Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում գրանցված 4 կրոնական կառույց ղեկավարում է նույն անձը

Մարտ 28,2016 12:45

«Հայաստանում գրանցված են 7 տասնյակից ավելի կրոնական կառույցներ, որոնցից շատերը ոչ ավանդական կրոնական կազմակերպություններ են` աղանդներ: Որոշները ոչ կրոնական գործունեությամբ են զբաղված»,-այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը:

«Մեր տեղեկություններով` չորս կրոնական կազմակերպությունների ղեկավարը միեւնույն անձն է: Չորս կազմակերպություններն էլ գրանցված են որպես տարբեր դավանանքի կրոնական կազմակերպություններ: Ծիծաղելի փաստ ենք արձանագրում` եթե մի մարդ հանդիսանում է մեկ կրոնական կազմակերպության ղեկավար, չի կարող չորս դավանաբանության հարել: Հետեւաբար, այդ կազմակերպություններ չեն զբաղվում կրոնական գործունեությամբ: Պետական մարմիններին կոչ եմ անում ստուգումներ անցկացնել»,-նշեց նա:

Աղաջանյանը հավելեց, որ չեն կարողացել պարզել, թե նշյալ կառույցներն ինչ գործունեություն են ծավալում:. «Մեկի անունը կապված է Միացյալ նահանգների, մյուսինը` Ֆրանսիայի հետ: Իմ կարծիքով` դրսից եկող գումարների հետ է խնդիրը կապված»:

Բանախոսը հիշեցրեց, որ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, թե որ կազմակերպությունները կարող են կոչվել կրոնական. «Այդպիսիք կարող են կոչվել այն կազմակերպությունները, որոնք ունեն 200-ից ավելի անդամներ եւ հարում են ինչ-որ դավանանքի»:

Սեւան Աղաջանյանը նաեւ նկատեց, որ օրենքն արգելում է հոգեւորսությունը, սակայն չի սահմանում, թե ինչ է նշանակում «հոգեւորսություն»:

«Եթե այդ տերմինը դիտարկենք միջազգային տարբերակով, ապա հոգեւորսություն է համարվում, երբ հոգեկան եւ ֆիզիկական տարբեր ճնշումների միջոցով մարդկանց համոզում են ինչ-ինչ գործողություններ կատարել` ներքաշելով որոշ կրոնական խմբավորումների մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Amaryan

Ինչ վերաբերում է նշյալ չորս կազմակերպություններին, Ամարյանի խոսքով` դրանց գրանցումն օրինական է, իսկ գործունեությունը` ոչ. «Ակտիվ մասնակցում են քաղաքականությանը, ու քանի որ արտասահմանյան կառույցի ներկայացուցիչներ են, ոչ հայահաճո գործ են անում: Հասարակ հավատացյալների մասին ոչինչ չեմ ասի, որովհետեւ նրանք իսկական հավատացյալներ են, իսկ ահա հոգեւոր ղեկավարությունը զբաղված է փողերի լվացումով: Ֆինանսավորումն էլ ԱՄՆ-ից է, ինչը մեր օրենքով արգելված է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031