«Հին Երեւան» ծրագրի մասին այսօր խոսում են բոլորը: Խոսում են Հայաստանում՝ ճարտարապետական եւ ոչ մասնագիտական լայն շրջանակներում, խոսում են մեր հարեւան բոլոր երկրներում։ Այն, բնականաբար, մեծապես հետաքրքրում է նաեւ ռուսներին, քանի որ խնդրո առարկա քաղաքաշինական ծրագիրը երեւանյան ռուսական շրջանի ճարտարապետությունն է արտացոլում: Մի խոսքով, թեման հետաքրքրում է շատերին: Եվ սա բնավ պատահական չէ:
Ընդհանրապես մեր իրականության մեջ չի եղել որեւէ քաղաքաշինական ծրագիր, որ խաղաղ, հեշտուհանգիստ, առանց քննադատության, առանց նյարդային էքսցեսների իրականացվի: Պատկերացրեք, այդպես նույնիսկ հետաքրքիր չէր լինի: Ի դեպ, խորհրդային շրջանում ե՛ւ երիտասարդական պալատը, ե՛ւ մարզահամերգային համալիրն ու «Ռոսիա» կինոթատրոնը միանշանակ չէին ընդունվել: Այն ժամանակ էլ քննադատները պնդում էին, թե այդ կառույցները հայ ճարտարապետության հետ կապ չունեն:
2014-ի սկզբին ինքս ներկա եմ եղել «Հին Երեւան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանի արվեստանոցում տեղի ունեցած քաղաքաշինական խորհրդի ընդլայնված նիստին, որին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագիտական լայն շրջանակներ. բոլորն էլ ելույթ ունեցան, իրենց խոսքն ասացին, նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին, որոշ դիտողություններ արեցին:
Բայց դրանք այն ժամանակ բնավ չէին վերաբերում ո՛չ տեղին, ոչ էլ առավել եւս բովանդակությանը՝ իրականի եւ երեւակայականի համատեքստում: Տեղի, տարածքի վերաբերյալ արդեն ընդհանրական տեսակետը ձեւավորված էր: Իսկ նիստի մասնակիցներից բնապահպան Կարինե Դանիելյանը ուղղակի խնդրում էր ներկաներին՝ հնարավորինս արագ, հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել այդ ծրագիրը…
Կարդացեք նաև
Իհարկե, եթե ավելի առաջ գնամ, պիտի հիշեմ, որ դեռ 2004-05 թվականներին «Հին Երեւանը» քաղաքային իշխանությունների ամենակարեւոր ծրագիրն էր համարվում: Ընդ որում՝ այսօր այդ ծրագրի տեղն ու նշանակությունը վիճարկող մեր վաստակավոր ճարտարապետներն ու նաեւ ակտիվ բնապահպաններն իրենք էին խնդրո առարկա տարածքը հավանության արժանացրել, ընտրել, քվեարկել եւ այլն:
Ասել է թե՝ այն շրջանում գրեթե բոլորը (մեկ-երկու հոգի ավելի նպատակահարմար էին համարել Ֆիրդուսու շուկայի հատվածը) այն համոզման էին, թե օր առաջ պիտի ծրագիրն իրականացվի:
Այսօր բազմաթիվ ֆեյսբուքյան խումբ-խմբակցություններ ներկայացնող եւ ճարտարապետական կրթություն ստացած՝ քուն թե արթուն խոսողներ ունենք, որ այն օրերին «Հին Երեւան» նախագծի ջերմ ջատագով էին հանդես գալիս, իսկ հիմա մտքափոխ են եղել՝ դառնալով նույն այս ծրագրի եւ ծրագրի հեղինակի ակտիվ քննադատը: Գուցե ակնկալիքներ կային, որ չիրականացա՞ն:
Հարց է ծագում. ինչն է փոխվել՝ «Հին Երեւանի» իրականացման վայրը տեղատարածքային առումով ոչ մի փոփոխության չի ենթարկվել, այն նույնն է, հեղինակը նույնպես նույն ճարտարապետն է: Թերեւս մի կարեւոր բան փոխվել է. այն ժամանակ չկար ո՛չ կոնկրետ ներդրողը, ո՛չ էլ՝ ներդրումային ծրագիրն այսքան մոտ էր իրականությանը:
Անահիտ ԵՍԱՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթ այսօրվա համարում: