Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է միության 75-ամյակին: «Արտավազդ»-ն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Կարդացեք նաև
«Ուրախ ենք, որ պետությունը շարունակում է լինել թատրոնի կողքին: Որքան էլ դժգոհենք, այնուամենայնիվ, խոստովանենք, որ թատրոններին այսօր հսկայական գումարներ են տրվում: Տեղին է մտածել` մենք համազոր կերպով վարձահատույց լինո՞ւմ ենք»,-ողջունելով հյուրերին` ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նրա խոսքով` ներկայացումների գնահատման հստակ չափանիշներ չկան, քանի որ դրանք կարող են մեկին դուր գալ, մյուսին` ոչ. «Թատրոնում կա սխալվելու իրավունք, դինամիկ աշխատանք, նվիրում, ինչը մեր ժամանակակից հայ թատրոնում միանշանակ առկա է: Մենք ունենք հրաշալի երիտասարդություն եւ ավագ սերունդ: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ բնականոն սերնդափոխություն է տեղի ունենում` առանց կոնֆլիկտների: Թատրոնը բնականոն է զարգանում: Ուրախ ենք, որ 46 ներկայացում դիտելուց հետո ժյուրին արձանագրել է, որ կան լավ ներկայացումներ, որոնք կարող են միջազգային բեմեր բարձրանալ»:
«Արտավազդ» մրցանակները շնորհվեցին «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտական ձևավորում», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում» անվանակարգերում:
Հավելենք, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996թ.-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ