Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իշխող կոալիցիային պաշտոնապես առաջարկ է ներկայացրել՝ ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4+4 ձեւաչափ ստեղծելու վերաբերյալ: Լեւոն Զուրաբյանը նաեւ հայտարարել է, որ ՀԱԿ խմբակցության անդամներին ուղերձ է ուզում ուղարկել, որ իրենք կներկայացնեն ոչ միայն խմբակցության դիրքորոշումը, այլ նաեւ առանձին ընդգրկված քաղաքական ուժերինը:
Այս հայտարարության մասին Aravot.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության անդամ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
«Խմբակցության անդամներից որեւէ մեկն այդ հարցով ինձ հետ չի խոսել: Հետեւաբար՝ ես դա ընդամենը ի գիտություն եմ ընդունում: Ես չեմ կարծում եմ, որ այդ հարցը համատեղ քննարկելու եւ համատեղ ներկայացնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ՝ նույն կերպ Նիկոլի հետ չի քննարկվի եւ չի հրավիրվի նաեւ այդ քննարկումներին: Հետեւաբար՝ ՀԱԿ-ը ՀԱԿ կուսակցությամբ այդ որոշումը կկայացնի: Եվ վերջին հաշվով՝ ակնհայտ է, թե ինչ պահանջներ են ներկայացնում, այդ պահանջները մենք բոլորս ներկայացրել ենք, հետեւաբար՝ չեմ կարծում, որ քննարկելու բան կա»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ուղերձով խմբակցության անդամներին չեն դիմում, այլ խմբակցության անդամներին առաջարկում են այդ քննարկմանը միանալ: Ըստ նրա, պետք է համատեղ աշխատանքի եզրեր պահպանվեին, որը ՀԱԿ-ը չի պահպանել. «Եվ քանի որ եզրեր չեն գտել խմբակցության որոշ անդամների հետ, այդ թվում նաեւ ինձ հետ, հետեւաբար՝ որոշել են այդպես հայտարարությամբ հանդես գալ: Հայտարարությունով իշխանությունն էլ կարող է հանդես գալ, եւ ես նույն կերպ կարող եմ չմիանալ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ