Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորում նշվել է Քրիստոսի Հարության տոնը

Մարտ 27,2016 22:36

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով մարտի 26-ին՝ երեկոյան, Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի կողմից Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կայացավ Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվեցին զատկական տոնակատարությունները և ազդարարվեց Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանի ավարտը: Սբ. Ճրագալույցի լույսը ներկաները Եկեղեցուց տարան տներ: Իսկ 27-ին հոգևոր հայրը եկեղեցու կամարների տակ Տերունական աղոթքով օրհնեց ներկաներին, ովքեր մոմեր վառելով, սպասում էին հոգևոր արարողության սկսվելուն:  Ապա  սարկավագի ու օգնականի հետ, եկեղեցու երգչախմբի կողմից կատարված տոնին համապատասխան շարականների, սաղմոսների հնչյունների ուղեկցությամբ մատուցեց Սուրբ Պատարագը: Հայր Աթանասը տեղեկացրեց, որ Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից, վերադարձ առ Աստված: Նկարագրեց Հիսուսի Խաչելությունը, ապա  Հարությունը, որը խորհուրդն է հոգու անմահությանը:  «Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Դիմելով եկեղեցում գտնվողներին՝ Հայր Աթանասը քարոզեց՝ լինել հավատով, ազնիվ, չհեռանալ Աստծո պատգամներից, սիրել միմյանց: Հիշեցրեց, որ այս տոնը բազում խորհուրդներ ունի իր մեջ՝ արթնանալու, հիշեցնելու, մաքրազերծվելու, վերանորոգվելու, ազնվանալու և այլն: Ցավով խոսեց, որ այսօր ևս աշխարհում կատարվում են  հանցագործություններ, ոճիրներ, պատերազմներ:DSCN8262 DSCN8508

Մոտ 2 ժամ տևած Սբ. Պատարագին ներկա էին շրջվարչակազմի ներկայացուցիչներ, բերձորցիներ, շրջանի տարբեր համայնքների բնակիչներ,  հյուրեր: Ուրախալի է, որ շատ էին մանուկները, ովքեր մինչև վերջ ներկա եղան Սուրբ Պատարագին, արժանի եղան Վարդապետի օրհնանքին, իրենց ներկայությամբ զարդարեցին եկեղեցու ներսն ու բակը: Սուրբ Պատարագից հետո հայր Աթանասը դիմեց առ Աստված, որ Տերը զորավիգ լինի մեր ժողովրդին, աշխարհին պարգևի խաղաղություն, մեր երկրին բարգավաճում, հայ զինվորին հոգու կորով ու զգոնություն, առողջություն, բարի վերադարձ: Խոսեց մեր ժողովրդի առաքելության մասին՝ ասելով, որ հայ ազգը՝ Թորգոմաց տունը, Աստծո ընտրյալն է, և վկայակոչեց Ավետարանը:  Սբ. Համբարձման եկեղեցուն կից ծխական խորհուրդը հոգացել էր տոնի խորհրդանիշ ուտեստների ապահովումը: Հոգևոր արարողության վերջում Հայր Աթանասն օրհնեց զատկական կարմիր հավկիթները, որոնք Հարության և նոր կյանքի խորհրդանիշ են, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Այնուհետև եկեղեցու բակում ներկաները ճաշակեցին դրանք և ըմպեցին կարմիր գինի, իսկ մանուկները նաև իրականացնում էին ժողովրդական դարավոր ավանդույթներից մեկը՝ հավկիթներ կռվեցնելը: Երկուշաբթի կայանալու է Մեռելոց՝ հանգուցյալների շիրիմներին այցելելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031