«Հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար՝ Ադրբեջանը հաճախ է կտրուկ լարում իրավիճակը սահմանագծին, սակայն չպետք է չափազանցնել այդ գործոնի ազդեցությունը ու բոլոր գործընթացները դրանով պայմանավորել»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններում հակառակորդի ակտիվությունն արդյոք Ադրբեջանի հասարակության ուշադրությունը կրկին իրենց ներքին քաղաքական խնդիրներից շեղելու հերթական միջոցն է, ինչպես որ նման դեպքերում պնդում են քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի պետական բանակի պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի մեկնաբանմամբ. «Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ առաջնագծում իրավիճակի կայունացումն ու հարաբերական խաղաղությունը չի բխում իր շահերից եւ նա ամեն ինչ արել է ու անելու է իրավիճակը թեժ պահելու համար: Ադրբեջանում կարծում են, որ առաջնագծում կայունության հաստատմամբ ստատուս քվոն ամրապնդվում է, ինչը վնասում է Ադրբեջանի շահերը»:
Մեր այն հարցին, թե գուցե ակտիվանալու պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական աշխատանքները խափանելն է, որոնք արդեն քիչ թե շատ սկսվել են, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս միջադեպը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով է պայմանավորված, մանավանդ, որ այդ աշխատանքները դեռեւս ակտիվ փուլում չեն: Գլխավոր պատճառի մասին նախորդ հարցում արդեն նշել եմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օգտագործած սպառազինությանը, քաղաքագետը նկատեց, որ տարեսկզբին Ադրբեջանը էականորեն նվազեցրել էր ականանետերի ու նռնականետերի կիրառումը՝ շեշտն ավելի շատ դնելով դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի գործողությունների վրա. «Սակայն վերջին օրերին Ադրբեջանը էապես ավելացրել է ոչ միայն ականանետերի, նռնականետերի, այլ նաեւ TR-107 համազարկային հրթիռային կայանքների կիրառումը. դրանց հեռահարությունն առավել մեծ է»:
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին ռմբակոծության հետեւանքով, երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ