Լրահոս
Օրվա լրահոսը

Ակսել Բակունցը չէր ծառայել «սպիտակ եւ այլ հակահեղափոխական բանակներում», որոշ տվյալներ ստացել է Շամշյանից

Մարտ 27,2016 17:46

4131 քրեական գործը ութ հատոր էր: Այն հարուցել էր մեր արձակի ասպետներից մեկի՝ Ակսել Բակունցի նկատմամբ:

1936 թվականի օգոստոսի 9-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Բակունցը հեռացվում է ՀամԿ(բ) Կ շարքերից , որից հետո «թույլատրում» են նրան ձերբակալել, ապա՝ կալանավորվել: Կենտկոմը նույն թույլատրությունը տալիս է նաեւ Ալազանի համար: Կենտկոմի բյուրոյի նիստի արձանագրության ժամանակ լսվում է «Հաղորդում հակահեղափոխական տրոցկիստական խմբի գործունեության մասին»:DSCF8631

Մինչդեռ, երբ ծանոթանում էի «Կյորես» հայրենակցական միության կողմից հովանավորված եւ Դավիթ Գասպարյանի կողմից տպագրության պատրաստված Ա.Բակունցի քրեական գործի նյութերին (խմբագիրը իրավագիտության թեկնածու Մարտին Զիլֆուղարյանն է), զարմանքով հայտնաբերեցի, որ առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել վերոնշյալ 1936 թ.օգոստոսի 5-ին, այսինքն, մինչ ձերբակալվելը, մինչն կալանավորվելը, մինչ կուսակցության շարքերից հեռացվելն արդեն իսկ գրողի գործը սարքվել էր :

«Խուզարկության եւ բանտարկության օրդերը» տրվել է պետական անվտանգության մայոր Մուղդուսիի կողմից :

Առգրավվել են Բակունցից վեց տարբեր նամակներ, Զանգեզուրի սցենարը, յոթ տարբեր գրառումներ, երեք նոթատետր, մեկ ընդհանուր տետր, կուստոմսն ու զինգրքույկը:

Համեմատենք մտովի, թե ինչ են հայտնաբերվում այսօր քաղաքական խմբերի վնասազերծման ժամանակ:

Բակունցի անհատական տվյալները լրացնելիս, այսինքն, ինքնությունը ճշտելիս նշվել է, որ նա չի ծառայել «սպիտակ եւ այլ հակահեղափոխական բանակներում», մասնակցություն չի ունեցել զինված խմբերին կամ ապստամբություններին ընդդեմ խորհրդային իշխանության:

Իսկ տան խուզարկության արձանագրության տակ ստորագրվել էր ոչ միայն խուզարկություն կատարողի անունը, տանտիրոջ՝ Ա. Բակունցի, այլ նաեւ, այսօրվա տերմինով ասաց, ընթերական եղել է «տնային կառավարչության ներկայացուցիչը»:

Բակունցին մեղադրել են Հայաստանի գրողների միության հակախորհրդային ազգայնամոլական խմբի ղեկավարներից մեկը լինելու համար:

Հարցաքննությունն իրականացնող ՊԱԿ-ի մայոր Ստեպանովի եւ Մուղդուսիի հարցին, թե դուք ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, Բակունցը պատասխանել է՝ այո, ընդունելով սակայն, որ… եղել է «Նոյեմբեր» անունը կրող, իսկ հետագայում իր գործունեությունն առանց ՀԱՏՈՒԿ անվան շարունակող Հայաստանի գրողների խմբի ղեկավարներից մեկը: Առաջին հարցաքննությունից երկու օր հետո նա նորից ցուցմունք է տալիս, որ իրենց խմբին չէր բավարարում Հայաստանի դրությունը Անդրֆեդերացիայի կազմում. «Իրենք եղել են այն կարծիքին, որ եւ բյուջեի բաշխման եւ արդյունաբերական ու քաղաքային  շինարարության (օրինակ, Դավալուի ցեմենտի գործարանը, երկաթուղու կառուցումը) կուսակցության Անդրերկրոմի եւ նրա ղեկավարների հակահայկական քաղաքականության շնորհիվ Հայաստանը խեղճացած է եւ նյութականորեն ճնշված»:

Ի դեպ, Ա.Բակունցն այդ ժամանակ ցուցմունք է տալիս, թե իր տվյալները ստացել է ցեմենտի գործարանի տնօրեն Շամշյանից. «Նա ինձ ասել է, թե ցեմենտի արտադրության 60 տոկոսը ուղարկվում է Վրաստան» :

Երրորդ հարցաքննությունը, բացի  Մուղդուսիից, վարել է Հատուկ Լիազոր ՊԱԿ-ի կրտսեր լեյտենանտ Մալկովը: Հենց միայն Հատուկ Լիազոր  բառակապակցությունը բավական է պնդելու, որ հատուկ քննչական մարմինն է, ըստ էության, քննել Բակունցին, իրականացրել քննչական գործողություններ նրա գործով:

Ըստ քրեական գործում առկա նյութերի,  ձերբակալվելուց երկու ամիս հետո Ա. Բակունցը դիմել է Կենտկոմի քարտուղար Ամատունուն. «Առաջին անգամ օգտվում եմ ինձ տրված հնարավորությունից ասելու Ձեզ ամբողջ ճշմարտությունը… » :

Խիստ ողբերգական, հակասություններով, դրամատիզմով հարուստ այս նամակն ավարտվում է «Ես խորհրդային Հայաստանի լավագույն արձակագիրն էի (Պրավդա, 1934) հայ խորհրդային գրականության կառքին լծված, թողեք, որ ես մնամ Խորհրդային Հայաստանի դռան հավատարիմ շունը» :

Բակունցն, ըստ էության, հարցաքննվել է տասներկու անգամ:

Վերջին երկու հարցաքննությունների արձանագրությունների ստորագրությունների տակ առկա են գաղտնի քաղբաժնի պետ ՊԱ կապիտան Գեւորգովի եւ՝ ՊԱՎ գաղտնի քաղբաժնի 4-րդ բաժնի պետ  ավագ լեյտենանտ Նիկողոսյանի ստորագրությունները :

Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 1937թ. փետրվարի 4-ին :

Հարցաքննությունների արձանագրությունների տակ չի նշված, թե Բակունցն ունեցե՞լ է պաշտպան, թե ոչ, թեկուզ ձեւական արձանագրված:

Գործը դատարան ուղարկելուց առաջ վերջին անգամ են հարցաքննում նրան, եւ 1937թ. փետրվարի 4-ի հարցաքննության ժամանակ հնչած հարցին, Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք, Բակունցը պատասխանել է. «Ոչ , չեմ ճանաչում »:

Այս գործով մեղադրյալներ Գաբուզյանի, Մահարու, Նորենցի, Մարտիկյանի, Մարտյանի, Չարենցի, Թոթովենցի եւ Ղազարյանի նախաքննական նյութն առանձնացել է եւ ուղարկվել որպես առանձին քննչական գործ ՀԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ հանձնաժողովին :

Շարունակելի

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031