Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքի քննությունը հետաձգվեց

Մարտ 28,2016 11:53

2015 թ. մարտի 24-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Պողոսյանի, սկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից 2015 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: Բողոքի քննությանը մասնակցում էին Ա. Սաքունցի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը և ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանը: Դատարանի կողմից բացարկի միջնորդությունների ներկայացման անհրաժեշտության բացակայությունը ճշտելուց հետո Դատարանն անցավ բողոքի ըստ էության քննությանը: Ա. Սաքունցի ներկայացուցիչ Ա. Զալյանը միջնորդություն ներկայացրեց, որով խնդրեց պահանջել ՀՀ Գլխավոր դատախազությունից դատարան ներկայացնել հարուցված քրեական գործի նյութերը, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման իրավաչափությունը կարող է հիմնավորվել այդ նյութերով: Դատարանը նախ տեղեկացրեց, որ Հ. Ենոքյանի կողմից նախապես դատարան ներկայացված գրությամբ հայտնվել է, որ գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, և չեն ներկայացվել քրեական գործի նյութերը:

Դատարանը փորձեց ճշտել դատախազի կարծիքը միջնորդության վերաբերյալ. վերջինս չառարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն իր դատավարական վերահսկողության ներքո չի գտնվում, որի պատճառով էլ նյութերը դատարան չեն ներկայացվել: Դատարանը որոշեց հետաձգել Ա. Զալյանի միջնորդությունը՝ նշելով, որ դրան կանդրադառնա հետագայում: Ա. Սաքունցի ներկայացուցիչն իր բողոքով նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. սեպտեմբերի 18-ին «Հրապարակ» համացանցային լրատվական կայքում հրապարակված «Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ» վերնագրով նյութի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որի կողմից էլ հետագայում կայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Սաքունցի նկատմամբ կայացվել է բերման ենթարկելու մասին որոշում, իսկ այնուհետև նա հարցաքննվել է սուտ մատնություն կատարելու հանգամանքների շուրջ:

Ա. Սաքունցի կողմից դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու պահանջով, սակայն ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ Ա. Սաքունցի դիմումը չի քննարկվել, քանի որ կայացված որոշմամբ կամ գործողությամբ նրա իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել: Բողոքով Ա. Զալյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ հաղորդում ներկայացրած անձի և վկաների գործողությունների հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության կողմից սուտ մատնության հիմքով քրեական գործ հարուցելն ակնհայտ անօրինական է, ոչ իրավաչափ և հետապնդում է իրավապաշտպանի ու լրատվական միջոցի ներկայացուցիչների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ, հատկապես այն դեպքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը նպատակ է հետապնդել իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել համացանցային լրատվական միջոցով հրապարակված նյութին, որպեսզի իրավական գնահատական տրվի կատարվածին: Դատարան ներկայացված բողոքում հիմնավորումներ էին ներկայացվել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից որոշման բողոքարկման իրավունքի, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության կողմից Ա. Սաքունցին գրությամբ պատասխանելու ոչ իրավաչափության վերաբերյալ:

Այդպիսով, Ա. Զալյանը խնդրեց բավարարել ներկայացված բողոքը, որով Ա. Սաքունցը խնդրել էր որոշում կայացնել իր իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու մասին, վերացնել ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Հ. Ենոքյանի՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, իրավական գնահատական տալ Հ. Ենոքյանի կողմից հաղորդում ներկայացրած և վկայի կարգավիճակ ունեցող իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, պարտավորեցնել Հ. Ենոքյանին տրամադրել պատասխան՝ Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ: Նախագահող դատավորը որոշ հարցեր ուղղեց Ա. Սաքունցի ներկայացուցչին՝ բողոքով ներկայացված պահանջների վերաբերյալ: Միաժամանակ, Դատարանն անհրաժեշտ համարեց պարզել, թե արդյոք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված գրությունը կարող է դիտվել որպես հանցագործության մասին հաղորդում:

Ա. Զալյանը նշեց, որ գրությամբ վերարտադրվել է ԶԼՄ հրապարակման բովանդակությունը, բացի դրանից՝ միայն Կազմակերպության կողմից հաղորդում ներկայացնելուց հետո են նյութեր նախապատրաստվել դեպքի առթիվ, չնայած, որ լրատվական միջոցների հրապարակումները ևս հանդիսանում են հանցագործության մասին հաղորդում: Ներկայացված բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց դատախազ Հ. Ենոքյանը: Վերջինս նշեց, որ բողոքով ներկայացված պահանջները չեն բխում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակներից, իսկ ինչ վերաբերում է Ա. Սաքունցի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու պահանջին, ապա Հ. Ենոքյանը նշեց, որ կայացված քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ Ա. Սաքունցի իրավունքները և ազատությունները չեն խախտվել, քանզի որոշումը նրա իրավունքները և ազատությունները խախտող տեղեկություններ չի պարունակում: Նա հիմնավորումներ ներկայացրեց նաև այն մասին, որ Ա. Սաքունցն իրավունք չուներ բողոքարկելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը՝ պատճառաբանելով, որ այն չի առնչվում նրա իրավունքներին և օրինական շահերին:

Այդպիսով, Հ. Ենոքյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը: Նախագահող դատավորի հարցերին ի պատասխան նա հայտնեց, որ հաղորդում է դիտարկվել ոչ թե Ա. Սաքունցի գրությունը, այլ դրանում հղում կատարված ԶԼՄ հրապարակման մեջ բովանդակվող տեղեկատվությունը: Դատարանն անցավ բողոքին կից ներկայացված նյութերի հետազոտմանը, որից հետո, անդրադառնալով Ա. Զալյանի միջնորդությանը, հաշվի առնելով դատախազի կարծիքը, նկատի ունենալով, որ անհրաժեշտ նյութերը ներկայացված են բողոքին կից, որոշեց մերժել միջնորդությունը: Միաժամանակ, աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031