Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը նշվում է Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով, իսկ կիրակի օրը` Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Զատիկ բառը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Այդ օրը առավոտյան, եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սուրբ պատարագ: Հիսուս Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Տերը հարության օրը հինգ անգամ երեւաց յուրայիններին: Նախ երեւաց կանանց, երբ նրանք վերադառնում էին գերեզմանից: Երկրորդ՝ Մարիամ Մագդաղենացուն, քանի որ մահաբեր գույժը կնոջ ձեռքով մտավ բնության մեջ, դրա համար էլ պետք էր, որ մարդկանց կյանքի փրկության ավետիսը նրանցով լիներ: Երրորդ` երեւաց Պետրոսին, ինչպես Ղուկասն է պատմում, որպեսզի Պետրոսը չհուսահատվի ուրացության պատճառով: Չորրորդ` երեւաց երկու աշակերտներին, ովքեր գնում էին Էմմավուս, ինչպես պատմում է Ղուկասը (տե՛ս Ղուկ. ԻԴ 13): Հինգերորդ` նույն երեկոյան փակ դռներով անցնելով` երեւաց բոլոր աշակերտներին, բացի Թովմասից, եւ դա կատարվեց կամ «Գալիլիայում»` իրենց հավաքատեղիում, կամ Վերնատանը:
Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ պետք է պատասխանենք. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Հատկանշական է, որ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, որը համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթեւացու` «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի»: Մեկնաբանվում է նաեւ, որ ձվի դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հատուկ նշեց, որ զատկական ձուն պետք է ներկել կարմիր եւ սխալ է, երբ ներկում են տարբեր գույներով, որովհետեւ Հիսուսի թափված արյունով է փրկությունը. «Մեզանում կա նաեւ մի սովորություն, որ ընտանիքներում, որտեղ կա նոր մահացած մարդ, զատկական ձուն թողնում են սպիտակ, ինչը նույնպես սխալ է, քանի որ ինչպես Պողոս առաքյալն է ասում` մենք մեր հույսը Քրիստոսի վրա ենք դնում ոչ միայն այս կյանքում, այլ նաեւ հանդերձյալում»:
Զատկական տոնին տեր հայրը կարեւորեց եկեղեցի գնալը, այնուհետեւ ընտանիքով հավաքվելը տոնական սեղանի շուրջ եւ նշել մեր Փրկչի հարությունը, ուրախանալ, որ նա հարություն է առել, հաղթել է մահվանը, մեղքին եւ միայն հաջորդ օրը նոր պետք է այցելել գերեզման: «Զատկի օրը, կամ դրանից առաջ գերեզման այցելելը սխալ է»,-նշեց տեր հայրը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2016