Երեւանի մի շարք վարչական շրջաններում որոշ կրոնական կառույցների ներկայացուցիչներ կրկին քարոզչություն են իրականացնում` գրքեր եւ թերթոններ բաժանելով քաղաքացիներին: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը:
«Գիտեք, որ այդ բուկլետները եւ թերթոնները բաժանվում են անվճար: Մենք մոտենում եւ վերցնում ենք ամբողջը: Ստիպված ենք վերցնում: Չենք հարցնում` կարելի է վերցնել, թե ոչ: Բախումներ եղել են, ոստիկանությունը 27 գործ է հարուցել, որոնցից 6-ը` քրեական: Այդ գործերը հետագայում կարճվել են: Բայց մենք շարունակում ենք մեր գործողությունները: Փորձում ենք խոչընդոտել նրանց քարոզներին հասարակական վայրերում: Հասանք այն կետին, որ մի քանի ամիս չէին քարոզում, բայց արդեն երկու շաբաթ է` կրկին քարոզում են»,-ասաց Աղաջանյանը:
Aravot.am-ի հետ զրույցում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, թե կրոնական կառույցները որտեղ իրավունք ունեն գործունեություն ծավալելու. «Դրանից դուրս ոչ մի բան իրավունք չունեն անել: Այդ հոդվածում չկա սահմանված, որ փողոցում քարոզելու իրավունք ունեն, իսկ թերթոններ բաժանելը համարվում է քարոզ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ