Լրահոս
Օրվա լրահոսը

«95-ից սկսած՝ ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի տերը մենք ենք»

Մարտ 28,2016 14:30

Շարմազանովը ՀՀՇ-ականներին ուղղում է՝
իրանց ժամանակը ո՞րն է, կարո՞ղ է մենք ընդդիմությունում ենք եղել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ հպարտանում է երկնիշ տնտեսական աճով, որը եղել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք: «Առավոտը» ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ դա Անդրանիկ Մարգարյանի գործունեությա՞ն արդյունքն էր, թե՞, այնուամենայնիվ, հենց Ռոբերտ Քոչարյանի: Նա պատասխանեց. «Ես չեմ ուզում բաժանել: Դա լուրջ քաղաքական թիմի միասնական աշխատանքի արդյունքն էր: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ մեր կոալիցիոն գործընկերներն այդ ժամանակ՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն են եղել: Բայց հիմնական բեռը, իհարկե, ընկած է եղել ՀՀԿ-ի վրա, որովհետեւ դա եղել է Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը: 95-ից մինչ օրս ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն: Վազգեն Սարգսյանի վարչապետությունից սկսած՝ ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Արամ Սարգսյանի, ե՛ւ Անդրանիկ Մարգարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ժամանակ քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն էր, դա նշանակում է, որ հավասարապես ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի տերը մենք ենք: Չեմ ուզում արհեստական բաժանումներ անել, բայց Անդրանիկ Մարգարյանի դերը եղել է շատ էական»:

Մեր հարցին՝ կառավարության կազմը կապ չունի՞, օրինակ՝ երբ համեմատում ենք Անդրանիկ Մարգարյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, տարբերությունն ակնհայտ է, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Ե՛վ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, այնուամենայնիվ, դա կուսակցության ծրագիրն է եղել, այսօր էլ Հովիկ Աբրահամյանն է: Իհարկե, ես այն կարծիքին չեմ, որ անձը կապ չունի: Անձը ամեն ինչում կապ ունի՝ իր սուբյեկտիվ գործով: Չեմ ուզում հիմա վերլուծենք Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը, տարբեր ժամանակներում են եղել: Մեր քննադատները, որոնք իրենց վրա են վերցնում տնտեսական միակ աճի դափնիները, մեզ ասում են՝ բա մեր ժամանակ սե՞նց ա եղել: Լավ, իրանց ժամանակը ո՞րն է, կարո՞ղ է մենք ընդդիմությունում ենք եղել: Իրենց ժամանակը նաեւ մեր ժամանակն է եղել»:
Նա ՌԴ նախագահի օրինակը բերեց, որ Պուտինի առաջին նախագահության շրջանում Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ լավ էր, բայց հիմա աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով՝ ՌԴ-ն Պուտինի իշխանության օրոք լավ վիճակում չէ. «Մենք չենք ապրում միապետական ավտորիտար համակարգում, երբ ամեն ինչը լյուդովիկոսներն են որոշում, կամ ամեն ինչը մի անձից է կախված: Անդրանիկ Մարգարյանը, լինելով ՀՀԿ առաջնորդ, թիմային խաղացող էր, պետական գործիչ էր, եւ ցանկացած որոշում կայացնելիս ինքը խորհրդակցում էր մեր գործընկերների հետ»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031