«Եթե մենք ցանկացել ենք ունենալ ոչ մեկ երեխա, այլ երեքը, չորսը ապա մենք պատասխանատվություն պետք է կրենք այդ երեխաների համար»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Փաստաբան Լիանա Բալյանը սակայն այն համոզմանն էր, որ բազմազավակ ընտանիքներին պետությունը պետք է ըստ արժանվույն աջակցություն ցուցաբերի, նպաստներ ու ապրելու միջոցներ տրամադրի, որպեսզի այդպիսի ընտանիքները չամաչեն, որ այդքան զավակներ են ունեցել եւ մարդավայել ապրեն: Փաստաբանի խոսքերով, մի կողմից պետությունը խրախուսում է բազմազավակությունը, մյուս կողմից նրանց առնչվող օրենքը լիարժեք չէ եւ մի շարք բացեր ունի:
«Շատ կարեւոր է զգալ պետության աջակցությունը: Եթե չկան սոցիալական պայմաններ, ապա նրանց համար գոնե սոցիալական նպաստներ պետք լինեն»,-ասաց փաստաբանը: Ըստ նրա պետության կողմից հատկացված նպաստը չի հերիքում մինիմալ պայմանները բավարարելու համար, քանի որ դա «աղքատանպաստ է» եւ բազմազավակ ընտանիքներն այսօր ամենաաղքատ սոցիալական խմբին են պատկանում. «Պետք է ընդունել նոր օրենք՝ բազմազավակ մայրերի պաշտպանության մասին: Օրենքով պետք է բազմազավակ ընտանիքներն օգտվեն անվճար բուժսպասարկումից, անվճար սովորեն մասնավոր դպրոցներում, բուհերում, չվճարեն կոմունալ ծախսերը, գյուղական համայնքներում տրամադրվեն անվճար հողատարածքներ, ընտանի կենդանիներ, տեխնիկա, իսկ քաղաքում՝ բնակարաններ:
Պետությունը պետք է խրախուսի նորաստեղծ ընտանիքներին, որ այնքան ապահով լինեն, որ շատ երեխաներ ունենան»: Փաստաբանի համոզմամբ, պետք է բազմազավակ մայրերին տալ հերոսուհու կոչում եւ մեկ օր հայտարարվի բազմազավակ մայրերի օր:
Հարցին, արդյոք պետության այդպիսի վերաբերմունքը բազմազավակների նկատմամբ չի խթանում սելեկտիվ աբորտները, երբ մայրերը չկարողանալող երեխաներին պահել, ստիպված ընդհատում են հղիությունը, եթե այս կամ այն սեռի երեխան արդեն ունեն:
Լիանա Բալյանն ասաց, որ այդպես էլ կա:
Հոգեբան Աննա Բադալյանի խոսքերով, ընտանիքը հոգեբանական կառույց է, իսկ բազամազավակ ընտանիքը յուրովի հոգեբանական կառույց է: Ըստ նրա Հայաստանում ամենամեծ բազմազավակ ընտանիքում կա 17 երեխա. «Հոգեբանական տեսակետից նրանք ակտիվ են, կարողանում են արագ կողմնորոշվել, ընկերախմբերում ոգին են»,-ասաց նա եւ նշեց, որ բազմազավակ ընտանիքների երեխաները որպես անձ, անհատականություն բավականին հետաքրքիր են: Հոգեբանի խոսքերով, հիմնականում այդ երեխաները կենցաղային խնդիրներից հեռու են եւ քանի որ նրանք շատ են, յուրաքանչյուրը ծնողին փորձում է ապացուցել, որ ինքը լավն է:
Հոգեբանն այն կարծիքին էր, որ կողմնակի օգնությունը ծուլացնում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ