Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբանանահայ սոպրանոն «կամրջում» է հայաստանցի եւ սփյուռքահայ արվեստագետներին

Մարտ 28,2016 13:00

Առաջին անգամ հայրենիքում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ապրիլի 3-ին կկայանա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի (լուսանկարում) մենահամերգը:

Մեր հայրենակցուհին պրոֆեսիոնալ բեմում է 2007թ., մինչ այդ հանդես է եկել Համազգայինի «Գուսան», կաթողիկոսարանի «Շնորհալի» եւ այլ երգչախմբերում: Ուսումը ստացել է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում, Թագուհի Թեքյան-Խաչերյանի դասարանում: Մենահամերգներով հանդես է եկել Բեյրութում, Կիպրոսում, Սիրիայում: Առաջին անգամ երգչուհին 1-2 ստեղծագործությամբ հայաստանցի ունկնդրին ներկայացել է 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին եւ «Հայ երգի օրը» միջոցառմանը, 2015-ին էլ, դարձյալ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում՝ «Երգում ենք Կոմիտաս» երեկոյին հանդես է եկել միայն կոմիտասյան երգերով:

«Առավոտի» հետ զրույցում Շողիկ Թորոսյանը նշեց, որ Լիբանանում կամ այլ երկրներում հյուրախաղային երեկոների ծրագրերում անպայման հնչեցնում է Կոմիտաս, հոգեւոր երաժշտություն, հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, ինչպես նաեւ արիաներ հայկական եւ արեւմտաեվրոպական օպերաներից: Ստեղծագործական կապը չի խզել այն երգչախմբերի հետ, որոնցում ժամանակին հանդես է եկել իբրեւ երգչախմբի արտիստ, բնականաբար՝ հիմա արդեն այդ կոլեկտիվների կողմից հրավիրվում է իբրեւ մեներգչուհի, դասավանդում է նաեւ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում: Հաճախ հրավիրվում է տեղական եւ միջազգային մրցույթների՝ իբրեւ ժյուրիի անդամ:

Shoxik_Torosyan-2

Շողիկ Թորոսյանն ու Ջիվան Գասպարյանը:

Կայանալիք երեւանյան մենահամերգում էլ կհնչեն կոմիտասյան եւ հոգեւոր երաժշտության գանձերից, Բարսեղ Կանաչյանի, Արտեմի Այվազյանի, Գաբրիել Երանյանի երգերից, ինչպես նաեւ Անուշի ու Կարինեի արիաները՝ Տիգրանյանի եւ Չուխաջյանի համանուն օպերաներից: Երգչուհուն կնվագակցեն դաշնակահարուհի Տաթեւիկ Եսայանցը եւ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան):

«Հայրենիք առաջին այցիս ժամանակ կոմպոզիտոր Գեւորգ Մանասյանին ներկայացրի լիբանանահայ ճանաչված բանաստեղծ Աշոտ Բագրատունու «Վարդ մը գետինը» ստեղծագործությունը, որն ինձ է նվիրված: Տողերով հիացած կոմպոզիտորն անմիջապես այն վերածեց ռոմանսի, եւ 1-2 օրից հայրենիք կժամանի նաեւ Բագրատունին, ով մենահամերգիս ընթացքում առաջին անգամ կունկնդրի իր բանաստեղծությամբ գրված ռոմանսը: Մեկ անակնկալ ունեմ եւս: Համաշխարհային օպերային գրականության գանձարանից պատրաստել եմ նաեւ մի արիա: Վստահ եմ, այն անգիր գիտեն նույնիսկ դասական երաժշտարվեստը ոչ այնքան շատ նախընտրողները: Դա կներկայացնեմ ժողովրդական գործիքների անսամբլի նվագակցությամբ: Ուզում եմ նշել մաեստրո Դավթյանի պրոֆեսիոնալիզմը եւ անսամբլի երաժիշտների բարձր պատրաստվածությունը: Ինչպես ասում են՝ հանաք-մասխարություն չէ դասական երաժշտությունը հնչեցնել ժողգործիքների անսամբլով»,- հայտնեց Շողիկ Թորոսյանը:

Shoxik_Torosyan-3

Շողիկ Թորոսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի հետ:

Հետաքրքրվեցինք լիբանանյան սփյուռքի մշակութային կյանքով: Արվեստագետի ձեւակերպմամբ, մինչեւ պատերազմը (1970-ականներ) անասելի աշխույժ է եղել Բեյրութի մշակութային կյանքը, այդ թվում՝ դասական երաժշտարվեստի մասով, իսկ պատերազմական տարիներին մշակույթի մասին ակնարկելն անգամ տեղին չէր. «1990-ականներից հետո, մշակույթը կամաց-կամաց «վերադառնում» է: Ինքս դա զգում եմ, օրինակ, մենահամերգների ժամանակ. դահլիճները լեփ-լեցուն են եւ ուրախալի է, որ դասական համերգներին հաճախում են նաեւ երիտասարդները: Աշխուժացել է նաեւ թատերական կյանքը…»: Երգչուհին նշեց «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում իրականացվող բարձրակարգ ուսման մասին. «Դա նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսական կազմի շնորհիվ է, քանի որ երաժշտանոցում տարբեր առարկաների ու մասնագիտությունների գծով Երեւանի կոնսերվատորիայի դասախոսները հաճախ են անցկացնում վարպետության դասեր»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031