Թել-խմորը, որով պատրաստում են արեւելյան «ղադայեֆ» կամ «կենեֆե» կոչվող թխվածքները, կարելի է օգտագործել նաեւ նախուտեստ պատրաստելու համար: Այն շատ գեղեցիկ է նայվում, շատ համեղ է, եւ թեթեւ: Պատրաստվում է արագ եւ հեշտ:
Անհրաժեշտ մթերքները
Թել-խմոր- 300 գրամ
Ձիթապտղի յուղ- 1-2 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Սաղմոնի ֆիլե-150-200 գրամ (կարելի է փոխարինել որեւէ այլ ձկնատեսակով՝ ապխտած կամ աղ դրած, նույնիսկ՝ պահածոյացված թյունոսով)
Ավոկադո- 0,5 հատ
Կիտրոնի հյութ-1 ճաշի գդալ
Թարմ վարունգ- 1հատ
Կանաչ սոխ- 3-4 հատ
Սամիթ -3-4 ճյուղ
Կաթնաշոռային պանիր- 150 գրամ
Թթվասեր կամ մայոնեզ- 1 գդալ
Համեմունքներ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թել-խմորները սովորաբար սառեցված վիճակում են վաճառում: Ապասառեցրեք խմորը ամբողջովին: Կիսասառեցված խմորի հետ աշխատելը շատ դժվար կլինի: Կեքսերի համար նախատեսված տարաների մեջ դրեք կեքսերի համար նախատեսված թղթե ֆորմաներ, թել-խմորը կտրատեք 10 սմ-անոց կտորների եւ տեղավորեք այդ ֆորմաների մեջ՝ սեղմելով, որ մեջը փոսիկ առաջանա:
Ձիթապտղի յուղով թեթեւակի ցողեք յուրաքանչյուր «բնիկը»: Թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչեւ ոսկեգույն դառնալը:
Այդ ընթացքում պատրաստեք լցոնը: Կաթնաշոռային պանիրը խառնեք մայոնեզի կամ թթվասերի հետ, մեջը լցրեք մանր կտրատած կանաչ սոխն ու կանաչին, աղ եւ սեւ պղպեղ, լավ խառնեք: Առանձին կտրատեք սաղմոնի ֆիլեն (բնականաբար, այն պետք է լինի արդեն մշակված՝ թույլ աղ դրված կամ ապխտած, եւ ոչ թե հում), վարունգը: Ավոկադոն կտրատելուց անմիջապես հետո ցողեք լիմոնի հյութով, որպեսզի չսեւանա:
Երբ «բնիկները» պատրաստ լինեն, թողեք սառչեն, որից հետո տեղավորեք մատուցարանի մեջ՝ հենց թղթե ֆորմաներով, ապա լցոնեք պանրային խառնուրդով: Լցոնի վրա դրեք կտրատած վարունգի, ավոկադոյի եւ ձկան կտորներ: Վերջում կարող եք մի քիչ էլ կանաչի ավելացնել՝ տեսքի համար: Մատուցեք անմիջապես: Եթե հյուրերը գալու են ավելի ուշ, ապա կարող եք նախապես պատրաստել «բնիկները» եւ լցոնը, սակայն լցոնեք միայն հյուրերի գալուց անմիջապես առաջ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ