Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:
Թատրոնին մատուցած արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ» մրցանակ ստացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:
«Շահվերդյանի մասին շատ կարելի է խոսել: Նրա ծառայությունները Վանաձորի եւ Սունդուկյանի անվան թատրոններում թույլ են տալիս ասել` նա ռեժիսոր է»,-շնորհելով մրցանակը` ասաց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Կարդացեք նաև
Մրցանակ շնորհվեց նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանին. «Նա տեղի-անտեղի ասում է, որ իմ ուսանողն է, բայց չգիտեմ` այդպես է, թե ոչ: Մի խոսքով, հիմա հայտնի չէ` ով ում ուսանողն է»,-կատակեց Երվանդ Ղազանչյանը, ապա փաստեց, որ Գասպարյանը Սոս Սարգսյանի հետ միասին հիմնադրել է Համազգային թատրոնը:
Նշյալ անվանակարգում «Արտավազդ» ստացավ նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծիծաղելի է, ամեն տարի իրար բաժանում են Արտավազդ: մեկ է՝ միջակ արվեստի կրող է: