Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ձեռքով սիրիահայերը ապրում են երկրորդ եղեռնը

Մարտ 28,2016 12:52

Այն, ինչ արդեն մի քանի տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում, անվանել այլ կերպ, քան եղեռն՝ Սիրիայի, մասնավորապես նաև սիրիահայերի նկատմամբ, անկարելի է: Մի քանի տարի շարունակ համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ փորձում են սիրիական պատերազմը ներկայացնել որպես Սիրիայի ընդդիմադիր ուժերի և իշխանությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմ: Այս կարծիքին կողմ են արտահայտվում արևմտյան մի շարք տերություններ՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ, իսկ Ռուսաստանը և որոշ այլ երկրներ տրամագծորեն հակառակ կարծիք են արտահայտում, ներկայացնելով, որ Սիրիայում ընթացող իրադարձություններն արտաքին ուժերի կողմից սանձազերծած պատերազմ է և այդ ամենի գլխավոր նպատակը Սիրիայի նավթային պաշարներին տիրելու, Սիրիայի իշխանություններին ենթարկեցնելու, իսկ հակառակ պարագայում նրանցից ազատվելու փորձերն են:

Իհարկե, իրականում Սիրիայում սկիզբ առած պատերազմը, որն արդեն մի քանի տարի շարունակվում է և երկու հարյուր հազարից ավելի կյանքեր է խլել, մի շարք այլ նպատակներ էլ է հետապնդում, որոնցից ինչպես նշեցինք, գլխավորն՝ անտարակույս Սիրիայի նավթային պաշարներին տիրանալն է: Այս հարցում ամենահավանական շահագրգիռ խաղացողը ԱՄՆ-ն է, որն այդ հեռահար ծրագիրը փորձում է իրականացնել իր սիրելիներից մեկի՝ Թուրքիայի միջոցով: Այդ խաղն ԱՄՆ-ը փորձում է իրականացնել լրիվ այլ պրիզմայով, ցուցադրելով, որ ինքն ընդամենն օժանդակում է Բաշար Ասադի կողմից անընդհատ ճնշումների ենթարկվող ընդդիմությանը և ընդամենը փորձում է գահընկեց անել գործող բռնապետ նախագահին:

Գաղտնիք չէ, որ ինչպես ժամանակին Հաֆեզ Ասադը, այնպես էլ Բաշար Ասադը երբեք էլ բարեկամաբար տրամադրված չեն եղել ԱՄՆ-ի նկատմամբ, ավելին, նույնիսկ մշտապես մերժել են ԱՄՆ այցելելու պաշտոնական հրավերները, այնպես որ, այդքանից հետո շատ բնական է, որ ԱՄՆ-ը պետք է չափազանց շահագրգռված լինի՝ առաջին հերթին Բաշար Ասադի նման նախագահի վայրկյան շուտ գահընկեցությամբ, քանզի հանրահայտ է, որ ԱՄՆ-ը չի ներում այն պետություններին ու նրանց ղեկավարներին, ովքեր հպարտ ու հավասարի նման են պահում իրենց:

Թուրքիան՝ որպես Սիրիայի անմիջական հարևան, բազմապիսի նկրտումներ ունի Սիրիայի նկատմամբ և հենց դա էր Էրդողանի հիմնական նպատակը, երբ ոչ վաղ անցյալում՝ մի քանի տարի առաջ, քողարկված դիվանագիտական կոմբինացիոն քայլերով մոլորեցրեց Բաշար Ասադին՝ թուրք-սիրիական սահմանը բացելու հարցում, որին միամտաբար համաձայնեց Սիրիայի նախագահը:

Այդ ժամանակահատվածն իր համար փայլուն օգտագործեց Թուրքիան և առևտրական գործարքների անվան տակ, անարգել կերպով՝ բաց սահմանով ահռելի զինամթերք և մարդուժ մտցրեց Սիրիա: Լրիվ դիրքավորվելուց հետո, ինչպես սովորաբար լինում է, Սիրիայում առկա, ծախված արկածախնդիրների՝ «ընդիմադիրների» մոբիլիզացմամբ, որոնց շարքերում մեծ թիվ էին կազմում նաև Թուրքիայից և այլ երկրներից Թուրքիայով անցած իսլամիստները, նրանք սկսեցին իրենց ռազմական գործողությունները, տակնուվրա անելով ինչ պատահի՝ կանգ չառնելով ոչնչի առջև:

Ռազմական գործողությունների հենց սկզբից տեսանելի էր, որ դրանք լուրջ ուժեր են, չափազանց լավ պատրաստված, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ երկրների կողմից ռազմական և ֆինանսական միջոցներով՝ համակարգված կերպով մատակարարվող և կյանքի գնով անգամ պատրաստ՝ կատաղի պայքար ծավալել սիրիական իշխանությունների դեմ, շատ հաճախ չխնայելով նույնիսկ խաղաղ բնակչությանը: Եկել էր ԱՄՆ-ի համար բաղձալի պահը, երբ հազվագյուտ առիթ էր ստեղծվել ծնկի բերելու հպարտ Սիրիային և ինչու ոչ, միաժամանակ նաև բավարարելու իր երբեմնի մեծ ախորժակը:

Լավ, ախորժակը՝ ախորժակ, բայց մի՞թե բրյուսելյան վերջին դեպքերը դաս չեն դառնում հենց նույն Ամերիկայի համար, որ վաղ, թե ուշ (կարծում եմ, շատ չի ուշանա) այդ իսլամական չարիքը չոքելու է նաև ԱՄՆ-ի ոտքերի առաջ, որպեսզի զգոնանա և աշխարհի այլ հզորների հետ՝ ուս-ուսի տված, կոնկրետ քայլեր ձեռնարկեն աշխարհակործան՝ այդ իսլամական չարիքի դեմ: Ռուսաստանը, որի նկատմամբ Սիրիան միշտ էլ համակրանքով է լցված եղել և երկուստեք համաձայնությամբ՝ մշտապես փոխշահավետ տնտեսական գործունեություն է իրականացրել Սիրիայում, չէր կարող անտարբեր մնալ ԱՄՆ-ի ծավալած նմանատիպ գործունեության նկատմամբ: Նա ուղղակիորեն գլուխ բարձրացրեց ԱՄՆ-ի դեմ և սկսեց բացահայտորեն պաշտպանել իր դաշնակից Սիրիային, դրանով զսպվածության սերմեր ցանելով Ամերիկայի դաշտում, այդ հարցում նրան հաղորդելով մեծ զգոնություն:

Փաստորեն, Ամերիկան այլևս կորցրեց Սիրիայի դաշտում գործելու իր մենատիրությունն ու ազատությունը և ստեղծված վիճակում պարտադրված էր դիվանագիտական բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ սկիզբ առած Սիրիական «քաղաքացիական պատերազմը»՝ իբր ժողովրդավարության քիմքին բնորոշ մոտեցումներով լուծելու համար, որն արտահայտվում էր՝ հալածված ընդդիմությանը սատարելու և բռնակալ նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու մարտավարությամբ, որն էլ իր հերթին հրաշալի հասկանում էր Ռուսաստանը:

Եթե անկեղծ լինենք, ապա Ռուսաստանը փայլուն կատարեց այն միսիան, որը դրել էր իր առջև: Փաստացի, սիրիական պատերազմի հարցը ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար վերափոխվեց և տեղափոխվեց դիվանագիտական հարաբերությունների մակարդակ, իսկ Թուրքիան ինչպես միշտ, այսօր էլ իր սատանայական, քողարկված դիվանագիտությամբ՝ հիմնականում իսլամիստական ուժերով, շարունակում է արյունալի պատերազմը, հիմնովին ավերելով և հողին հավասարեցնելով Սիրիայի սիրտը՝ Հալեպ քաղաքը և բազմաթիվ այլ բնակավայրեր:

Վստահաբար կարելի է շեշտել, որ այսօր Հալեպ քաղաք՝ որպես այդպիսին, արդեն չկա, այն վերածվել է մոխրակույտի, իսկ քաղաքի բնակչությունը, այդ թվում նաև տասնյակ հազարավոր հայեր, մի կերպ՝ մազապուրծ փախել են այնտեղից, սփռվելով աշխարհով մեկ: Բազմահազար զոհերի մեջ քիչ չեն նաև ազգությամբ հայերը: Համոզված հայտարարում եմ, որ իր բազմապիսի նպատակներին զուգահեռ, Թուրքիան նպատակամղված իրականացնում է իր երկրորդ հայկական եղեռնը, այս անգամ սիրիահայերի նկատմամբ: Թուրքիայի համար կարևորն այն է, որ նրանք հայ են: Մեծ եղեռնի զոհերի ժառանգներն այսօր նույն Թուրքիայի ձեռքով ապրում են երկրորդ եղեռնը, քանզի համատարած զոհերը, բռնություններն ու տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան դասական եղեռն…

Կարծում եմ, որ աշխարհի բոլոր հայերը հասկանում են կատարվածը:

 

 

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031