Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես Գրիգոր Հարությունյանը
եւ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:
Լուսինե Բուդաղյան– Եթե մի տարի բնությունը բարեհաճ է գտնվում, ապա հաջորդ տարին գյուղվարկերի տակ գտնվող գյուղացու բերքը կա՛մ ցրտահարությունից է տուժում, կա՛մ երաշտից, կա՛մ կարկուտն է փչացնում: Ասում ենք՝ քաղաքը պահողը գյուղն է, բայց մյուս կողմից՝ գյուղացուն չենք ապահովագրում այդ աղետներից, այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիների փորձով համոզվել ենք, որ Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի աճը հիմնականում գյուղատնտեսության շնորհիվ է: Ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները:
Մեր երկրի հողերի մոտ 30 տոկոսն անմշակ է, արդյոք հողերի պարապուրդի մատնված լինելու պատճառներից մեկն էլ ա՞յն է, որ գյուղացին տարիների ընթացքում հիասթափվել է՝ տեսնելով, որ իր սպասումները բնությունից չեն արդարանում, եւ մեկ օրում ողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվում:
Գրիգոր Հարությունյան – Հանրապետությունում անմշակ հողերը, երեւի, 5% լինեն, թե չլինեն, այնպես չէ, որ լրիվ անմշակ են, վարելահող է, մարդը հացահատիկ է ցանում, բայց կարող է կարկուտը տանի, կամ նորմալ մշակություն չկազմակերպի, պարարտացում չտա, որովհետեւ մենք այսօր գիտենք գյուղացու վիճակը: Նա ի վիճակի չէ բոլոր ծախսերն անել, եւ գյուղացին քիչ եկամուտ ստանալու պայմաններում հողը չի մշակում որպես վարելահող, այլ թողնում է որպես արոտավայր կամ խոտհարք: Այդ հողից գյուղացին խոտ է ստանում կամ անասուն է արածեցնում: Այսինքն՝ հողն անմշակ չէ, օգտագործվում է, ուղղակի արդյունավետ չի օգտագործվում: Եթե գյուղացիները նորմալ մոտենան այդ հարցին, ապա գյուղատնտեսությունը բավականին եկամուտ է ապահովում:
Լ. Բ.– Երբ ցրտահարությունից տուժած գյուղերի գյուղապետերին հարցնում էի, թե ծխահարե՞լ եք այգիները, առատ ջրե՞լ եք, ինչպես որ գյուղնախարարությունն է հորդորում, նրանցից ոմանք ասում էին, որ չէին կարող ջրել, քանի որ ոռոգման սեզոնը ապրիլի 10-15-ից է սկսվում, այսինքն՝ ջրերն այդ ժամանակ են տալիս: Արդյոք առատ ջրելը կամ ծխահարելը օգնո՞ւմ է բույսերին չցրտահարվել, եւ ոռոգման սեզոնի ուշ սկսվելը այսօր խնդի՞ր է գյուղացու համար:
Գ. Հ- Այսօր ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե ինչ աստիճանի է ցրտահարվել, որովհետեւ ցրտահարություն ասվածը հարաբերական է: Այսօր մենք տեսնում ենք ցրտահարված ծիրանենու ծաղիկը, պսակաթերթիկները խաշվել են, եւ մարդիկ մտածել են, որ հարյուր տոկոսով լրիվ ցրտահարվել է: Ոչ, այդպես չէ, պսակաթերթիկների մեջ ջրային մասը շատ է, այդ ջուրը սառում է, եւ նա անմիջապես սառչում է, բայց առէջների վրա ծաղկի փոշին եւ վարսանդը, որում սպիտակուցներն ավելի շատ են, սպիտակուցներն ավելի ուշ են սառչում, քան ծաղիկները: Տարիների փորձը ցույց է տվել, որ եթե փոշոտում կատարած ու պտուղը ձեւավորված լինի, այդ ժամանակ ջուր է լինում արդեն ձեւավորված պտղի մեջ, այ, այդ ժամանակ պտուղները կցրտահարվեն, իսկ այն պտուղները, որոնք փոշոտում չեն կատարել, շատ քիչ կցրտահարվի: Մենք այս տարի թե՛ Արարատյան դաշտում, թե՛ նախալեռնային գոտում ծիրան կունենանք, եւ բավականին շատ: Անցյալ տարի այս ժամանակաշրջանում ցրտահարություն եղավ: Արարատյան դաշտում գյուղացիները բողոքեցին, որ ծիրանը ցրտահարվել է, հետո ծիրանի ձեռքը կրակն էին ընկել, չգիտեին՝ ոնց վաճառեն, այնքան շատ ծիրան կար:
Լ. Բ.- Ուրցաձորը ցրտահարությունից տուժած համայնքներից մեկն է, նախնական հաշվարկներ կա՞ն, թե որքան է տուժել արդեն ծաղկած բերքը:
Ռաֆիկ Անդրեասյան- Ցուրտ է եղել, բայց թե բույսերի վրա ազդել է, թե ոչ՝ դեռ վաղ է դրա մասին խոսելը: Կերեւա 15-20 օրից՝ մինչեւ պտղաթափությունն ավարտվի: Բայց ես ուզում եմ անդրադառնալ ծխահարելուն, առատ ջրելուն: Նախ՝ հնարավոր չէ այդ ամբողջ այգիները միաժամանակ ջրով ապահովել, անհիմն բաներ են: Ենթադրենք, ես ապրում եմ մի համայնքում, որտեղ 9 ջրատարներ են, այդ 9 ջրատարն անգամ եթե մենք ջրով ապահովենք, միեւնույն է՝ 15-20 տոկոս մարդիկ կարող էին ջրել: Բայց միեւնույն դեպքում վտանգ կա, մեծերից եկած խոսք կա` ծաղիկ ժամանակ բույսին չեն ջրում, ծաղկավիժում կտա, այդ վտանգն էլ կա:
Գ. Հ.– Պոմիդորը, վարունգը, այսինքն` բանջարանոցային մշակաբույսերը 3-4 օրը մեկ ջրում են եւ անընդհատ ծաղկած է: Եթե ծաղկի վրա պետք է ազդի, ուրեմն մենք պետք է բերք չստանանք: Առվի ափի ծառերը, օրինակ, անընդհատ ջուրը գնում է նրանց կողքով: Եթե ծաղկած ժամանակ ինքը ծարավ է, ավելի շատ ծաղկավիժում կանի, քան ջրելով, որովհետեւ ինքը ջրի կարիք ունի, որպեսզի այդ պտուղը կարողանա ձեւավորի: Պետք է ջուրը տրամադրել մինչեւ ծաղկելը
Լ. Բ.– Պարոն Հարությունյան, պարզ է, որ բյուջեի սղության պատճառով չենք կարող ներդնել բույսերը այդպիսի երեւույթներից պաշտպանելու զարգացած երկրների փորձը, բայց ժամանակակից աշխարհում կա՞ն այնպիսի մեթոդներ, որոնք քիչ ծախսեր են պահանջում, պարզապես գիտելիքի, փորձի պակասի պատճառով չեն ներդրվում մեր երկրում: Դուք ձեր այգիներն ինչպե՞ս եք պաշտպանում:
Գ. Հ.- Երկու-երեք տարի գյուղնախարարությունը սուբսիդիայի կարգով ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր է տրամադրում գյուղացիներին, հենց դա մատնանշած միջոցառումներից մեկն է, որոնք նպաստում են ցրտադիմացկունության բարձրացմանը: Կարող է թույլ ծառ լինի, -9 ջերմաստիճանի տակ ցրտահարվի, բայց մյուսը չցրտահարվի: Մարդն էլ է նույնը՝ երկու մարդ դրսում ցրտին կանգնեն՝ կարող է մեկը թոքաբորբով հիվանդանա, մյուսը չհիվանդանա: Կարո՞ղ ենք ասել, որ այդ 9 աստիճանն ազդեց մարդու վրա, չէ, դա հարաբերական հասկացողություն է, դրա համար ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերն արդեն երեք տարի է՝ սուբսիդավորվում են, եւ ծառերն ավելի քիչ են մրսում: Այսօր գյուղացին հնարավորություն չունի հակակարկտային ցանցերով այգիները պատել, դրանք թանկ արժեն, գյուղացիների եկամուտները քիչ են: Մեր գյուղացիների հողերը կտրատված են՝ 1 հեկտար, կես հեկտար, 6 հազար մետր, այդքան մետրով նա չի կարող եկամուտ ապահովել, ինքն այդքանով կարողանում է ապահովել վերարտադրություն: Իսկ մեծ ֆերմերները կարողանում են հակակարկտային կայաններ, կաթիլային համակարգ եւ այլն տեղադրել:
Լ. Բ. – Պարոն Անդրեասյան, կարո՞ղ ենք ասել, որ գյուղերում արտագաղթի պատճառներից մեկն էլ գյուղացու՝ գյուղվարկերի տակ լինելն ու աղետներից անպաշտպան լինելն է:
Ռ. Ա – Գյուղվարկերից ո՞ւր պետք է փախչեն: Մարդիկ ավելի բարձր եկամտով աշխատանք են փնտրում: Այսօր մեր հանրապետությունում ամենառիսկային ոլորտը գյուղատնտեսությունն է, ընդհանրապես աշխարհում է ամենառիսկային ոլորտը: Այսօր ապահովագրական կազմակերպությունները ապահովագրում են ուսուցիչներին եւ այլն, գիտեն, որ այդ մարդիկ ամեն ամիս իրենց աշխատավարձը ստանում են, վճարունակ են, եւ ապահովագրում են, սակայն գյուղատնտեսությունը չեն ապահովագրում, որովհետեւ ռիսկային է: Պատկերացնո՞ւմ եք, ինչ հսկայական վնաս կլինի, որ հաշվարկենք ու տեսնենք, որ Աստված մի արասցե, ծիրան չունենք: Եթե փողի վերածենք, մի քանի միլիարդների վնաս կլինի: Այդքան մեր գյուղացու, բանվորների գրպանը չի մտնելու, իսկ սա կարող է բերել շատ վատ հետեւանքների, եւ բանկերն էլ կարող է չհասցնեն այդքան վարկ տրամադրել:
Լ. Բ.– Ամեն անգամ, երբ կարկուտից, ցրտից տուժում է գյուղացու բերքը, գյուղապետերից մարզպետարանները վնասների չափն են ուզում, գյուղապետերը՝ փոխհատուցում ակնկալում, այդ փոխհատուցումը որոշ դեպքերում լինում է կամ չի լինում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի գյուղացին կախված չլինի փոխհատուցումներից:
Գ. Հ.– Պետք է շատ աշխատեն, եթե գյուղացին շատ աշխատի, լավ կապրի: Գյուղացի կա, որ առավոտից երեկո պարապ ման է գալիս, սրանից-նրանից ծխախոտ է ուզում, եւ պարզ է՝ այդ գյուղացին չի կարող լավ ապրել, իսկ կա գյուղացի, որ իր հողատարածքները, այգիները մշակում է եւ շատ լավ ապրում է:
Քննարկումն ամբողջությամբ`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2016