Եղիշե Չարենց բանաստեղծի, ժողովրդի զավակի, անհաս հոգու տեր մարդու ծննդյան 119-ամյակին և նրա ստեղծած աննման «Տաղարան» շարքին էր նվիրված դասը-հանդեսը հայ գրականություն առարկայից, որը մարտի 26-ին կայացավ Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում:
7-րդ դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա Գալստյանը, «Եղիշե Չարենց» անցած թեման դաս-հանդեսով կրկնեց, որպեսզի 20-րդ դարի մեծագույն հայ պոետի ստեղծագործությունը և կյանքը լավ սովորեցնի աշակերտներն այժմ և հետագայում: Աշակերտուհի Նարե Հովսեփյանը ներկայացրեց բանաստեղծի կյանքը, անդրադարձավ ստեղծագործությանը: Սակայն հիմնական շեշտը դրվեց «Տաղարան» շարքի և պոետի անցած ուղու, կյանքի ողբերգական ավարտի վրա: Բացի 7-րդ դասարանցիներից, դասին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ, հ. լեզու և գրականություն առարկաների գծով տեսուչ Արաքսյա Այվազյանը, դպրոցի փոխտնօրեններ Սուսաննա Սահակյանը, Վարդուհի Հովհաննիսյանը, ուսուցիչներ, ծնողներ, 9-րդ դասարանի աշակերտներ: Անդրադառնալով «Տաղարան»-ին՝ աշակերտներն արտասանեցին շարքի բանաստեղծություններից, վերլուծեցին դրանք, կարևորեցին կապը միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի հետ. «Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս եկավ՝ սազը ձեռին…»:
Աշակերտների ելույթներին զուգահեռ հեռուստաէկրանից հնչում էին այդ բանաստեղծություններով գրված երգերը՝ Ֆլորա Մարտիրոսյանի, այլ հայտնի երգիչների կատարումներով: Ցուցադրվեց հատված «Երկունք» ֆիլմից, որտեղ Չարենցին մարմնավորում է Ազատ Գասպարյանը և իր հիանալի խաղով ճանաչելի դարձնում Չարենց-հայրենասերին, Չարենց-մարդուն, Չարենց-պոետին: Աշակերտներն իրենց խոսքում տեղեկացրին նաև Ռեգինա Ղազարյանի մասին, ով ստալինյան բռնատիրության տարիներին կարողացել է փրկել Չարենցի ձեռագրերի մի մասը: Խոսելով Տերյան-Չարենց կապի մասին՝ հնչեց «Հեռացումի խոսքեր» երգը.
-Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կարդացեք նաև
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
«Լուսամփոփի պես աղջիկ…» բանաստեղծությամբ գրված երգը և «Պեպո» կինոնկարի՝ «Պեպոյի երգը» որի բանաստեղծության հեղինակը դարձյալ Չարենցն է, կատարեց աշակերտուհի Գայանե Ըռքոյանը; Խոսելով «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծություն մասին, աշակերտները նշեցին, որ դրանով է եզրափակվում է «Տաղարան»-ը: Բանաստեղծությունը շատ է ասմունքել Վլադիմիր Աբաջյանը, այս անգամ ևս նրա ձայնը հնչեց: Լսվեց նաև Խորեն Աբրահամյանի անկրկնելի կատարումը: Այնուհետև ներկայացրեց, որ շարքը Չարենցը նվիրել է կնոջը՝ Արփենիկին: Աշակերտուհի Վարդուհի Մարգարյանն արտասանեց. «Ինչքան որ հուր կա իմ սրտում-բոլորը քեզ…» ձոնը: Հայ գրականության ուսուցչուհին դասն ավարտեց՝ նշելով՝ նման ձևով է ցանկացել աշակերտներին առավել սիրելի դարձնել Չարենցի ստեղծագործությունը: Բարձր դասարաններում դարձյալ անցնելու են «Եղիշե Չարենց» թեման, և այդ ժամանակ ավելի մատչելի լինի ընկալել մեծ պոետի թեմատիկ և թեմայից դուրս գործերը: Շրջվարչակազմի աշխատակազմի ԿՍ բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանը կայացած համարեց դասը, շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն, աշակերտներին՝ ասելով՝ գրեթե ամբողջական ներկայացվեց Չարենցը; Ապա, անդրադառնալով «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությանը՝ նշեց, որ Վիլիամ Սարոյանն այն համարել է որպես աղոթք, և նրանում նկարագրվում են մեր երկրի բնաշխարհը, անցած հերոսական ու ողբերգական պատմությունը, մշակույթը: Ներկա ուսուցիչները ևս գոհ էին դասի անցկացման ձևից, աշակերտների պատրաստ լինելուց, կատարումներից: Դասն ավարտվեց աղոթք-բանաստեղծության վերջին տան՝ ողջ դասարանի արտասանությամբ:
-Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Զորիկ ԸՌՔՈՅԱՆ