տոնին ընդառաջ լարվածություն է ստեղծում ՀՀ եւ ԼՂՀ շփման գծում: Խախտելով զինադադարի ռեժիմը՝ նորից ծանր զինտեխնիկա է օգտագործում, կրակում ականանետերից: Հիշեցնենք, որ պաշտոնական Արցախն առաջարկել էր, որ տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտվի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դա դրական էին ընդունել ու վերջերս էլ կոչ արել այդ առնչությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության անդամ, գրականագետ Վարդան Դեւրիկյանը մեր հարցին՝ հակառակորդը հերթական անգամ արհամարհո՞ւմ է Մինսկի խմբի համանախագահների կոչը, ի՞նչ է ուզում սրանով ասել, որ չի՞ ընդունում այդ ձեւաչափը՝ պատասխանեց. «Մինսկի խումբը, եթե ոչ մի բան չի անում, ամեն դեպքում որոշակի զսպիչ գործոն է, որ մեծամասշտաբ պատերազմական գործողություններ չլինեն: Երեւի աշխարհի դրվածքն է այդ հավասարությունը պահելը: Մենք էդքան դառնացանք, որ Գորբաչովից սկսած՝ աշխարհը հավասարություն էր պահում, դա երեւի աշխարհի բնույթն է: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն ոտնատակ է տվել մարդկային, բարոյական, բոլոր տեսակի կանոնները, սրբությունները: Իրենք տոնական օրերին, կրոնական օրերին լարվածությունը մեծացնելով՝ փորձում են կրոնական գունավորում տալ, արդեն կրոնական սրբապղծման երանգ են հաղորդում: Ամեն դեպքում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտի ինչպես վարվել»:

Devrikyan

Ըստ Վարդան Դեւրիկյանի, մենք ոչ թե պետք է մեղադրենք Մինսկի խմբին, դրանով մեր հակառակորդի ջրաղացին ջուր կլցնենք, այլ պարզապես կոչ անենք, հորդորենք, որ հասցեագրված մեղադրանքներ հնչեցնեն. «Դժբախտաբար, աշխարհը չհասցեագրված մեղադրանքներ հնչեցնելով՝ ինքն իրեն ծիծաղելի դրության մեջ է գցում: Նույնիսկ հրետանային արկի հետագծով դու կարող ես հետաքննել ու պարզել, թե ինչ ուղղությամբ է դա եկել եւ ինչպես է եղել: Դա չանելով՝ Մինսկի խումբը հավասարություն է դնում: Իրենք իրենց շահերն ունեն, երեւի չեն ուզում Ադրբեջանին ավելի վրդովվեցնեն:

Դա ցույց է տալիս, որ մենք պետք է գիտակցենք՝ մեր երկիրը ռազմաքաղաքական առումով գտնվում է մի վիճակի մեջ, մենք պետք է կառուցենք մեր կյանքը ինքներս, մեր առաջնային դիրքերի մասին պետք է մտածենք, մեր զինվորների: Քաղաքական բոլոր գործընթացներին զուգահեռ պետք է մտածենք առաջնային գիծն ամրացնելու մասին՝ երկրի բնականոն կյանքը, կենսապահովումն ապահովելու համար: Մենք պետք է միջազգային հանրությանը ներքաշենք, բայց պետք է մեր քայլերն էլ մտածենք, թե ինչպիսին է լինելու մեր պաշտպանությունը: Ես այդ հարցում լիովին վստահում եմ մեր ՊՆ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Հովիկ ՉԱՐՉՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031