«Թատրոնը ցորենի դաշտ է, այն խոնավություն է սիրում, աշխատանք է սիրում: Առանց քրտինքի այստեղ ոչինչ չի ստեղծվում». «Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ուսուցչի՝ Սոս Սարգսյանի խոսքերը հիշեց նրա ստեղծած ու նրա անունը կրող համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ում համոզմամբ հայ թատրոնի խնդիրն այսօր մտքի ներհոսքն է. «Ճահճացում կա, մենք շատ ենք պարփակված, շատ ենք նույն տարածության մեջ: Հայ թատրոնն այսօր մրցակցային թատրոն չէ համաշխարհային թատերական ասպարեզում: Մենք համարձակ քայլերի չենք գնում: Չի կարելի անվերջ մնալ մի տարածության մեջ` միևնույն դեմքերով, միևնույն հնարավորություններով: Այդ սահմանը պետք է բացել, պետք է հաղթահարել այդ ճահիճը»,- համոզված է Վարդան Մկրտչյանը:
«Թատրոնում մեզ պակասում են կրթված, ինտելեկտուալ մարդիկ,- նկատեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը.- բեմը միշտ արդարանում է կոնկրետ անձանցով: Եթե թատրոնում հայտնվի հետաքրքիր մարդ, հետաքրքիր դերասան, թատրոնը, նույնիսկ ապաշնորհ թատերախումբը կարդարացվի: Բեմական արվեստն անձի արվեստ է, և եթե կան այդ անձինք, այն իմաստ ունի, եթե չկան` չունի: Մնացած ամեն ինչ թատերական աղմուկ է, եթե բեմական արվեստի կենտրոնում այդ հետաքրքիր անձը չէ: Դրա համար ես շատ եմ կարևորում կրթված դերասաններ պատրաստելու խնդիրը»:
Նրա դիտարկմամբ` թատրոնն այսօր ամենաքիչը հետաքրքրում է ինտելեկտուալներին. «Թատրոնի պատմության մեջ միշտ էլ խնդիր եղել է ինտելեկտուալների և թատրոնի միջև: Սա նոր երևույթ չէ, բայց այսօր թատրոնը չի կարող չլինել ինտելեկտուալ, որովհետև մենք ապրում ենք ոտքից գլուխ տեղեկացված մարդկանց դարաշրջանում, երբ միամիտ ու պարզունակ բաներով չես կարող խաբել հանդիսատեսին»,- ընդգծեց Արա Խզմալյանը:
Թատերագետն առանձնացրեց ևս մեկ կարևոր խնդիր. «Թատրոնն այսօր լուրջ մրցակցության մեջ է կյանքի, հասարակական մտահոգությունների հետ: Հասարակական կյանքը հիմա շատ ավելի հետաքրքիր ու հակասական է, քան որևէ ներկայացում: Այս կամ այն հանրահավաքում ավելի շատ թատերայնություն, կրքերի բախում կա, քան որևէ թատրոնում: Մեր թատրոնը գնում է մի ուղղությամբ, կյանքը` բոլորովին այլ. դրանք չեն հատվում իրենց սպասումներով ու խնդիրներով: Այս իմաստով լուրջ հարց է` ինչպես անել, որ հասարակական պրոբլեմատիկան գեղարվեստորեն հայտնվի մեր թատրոնների բեմերում»:
Կարդացեք նաև
Վերոհիշյալ բոլոր խնդիրների լուծման բանալին, ըստ Արա Խզմալյանի, կրթությունն է. «Թատրոնի կիրթ հանդիսատեսը ևս դպրոցում է կրթվում: Հետևաբար` թատրոնի, առհասարակ մշակութային օջախների միջև սերտ կապը պետք է լինի պարտադիր, ինչպես ժամանակին էր»,- կարծում է թատերագետը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ