Ի զորակցություն Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի եւ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների՝ «Հայ կանանց ճակատը» Ազատության հրապարակում մարտի 26-ից ստորագրահավաք է սկսել «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչ Անուշը եւ ազատամարտիկ, վետերան Պարգեւ Բադոյանը, մարտի 28-ին ակտիվությունը մեծ չէ , եւ դա ըստ նրանց` պայմանավորված է նրանով, որ Զատիկ է, ու կանայք ընտանեկան հոգսերով են զբաղված:
Պարգեւ Բադոյանը նշեց, որ ստորագրահավաքին միացած շուրջ 90 անձանց մեծ մասը տղամարդիկ են: Նրա հավաստմամբ, երիտասարդները հիմնականում չեն ստորագրում, բայց բանավոր իրենց աջակցությունն են հայտնում:
«Շատ ակտիվ է մեր «Կանանց» ճակատը, որը էն օրը իր բողոքն արտահայտեց անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի համար… Խեղճ երեխեն ի՞նչ էր արել՝ ընդամենը Ազատության հրապարակ էր մտել արհեստական եղեւնու ճյուղը ձեռքին, հարձակվեցին գցեցին գետնին, ծեծեցին ու տարան, դեռ մի բան էլ դատում են: Փոխանակ էս իշխանություններին դատեն, բռնում մեր երեխեքին են դատում, էդ անմեղ արդար երեխուն ինչի համար են դատում: Եվ դատն էլ անորոշ է, անընդհատ հետաձգում են՝ սա իրավական պետություն է, թե՞ խուլիգանական ու թալանչիական…Ի՞նչ են ուզում ժողովրդից, թող մի հատ գնան օդանավակայան, տեսնեն՝ ինչ է կատարվում, հիմա լաց կլինեմ…Սերժ, Ռոբերտ, Լեւոն, ամենքդ մի 10 կուբամետր փողատեր եք, բերեք գոնե դրեք հայաստանյան բանկեր, թող փողն էլի ձեզ մնա, բայց շրջանառության մեջ մտնի, պետությունը զարգանա, հիմնարկներ բացվեն…Ո՞վ է տեսել նման բան՝ էս աղքատ երկրում 120 հեկտար անմշակ մնացած մելիորացիա արված հող կա»,-նեղսրտեց ազատամարտիկը: Նա տխրում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ ինքն ու երկու որդիները, իր ձեւակերպմամբ, Քրիստոսին ապավինելով, կռիվ են գնացել ու ողջառողջ վերադարձել, որ ուրիշ Հայաստանում ապրեն, մինչդեռ իրենց երազանքը չի իրականացել, ավելին, նույնիսկ հոգեւորականներն են դարձել իշխանությունների կցորդը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ