Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

« Ես կուզեի մենք սովորեինք Աստծուն վստահել». Տեր Զգոն քահանա Աբրահամյան

Մարտ 26,2016 17:56

«Սուրբ Հարության տոնը ոչ թե պարզապես մի իրադարձություն է, որը տեղի է ունեցել 2000 տարի առաջ, այլ իրադարձություն,  որը վերաբերվում է համայն մարդկությանը՝ առաջին մարդուց սկսած վերջինը , որը դեռ չի ծնվել »,-այս մասին այսօր խոսեց ԱՀԹ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու և Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

Տեր Զգոնը նշեց, որ տարբեր ժամանակներում քրիստոնյաները տարբեր ձևերով են տոնել այս իրադարձությունը, սակայն գլխավոր խորհրդանիշները մինչ այսօր պահպանվել են. «Սուրբ Հարության սեղանից չի պակասում ներկած ձուն՝ցանկալի է կարմիր, քանի որ դա  խորհրդանշում է Աստծո թափած արյունը, որը մենք կոտրելով Հարության այդ խորհուրդն ենք հայտնում: Մենք սեղանին նաև դնում ենք բրինձ, որը մաքրության, սրբության խորհրդանիշն է, քանզի Տերը ցանեց մեր մեջ այդ բարի սերմերը, մաքրեց մեզ մեղքերից, որ մենք աճեցնենք և բարի պտուղներ տանք: Նա քաղցրացրեց մեզ իր երկնային լույսով. այդ քաղցր նյութերը, որ խառնում ենք՝ չրերը, աստվածային իմաստության զորության խորհրդանիշն են»:

Նա հավելեց, որ գիտակցված աճ է նկատվում դեպի եկեղեցի. « Մարդիկ գալիս են ոչ միայն տոներին, այլ նաև յուրաքանչյուր պատարագի: 10 տարի առաջ  ժողովրդի մեծամասնությունը, որոնք մասնակցում էին պատարագին, չէին հասկանում՝ ինչ է տեղի ունենում, այսօր այցելուները մեծամասամբ հոգևոր գրագիտությամբ են լեցուն և գալով եկեղեցի շատ լավ պատկերացնում են, թե ուր են եկել, գիտակցում ու հասկանում են դրա խորհուրդը, հիմնական իմաստը, նպատակը»:

Քահանան ասաց, որ պահքն ավարտվում է այսօր երեկոյան պատարագից հետո՝հաղորդություն ստանալով. « Պահքը մեծագույն օգտակարություն ունի :Մինչև ավագ շաբաթը, պահքն ունի ապաշխարության իմաստ. մարդը  քննում է իր սխալները, զղջում է,  աղոթքներով տիրոջից խնդրում է ներել, բժշկել հոգին: Վերջին ավագ շաբաթը իր բնույթով արդեն սագո շրջան է հանդիսանում. մենք վերապրում ենք Քրիստոսի կրած բոլոր նեղությունները սկսած մատնությունից, անհիմն մեղադրանքներից, չարչարանքներից, խաչելությունից: Եկեղեցում միասին վերապրում ենք այդ իրադարձությունները,  դրանով մոտենում իր ուրախ Հարության տոնին»:

Տեր Զգոնը Հարության տոնին ընդառաջ հղեց իր մաղթանքները՝ խորհուրդ տալով ապրել այս կյանքը որպես հյուր. « Ես կուզեի մենք սովորեինք Աստծուն վստահել: Գիտակցենք, որ կյանքը  հյուրանոցի պես մի բան է, և այստեղ ոչինչ մերը չէ: Եթե այդպիսի մոտեցում ցուցաբերենք և Աստծուն հավատանք, մենք կկարողանաք իր կամքը կատարել՝ ամեն իրավիճակի մեջ չտրտմել, չհուսահատվել, որովհետև ինքը մեզ բարին է կամենում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031