Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրողների եւ Ազգային ժողովի պատգամավորների միջեւ «Դինամո» մարզադաշտում այսօր ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել: Առաջին խաղակեսից հետո լրագրողները հաղթում էին 1:6 հաշվով: Երկրորդ խաղակեսի ընթացքում էլ լրագրողներին հաջողվեց եւս 8 գոլ խփել, իսկ պատգամավորներին՝ 1:
Հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծիք էր հայտնել, որ լրագրողների դեմ դժվար է խաղալը, որովհետեւ բոլորը նախկին սպորտսմեններ են:
Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանից. «Ճիշտն ասած մենք չունենք ոչ նախկին, ոչ էլ ներկա մարզիկներ: Բոլորը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, եւ մենք ունենք մեկ հրավիրված խաղացող, որը մեզ հետ ամեն կիրակի գալիս եւ մարզվում է: Մենք 3 տարի է այս նույն կազմով ենք խաղում: Որեւէ մեկը ոչ ավելացել է, ոչ էլ պակասել»,- պատասխանեց Դավիթ Ալավերդյանը:
Հետաքրքրվեցին, թե ո՞րն է լրագրողների հաջողության գրավականը: Դավիթ Ալավերդյանն ասաց, որ իրենք մինչեւ վերջ տրվում են խաղին. «Երեւի նկատել եք, թե որքան էմոցիոնալ ենք եւ այլն: Այսինքն` այստեղ հարցն այն է, որ մենք տարիներ շարունակ միասին անընդհատ խաղում, մարզվում ենք: Բացի այդ մենք կյանքում ընկերներ ենք, իսկ աշխատանքի մեջ մրցակիցներ: Բոլոր դեպքերում՝ ինձ թվում է լրագրողական համերաշխության փայլուն օրինակ է սա: Իսկ պատգամավորներն այդքան էլ պատրաստ չեն խաղին»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ