Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգի, խնդիրս լուծի»

Մարտ 26,2016 22:44

Հավանաբար, ցանկացած խմբագիր  հայտնվել է այսպիսի վիճակում: Քաղաքացին գալիս է խմբագրություն՝ բողոքներով հարեւանից, չինովնիկից, դատարանից եւ այլն: Բնական հարց է, որն այդ դեպքում տալիս է լրագրողը՝ «դուք ուզում եք, որ մենք դրա  մասին գրե՞նք»: Բողոքավորները, որպես կանոն, վարանում են այդ հարցին ուղիղ պատասխան տալ: Ամենահավանական սցենարով քաղաքացին կհարցնի. «Գրելուց օգուտ կլինի՞»: Մենք այդ հարցի պատասխանը չգիտենք, կարող ենք ասել միայն, որ մեր գործը գրելն է: Այդ պատասխանի դեպքում այցելուն սովորաբար խոսակցությունը տանում է այլ ուղղությամբ. «Դե, չէ… Ես ձեր մոտ եկել եմ խորհուրդ հարցնելու, որ դուք ինձ ուղղություն տաք»: Հետագա երկխոսությունից  հասկանալի է դառնում, որ ես, պարզվում է, «լայն շրջապատ ունեմ», «մեծամեծների հետ նստում-վեր եմ կենում» (ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը) ու ես, հետեւաբար, պետք է միջնորդեմ, որ խնդիրը լուծվի հօգուտ բողոքավորի:

Այդ շփումներն ինձ թույլ են տալիս եզրակացնելու, որ մեր քաղաքացիների մի մասի պատկերացումները խմբագրի գործառույթների մասին հնացած են: «Կոմունիստ» կամ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրին նշանակում էր Կենտկոմի բյուրոն, եւ այդ մարդը գործի բերումով շփումների մեջ էր հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: Այդպիսի «շրջապատ» ունենալով, խմբագիրը կարող էր զանգել, ենթադրենք, ռայկոմի քարտուղարին, որպեսզի վերջինս «խնդիր լուծեր»՝ թե՛ «հանուն արդարության», եւ թե՛ «հանուն լավության»: Ի դեպ, եթե նման թերթում քննադատություն էր հայտնվում նույն ռայկոմի քարտուղարի հասցեին, ուրեմն Կենտկոմի բյուրոն արդեն իսկ որոշել էր այդ չինովնիկին պատժել, բայց պատրանք էր ստեղծվում, որ դա արվում է հրապարակման ազդեցության տակ: Հիմա էլ են երբեմն հիշում՝ «կոմունիստների ժամանակ որ գրում էին, հաջորդ օրն իսկ միջոցներ էին ձեռնարկում», էլ չեն ասում, որ սկզբից որոշվում էր միջոցներ ձեռնարկել, հետո՝ գրել:

Հիմա գործում են ԶԼՄ-ների՝ կյանքի վրա ազդելու բոլորովին այլ մեխանիզմներ: Որ դրանք Հայաստանում առայժմ մինչեւ վերջ չեն ձեւավորվել, դա փաստ է, բայց՝ այլ խոսակցության առարկա: Սակայն փաստ է նաեւ, որ ես (կամ որեւէ այլ խմբագիր) չեմ կարող զանգահարել, ասենք,  դատավորին եւ ասել, որ նա այս կամ այն որոշումը կայացնի: Եվ դա, իմ  կարծիքով, լավ է: Բայց «վերեւները» կարող են դա անել: Եվ դա շատ վատ է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031