Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական զինուժի գործողություններին, որոնց հետեւանքով երեկվանից հեռահար զինատեսակներով ժամեր շարունակ ռմբակոծվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններն, ասաց, որ չի կարծում, որ այն «Զատիկի» տոնի հետ է կապված:
Վովա Վարտանովի խոսքերով՝ «Թուրքերը միշտ ակտիվանում են տարբեր պատճառներով: «Զատիկը դեռ վաղն է, չենք կարող ասել, որ այդ տոնի հետ է կապված: Թուրքն առանց մահանաների էլ ակտիվանում է, միգուցե մեր հատուկ ծառայությունները տեսնում են դա, ուղղակի մենք չենք տեսնում»:
Վովա Վարտանովի կարծիքով, պետք չէ թշնամու ակտիվացումը նման խորհրդանշական բաների հետ կապել, եւ դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչպես անել, որ մեր բանակն ավելի հզոր եւ ուժեղ դառնա.«Մերոնք պետք է լինեն լավ զինվոր: Մեր բանակը պետք է լինի ուժեղ, աշխարհում լավագույն բանակը»:
Նրա համոզմամբ, բանակի գլխավոր կարեւորագույն միջոցը մարդկային ռեսուրսն է՝ «գողականությունից, անդաստիարակությունից շատ հեռու»:
«Ո՛չ զինվորը ո՛չ գեներալը, ո՛չ սպան, չպետք է լինեն անդաստիարակ: Պետք է լինեն պրոֆեսիոնալ: Բոլորը պետք է իրենց տեղում լինեն, Պաշտպանության նախարարությունը միշտ՝ ձգված»:
Մեր այն հարցին, թե ի տարբերություն նախկինի, հակառակորդը սկսել է այնպիսի հեռահար զենքեր կիրառել, որոնք ավելի մեծ վնասներ են պատճառում հատկապես խաղաղ բնակչությանը, Վովա Վարտանովն ասաց. «90-ական թվականներին ավելի հեռահար են օգտագործել, չեն խերվել՝ դադարել են, հիմա իրանց կարծիքով պետք է խերվեն: Պետք է խփեն այնպես, որ թուրքի ողնաշարը կոտրեն եւ երկար ժամանակ նա այդպիսի հեռահար զենք չի օգտագործի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ