Արվեստն ու մշակույթը կերտում են մարդուն, իսկ էթնիկ արվեստն
ու մշակույթը կերտում ու պահպանում են ազգային տեսակը
«Հայասա» ֆոլկ բենդն այս առաքելությամբ է առաջնորդվում՝ պահպանել, կրել ու սեփական ուժերով փոխանցել հինը, արժեքավորը, մերը ու հայկականը:
«Հայասա» ֆոլկ բենդը գրեթե երկու տարեկան է: Չնայած իր «երտասարդ տարիքին»՝ հասցրել է շրջագայել Հայաստանի մի շարք մարզերում եւ ձեռք բերել հավատարիմ լսարան:
Մարտի 25-ին կայացավ «Հայասա»-ի մենահամերգը: Համերգից առաջ զրուցեցինք խմբի կիթառահար, վոկալիստ Գայանե Ավդալյանի հետ:
-Գայանե, ինչո՞վ է պայմանավորված խմբի անունը` «Հայասա»:
Կարդացեք նաև
-«Հայասա» անունը շատ պատահաբար է որոշվել: Խմբի առաջին կազմի 12 հոգանոց մեր թիմը համերգից ընդամենը րոպեներ առաջ մտածում էր` ինչ կարելի է դնել խմբի անունը, որ հնչեղ լինի, եւ քանի որ խումբն ի սկզբանե հենց էթնիկ ռոք եւ էթնիկ ջազ ժանրերում է ստեղծագործել, որոշեցինք «Հայասա»: Այն իր մեջ ներառում է եւ՛ ազգային գաղափարը, եւ՛ հայկականությունը:
-Ինչպե՞ս կազմավորվեց խումբը:
-Խմբի առաջին կազմը ֆիլհարմոնիայի պետական նվագախմբի անդամներն էին, ովքեր հավաքվեցին մեկ խմբի ներքո: Սկզբում ներկայանում էինք մենահամերգներով մարզերում, Երեւանում, կատարում էինք ջազ եւ էթնիկ գործեր: Իսկ ներկայիս կազմը չորս անդամներից է բաղկացած՝ դաշնակահար՝ Արման, կիթառահար՝ Երվանդ, ֆլեյտահար՝ Մանանա եւ ես:
– Գայանե, մարտի 25-ին «Երեւան» մշակույթի կենտրոնում կայացավ Ձեր մենահամերգը: Ինչպե՞ս առաջացավ մենահամերգ ունենալու գաղափարը:
-Առաջարկը հենց «Երեւան» մշակույթի կենտրոնինն էր, իսկ մենք էլ սիրով համաձայնեցինք: Վաղուց է՝ չենք հանդիպել մեր հանդիսատեսի հետ, կարիք կա նրանց աչքերին նայելու, զգալու նրանց ջերմությունը ու միասին երգելու:
-Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը «Երեւան» մշակույթի կենտրոնի հետ:
-«Երեւան» կենտրոնում մեզ տրամադրվեց աշխատանքային, փորձերի համար նախատեսված տարածք` մեզ շատ հարազատ Արա Գեւորգյանի միջնորդությամբ: Կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Լեւոն Իվանյանն էլ, տեսնելով խմբի աշխատանքն ու նվիրումը, ամեն կերպ փորձում է աջակցել մեզ՝ համերգներ կազմակերպել, միջոցառումների մասնակից դարձնել: Համերգի նպատակն էր հանդիսատեսին առավելագույնս մոտեցնել մեր ազգային երաժշտությանը եւ թեկուզ մեկ ժամ միասին մեկ հարկի տակ ընտանիքի նման մտածել եւ խորհել երաժշտությամբ:
-Անակնկալներ սպասվո՞ւմ են հանդիսատեսին նոր երգերի տեսքով:
-«Հայասա»-ն շուտով մեկնելու է Ռուսաստան՝ համերգային մեծ շրջագայության, սա առաջին կարեւոր բանն է, որին կարող ենք սպասել դեռ: Հետագայում պլանավորում ենք այց զորամասեր, համերգներ տարբեր շրջաններում: Կարծում եմ՝ երկար չենք սպասեցնի մեր լսարանին:
ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2016