Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ և անտեսված․ Սոցիալապես անապահով խավերի երեխաները խտրականության թիրախում

Մարտ 26,2016 15:14

Գևորգը 14 տարեկան էր, երբ դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու համադասարանցիները միաձայն պնդում էին, որ նրան պետք է հեռացնել դպրոցից վատ վարքի պատճառով:

Դասարանցիները չէին շփվում նրա հետ, նույնիսկ խուսափում էին նստել նրա կողքին, իսկ դասղեկը համադասարանցիների մոտ անընդհատ երեսով էր տալիս, որ Գևորգը գրքերի վարձավճարը չի բերել և մշտապես ուշացնում է:

Դասաժամին ուսուցիչները Գևորգին նստեցնում էին միշտ վերջին նստարանին, իսկ դաս հարցնելու կամ գրատախտակի մոտ կանչելու մասին նույնիսկ խոսելն էր ավելորդ: Այս ամենի հետևանքով Գևորգը դարձել էր ագրեսիվ, դպրոցում «չար տղայի» համբավը ձեռք բերած աշակերտ, ում բոլորը մեղադրում էին ու պահանջում հեռացնել դպրոցից:

Սակայն նրա վարքի դրդապատճառը բացահայտվեց, երբ դպրոցում հայտնվեցին սոցիալական աշխատողները և կատարեցին երեխայի վարքի գնահատում:

«Գնահատման արդյունքում պարզվեց, որ Գևորգի ընտանիքը սոցիալապես անապահով է, ինչից ելնելով դպրոցում տարիներ շարունակ դրսևորվել էր խտրական վերաբերմունք երեխայի նկատմամբ, ինչն էլ նրա մոտ առաջ էր բերել ագրեսիա: Պարզվեց, որ երեխայի մոտ վաղուց էր այդ խնդիրը և դա եկել էր դպրոցում չսիրված, տարբերված լինելուց: Անընդհատ մատնանշել են, որ իրենք վատ են ապրում ու դա եկել էր նաև դասղեկից, ով դասարանում անընդհատ նշել էր դա՝ համադասարանցիների մոտ ձևավորելով կարծրատիպեր և խտրական մոտեցում Գևորգի նկատմամբ»,-ասում է «ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի «Ընտանիքների ամրապնդում» ծրագրի սոցիալական աշխատող Լիանա Մարգարյանը: 1 Լիանա Մարգարյան

Այնուամենայնիվ, դպրոցի տնօրենին և ուսուցչական կազմին խնդիրը խորքային ներկայացնելուց հետո, Գևորգին հրաժարվում են դպրոցում պահել, և ստիպված երեխային տեղափոխում են հանրակրթական այլ դպրոց:

«Մենք ներկայացրեցինք, որ վարքային խնդիր չկա երեխայի մոտ և խնդիրը ուսուցիչների վերաբերմունքից է գալիս, բայց միևնույն է նրանք չընդունեցին իրենց սխալը և չցանկացան փոխել իրենց մոտեցումները: Երեխային տեղափոխեցինք հանրակրթական այլ դպրոց, որտեղ փոխվեց նրա և’ առաջադիմությունը, և’ վարքը: Այժմ մեկ տարի է անցել և նա բարեհաջող շարունակում է իր ուսումը»,- պատմում է Մարգարյանը:

Վերջին տարիներին աղքատության ցուցանիշի բարձրացմանը և սոցիալական բևեռացման խորացմանը զուգընթաց մասնագետները ահազանգում են դպրոցներում առկա խտրականության մասին, որը հիմնականում դրսևորվում  է սոցիալապես աղքատ ընտանիքներում ապրող երեխաների մեկուսացմամբ, նրանց նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունքով:

Սոցիալական աշխատողները համոզված են, որ խնդիրը կապված է ուսուցիչների կարծրատիպերի, համապատասխան վերապատրաստման բացակայության հետ:

Սոցիալական աշխատող Լիանա Մարգարյանն իր դիտարկումներով է փաստում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին սովորաբար նստեցնում են դասարանի վերջում, մատնում անուշադրության, դաս չեն հարցնում, ոչինչ չեն պահանջում, երբեմն նույնիսկ գիրք չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե միևնույն է չի սովորում:

Հետևանքներն էլ, ըստ մասնագետի, տարբեր են լինում. մի անչափահաս երեխայի մոտ դա կարող է վերածվել ագրեսիայի և անկարգության միջոցով` ինքնապաշտպանության, իսկ մյուսի մոտ` մեկուսացման ու բարդույթավորման:

«Յուրաքանչյուր մանկավարժ պետք է հոգեբան լինի: Եթե դասարանում նստած է  30 աշակերտ, ուրեմն նրանք 30 տարբեր ընտանիքներից են, 30 տարբեր գենետիկա կա և 30 տարբեր դաստիարակություն ստացած երեխա: Դասղեկի գործառույթը կայանում է նրանում, որ կարողանա այդ հավասարությունը պահպանել: Դա դժվար է, որովհետև դասղեկն էլ է մարդ, ով ունի սուբյեկտիվ կարծիք, սուբյեկտիվ վերաբերմունք երեխաների նկատմամբ, բայց երբ հարցը վերաբերում է երեխաների փոխհարաբերություններին, դասղեկը պետք է զգոն լինի»,- ասում է «ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի է «Ընտանիքների ամրապնդում» ծրագրի սոցիալական աշխատող Լիլիթ Մարտիրոսյանը:2 Լիլիթ Մարտիրոսյան

«Ուսուցչից է կախված, թե ինչպես նա կներկայացնի երեխային դասարանում, իսկ եթե անընդհատ փորձի մատնանշել, որ երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում, այս մի բանը թույլ է, կամ երեխան սոցիալապես անապահով է, անընդհատ նշի «այ դու´, չես վճարել գրքի գումարը, 100 անգամ ասացինք, ծնողներդ չեն կարողանում վճարել», ապա այս մատնանշումը դասարանի մոտ ստեղծում է մի կարծրատիպ, որը թուլացնում է երեխայի նկատմամբ վերաբերմունքը ու գնում է անպարտաճանաչի պիտակավորման պրոցես: Իսկ ֆինանսական այդ խնդիրներից, պարզ է, որ երեխան կոմպլեքսավորվում է, մտածում է, որ մնացածն ունեն, ինքը` չունի: Մանկավարժի կողմից մատնանշումը երեխայի սոցիալական վիճակի մասին, բնականաբար, բերում է խտրականության դրսևորման, թե’ համադասարանցիների կողմից, թե’ անգամ նրանց ծնողների կողմից»,- նշում է Մարտիրոսյանը:

«ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի «Ընտանիքների ամրապնդում» ծրագրի հոգեբան Աննա Կնյազյանն էլ պարզաբանում է, որ դպրոցում նման երեխաները չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել:3 Աննա Կնյազյան

«Խտրականության դրսևորման հետևանքով այդ երեխաները հիմնականում լինում են ճնշված, ցածր ինքնագնահատականով, տագնապայնության բարձր աստիճանով, վախեր են ունենում»,-ասում է հոգեբանը:

Կնյազյանը նշում է, որ մինչև 4-րդ դասարան, երեխաներն իրենց հասակակիցների մասին հիմնական կարծիք կազմում են մեծահասակների կարծիքի ու վերաբերմունքի հիման վրա:

«Երեխաների մոտ ամեն ինչ փոփոխական է: Եթե տեսնեն ծնողները կամ ուսուցիչները լավ են վերաբերվում սոցիալապես անապահով ընտանիքի երեխային, ապա իրենք էլ իրենց վերաբերմունքը կփոխեն, քանի որ փոքրերի համար մեծերի վերաբերմունքը օրինակելի վարք է»,- ասում է Կնյազյանը:

2015-ից ուժի մեջ մտած «ՀՀ Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն, Հայաստանում գործում է 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ավագյանն ասում է, որ այս համակարգի ներդնումը ավելի նպատակային և ընդգրկուն լուծում է տալիս նման ընտանիքների խնդիրներին:

«Առաջ սոցիալական աշխատողները միայն նպաստ էին տալիս, այսինքն` դրամական աջակցություն ու դրանով պարտականությունների շրջանակը ավարտվում էր: Իսկ այժմ սոցիալական աշխատողներն ընտանիքին հայտնաբերելուց հետո կատարում են ընտանիքի կարիքների գնահատում, որի մեջ կարող են մտնել և’ ֆինանսական, և’ իրավական, և’ հոգեբանական կարիքներ ու խնդիրներ»,- ասում է Ավագյանը:

Նա նշում է, որ կարիքների գնահատման հիման վրա մշակվում է անհատական սոցիալական ծրագիր, որտեղ ներառվում են այն բոլոր միջոցառումներն ու քայլերը, որոնք պետք է իրականացվեն տվյալ ընտանիքին օգնելու, դժվար իրավիճակից դուրս բերելու համար:

«Սոցիալական դեպք է վարվում և ձևավորվում է սոցիալական աջակցող ցանց, որտեղ ներառվում են հոգեբաններ, պետական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը հստակ պետք է պատկերացում ունենա, թե ինչ գործողություններ է իրականացնելու այդ ընտանիքին օգնելու համար»,- ընդգծում է Ավագյանը:

Անչափահաս երեխաների նկատմամբ խտրականության հայտնաբերման դեպքում մասնագետներն աշխատում են մի քանի ուղղությամբ. սոցիալապես անապահով ընտանիքների ծնողների, դպրոցի ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների հետ:

Ներկայումս «ՍՈՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամն աշխատում է 155 շահառու ընտանիքի և 330 անչափահաս երեխայի հետ:

«Անցկացնում ենք  խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ: Եթե տեսնում ենք, որ խնդիրը դպրոցում է, գալիս է ուսուցչից, ակտիվացնում ենք աշխատանքը դպրոցի հետ: Անցկացնում ենք խմբային աշխատանքներ, քննարկումներ ուսուցիչների հետ: Խմբային աշխատանք է լինում նաև դասարանի երեխաների հետ, որ հասկանաք, թե ինչպես են աշակերտները վերաբերվում այդ տուժած երեխային, ու եթե կա հաստատված խտրականություն, մենք մշակում ենք մեխանիզմներ, թե ինչպես թուլացնենք այդ լարվածությունը և խտրական վերաբերմունքը երեխայի հանդեպ: Հիմնականում ակտիվացնում ենք այն պասիվ օղակը, որի արդյունքում երեխան տուժել է»,- ասում է Մարգարյանը:

Լիլիթ Մարտիրոսյանն ասում է, որ իրենց աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է գրանցվում ինչպես ուսուցիչների մոտեցման, այնպես էլ աշակերտների վերաբերմունքի մեջ: Դա էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում խտրականության ենթարկված երեխայի վրա:

«Երեխան, ով «պասիվի» կարգավիճակում է, միշտ քննադատված, միշտ «ծույլիկ» պիտակով, սկսում է փոխվել, երբ տեսնում է իրենով հետաքրքրվող մեկը կա: Երբ երեխան գնում է դպրոց, տեսնում է սոցիալական աշխատողին, գիտի որ նա իր համար է եկել, արդեն իրեն պաշտպանված օղակում է զգում: Ու երբ տեսնում է իրենով էլ հետաքրքրվող կա, արդեն ինքնավստահություն է ձեռք բերում, սկսում է ինքնադրսևորվել ու առաջադիմությունը բարձրացնել»,- ընդգծում է Մարտիրոսյանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը նշում է, որ խտրականության դրսևորման դեպքեր են գրանցվել նաև գիշերօթիկ հաստատությունների երեխաների նկատմամբ, ովքեր հաճախում են հանրակրթական դպրոց:4 Լենա Հայրապետյան

«Այդ խտրականությունն ի հայտ է գալիս, երբ փորձում ենք կողք-կողքի նստեցնել ընտանիքից դպրոց եկած երեխային և գիշերօթիկ հաստատության երեխային: Խտրականությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել դպրոցներում ուսուցիչների և աշակերտների հետ, զուգահեռ նվազագույնի հասցնել գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաների թիվը: Այդ նպատակով փոփոխություններ ենք կատարել համապատասխան իրավական ակտերում և նոր հայեցակարգ մշակել»,- ասում է Հայրապետյանը:

Հայեցակարգով նախատեսվում է գիշերօթիկ հաստատությունները դարձնել ցերեկային խնամքի կենտրոններ և ընդհանրապես հանել «գիշերօթիկ» հասկացությունը:

«Դա հնարավորություն կտա երեխային օգտվել պետության տրամադրած երաշխիքներից. ստանալ անվճար դասագրքեր, հագուստ, սնունդ, խնամք, ուսուցիչների օգնությամբ անցնել դասապատրաստում, իսկ գիշերային խնամքը իրականացնել կենսաբանական ընտանիքում»,- ընդգծում է Հայրապետյանը:

Այսօր ՀՀ գիշերօթիկ հաստատություններում գտնվում է 620 երեխա: Հայրապետյանի խոսքով՝ վերոնշյալ ծրագրի իրականցման արդյունքում երեխաների 30-40 տոկոսը գիշերային խնամքը կստանա իր կենսաբանական ընտանիքում:

«Հայեցակարգը առաջիկայում կներկայացնենք կառավարություն և ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում այն կհաստատվի»,- հավելում է Հայրապետյանը:

 

Նյութում հերոսի անունը փոխված է:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email:[email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031