Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր պատերազմը եւ մեր հաղթանակը

Մարտ 28,2016 12:00

Հայաստանն ու Ղարաբաղը դեռեւս գտնվում են ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում: Ադրբեջանի կողմնակիցներն ու անձամբ կրտսեր Ալիեւը Ղարաբաղին ու Հայաստանին զավթիչներ են համարում, եւ չէի ասի, թե մենք այդ որակումից շատ ենք վրդովվում ու նեղվում: Ավելին՝ նույնիսկ ներքուստ շոյվում էլ ենք: Որովհետեւ մշտապես բարդույթավորված ենք եղել զավթվածի ու կոտորվածի հոգեբանությամբ ու բարդույթներով: Հիմա, երբ մեզ արդեն զավթիչներ ու ագրեսորներ անվանողներ էլ կան, մենք միանգամայն այլ կարգավիճակում ենք մեզ զգում, ներքուստ նույնիսկ հպարտանալով, որ մեզ միանգամայն լրջորեն հաշվի են առնում, ընդ որում՝ միջազգային կարեւորագույն ատյաններում:

Որովհետեւ մենք հոգնել ենք մեզ տանջված, հալածված ու նվաճված համարելուց, եւ երբ Ադրբեջանի կողմնակիցներն ու անձամբ Ալիեւը մեզ զավթիչ կամ նվաճող են անվանում, մենք առանձնապես չենք էլ փորձում հերքել ու ասել, որ մենք ոչ թե ուրիշի երկիրն ու հողն ենք գրավել, այլ ընդամենը մնացել ու ապրում ենք մեր դարավոր ու պապենական հողի վրա՝ Լեռնային Ղարաբաղում:

Իհարկե, հաղթողի ամբիցիաների մեջ ընկղմվելն էլ է վտանգավոր, մանավանդ որ՝ հաղթանակը վերջնական չի, եւ, փաստորեն, պատերազմը շարունակվում է թե՛ դիվանագիտական եւ թե՛ ռազմական ասպարեզում, եւ վտանգ կա, որ մեր հաղթական տրամադրություններն ու զգացողությունները կարող են պոռոտախոսության վերածվել, եւ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենալու համոզվածությունը կարող է նաեւ ավելորդ ինքնավստահություն ներշնչել:

Հաղթանակով բոլորս ենք հպարտանում, բայց, այդուհանդերձ, բոլորս էլ հասկանում ու գիտակցում ենք, որ հաղթանակը վերջնական չէ: Հաղթանակով բոլորս հպարտանում ենք, բայց յուրաքանչյուրս տարբեր կերպ է հպարտանում: Նրանք, ովքեր անմիջականորեն մասնակցել են պատերազմին, պատերազմի մասին այլ կերպ են խոսում ու մտածում, քան չմասնակցածներս: Չնայած մասնակցածներն էլ են տարբեր կերպ խոսում ու տարբեր կերպ մտածում: Տարբեր կերպ էլ հպարտանում են: Եվ չեն էլ կարող նույն կերպ մտածել, որովհետեւ, այնուամենայնիվ, կեցությունն է որոշում գիտակցությունը: Մեկը պատերազմից վերադարձել՝ մեծահարուստ ու պատգամավոր է դարձել, մյուսը հազիվ է գոյությունը քարշ տալիս, երրորդն Ազատության հրապարակում իշխանափոխություն է պահանջում, չորրորդը կալանավայրում հացադուլի մեջ է… Բնական է, որ այս մարդիկ չեն կարող նույն երեւույթի մասին նույն կերպ մտածել՝ ներառյալ նաեւ պատերազմի ու հաղթանակի: Չմասնակցածներս էլ ենք տարբեր կերպ մտածում: Մեկը շարունակ նվնվում ու դժգոհում է՝ հիշելով ցուրտ ու մութ տարիները, մյուսը, ընդհակառակը, հպարտանում է, որ անտրտունջ հաղթահարել ենք պատերազմի դժվարին տարիները, ընդ որում՝ միասին ենք հաղթահարել:

Բայց առանձին-առանձին ու տարբեր կերպ ենք հպարտանում: Թե՛ մասնակիցները եւ թե՛ չմասնակցածներս:

Չնայած, մեծ հաշվով, չմասնակցածներ չկան: Մեծ հաշվով՝ միասին ու միասնաբար ենք պայքարել ու դիմակայել, դրա համար էլ հաղթել ու շոշափելի արդյունքի ենք հասել: Ի տարբերություն այլ բնագավառների:

Հաղթանակի պտուղներն իսկապես անհավասար են բաշխվել, եւ դա իսկապես մտահոգիչ է եւ մտորումների տեղիք է տալիս: Եվ շարունակելու է տալ: Եվ պիտի մշտապես այս մասին մտածենք: Եվ պիտի փորձենք ելքեր գտնել: Եթե, իհարկե, ուզում ենք, որ հաղթանակը իրական ու վերջնական լինի:

Այլապես մեր թշնամուն կկորցնենք եւ կսկսենք նրան մեր մեջ փնտրել:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031