Բաղդադից 40կմ. հարավում՝ Իսկանդարիայի մերձակայքում, ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 30 և վիրավորվել է 65 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ABC լրատվական կայքը։
Պայթյունը տեղի է ունեցել Իրաքի ֆուտբոլի առաջնության հանդիպման ավարտից հետո՝ դաշտի մերձակայքում, երբ հաղթողներին էին շնորհվում մրցանակները։
Լրատվամիջոցը փոխանցում է դեպքի վայրում ականատես ոստիկաններից մեկի վկայությունները, որը պատմում է դեպքի մանրամասները. «Հենց նոր էին մրցանակը հանձնել հաղթողներին, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց ինքն իրեն»։
Նշենք, որ Իսկանդարիան Բաղդադի հարավում գտնվող բնակավայր է, որտեղ միախառնված ապրում են իսլամի՝ սունիական և շիայական հոսանքների հետևորդները և այստեղ հաճախ են լինում բախումներ։ Այս պատճառով էլ բնակավայրը շատ հաճախ անվանում են «Մահվան եռանկյունի»։ Հավելենք նաև, որ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Կարդացեք նաև