Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր առաջնորդի տեղը

Մարտ 26,2016 10:00

Ինչո՞ւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ամեն մի քայլ ընկալվում է որպես հոգեւոր ծառայություն: Մարդկանց (ոչ միայն կաթոլիկների եւ նույնիսկ ոչ միայն քրիստոնյաների) մեջ ոչ մի կասկած չի առաջանում, որ այդ մարդն ապրում է հավատով, որ նրա ձգտումները, երազանքները կառուցված են ցանկացած մարդու մեջ հոգեւորի, աստվածայինի տեսլականի վրա: Եվ ինչո՞ւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ մի շարք եպիսկոպոսներ մեզ` հայերիս մեծ մասի կողմից այդպես չեն ընկալվում: Նրանք մեզ համար իշխող վերնախավի մի մաս են` իրենց չափազանց երկրային, նյութական ձգտումներով, շվայտ կյանքով եւ, մեղմ ասած, սահմանափակ ինտելեկտով:
Վստահ եմ, որ եղել են եւ կան ճիշտ նույնպիսի կաթոլիկ կարդինալներ եւ եպիսկոպոսներ, գուցե մերոնցից շատ ավելի վատը: Բայց ներկայիս պոնտիֆիկոսն, իմ կարծիքով, այդպիսին չէ: Նա իսկապես համեստ է, խոնարհ, զուրկ է սնափառությունից, իր անձը կարեւորելուց, իսկապես օրինակ է ցանկացած քրիստոնյայի համար: Եվ ամենակարեւորը` Ֆրանցիսկոսը աղքատների, զրկվածների, կարիքավորների կողքին է` ոչ թե մեր կաթողիկոսի եւ եպիսկոպոսների նման ամբողջ օրը պտտվում է իշխողների, կառավարիչների եւ հարուստների կողքին:

Ֆրանցիսկոսի երեկվա քայլը՝ տարբեր ազգերի եւ կրոնների մադկանց ոտքերը լվալը, իհարկե, նախեւառաջ քաղաքականություն է` հերթական ահաբեկչությունից հետո արված ժեստ, որն ուղղված է հնարավորության սահմաններում իրավիճակը լիցքաթափելուն, տարբեր կրոնական համայնքների միջեւ թշնամանքը մեղմելուն: Բայց դա նաեւ հոգեւոր քայլ է, որն այս՝ Սուրբ Հարության օրերին գուցե կստիպի մտորել ցանկացած մարդու աստվածային էության մասին: Թող ասեն, որ դա միամիտ է, սխալ է, որ բոլոր մահմեդականներին պետք է ոչնչացնել կամ քշել, հակառակ դեպքում Եվրոպան կկործանվի եւ այլն: Ինձ թվում է, ճիշտ հակառակը` միակ բանը, որը կարող է կործանել աշխարհը եւ, մասնավորապես, Եվրոպան, ատելությունն է:

Մեր հոգեւորականները, բնականաբար, պետք է լուծեն ոչ այնքան համաշխարհային, որքան համահայկական խնդիրներ: Իսկ դրանցից, իմ կարծիքով, կարեւորներից մեկը ազատ շուկայի անցնելուց հոգեւոր «պաշտպանիչ շերտեր» ստեղծելն է: 70-80-ական թվականներին ես հաճախ էի լսում՝ «ամեն ինչ սուտ ա, պետք ա փող շինել»: 90-ականների սկզբից այդպես ասողներից ամենացինիկներն ու, թող ներվի ասել, «քյարթուները» իսկապես մեծ փողերի տեր դարձան: Հասարակությունը՝ ուզի թե չուզի, սիրի նրանց, թե ատի, կողմնորոշվում է այս «հաջողակ» մարդկանցով, ինչը բերում է արժեքային լուրջ ճգնաժամի: Հոգեւորականն այն մարդն է, որը պետք է իր օրինակով եւ իր քարոզով հանի հասարակությունը այդ ճահճից: Եվ մենք ունենք բազմաթիվ շարքային քահանաներ, որոնք պատվով են կատարում իրենց այդ գործը: Բայց որքան «բարձր ուսադիրներ» ունի հոգեւորականը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա հենց նույն ծայրահեղ ցինիկների «դասակարգից» է՝ պարզապես «գործի բերումով» մեխանիկորեն կատարում է ինչ-որ ծեսեր: Այդ է պատճառը, որ լավ, պայծառ քահանաները որակ չեն կազմում: Դրա համար եմ ասում, որ տվյալ դեպքում շատ բան է կախված հոգեւոր առաջնորդից:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garegin says:

    Բավականին բարդ և ցավալի թեմա է: Իմ կարծիքով, գոնե ինձ համար, Իրական հոգևոր առաջնորդը երջանկահիշատակ Վազգեն Առաջինն էր, ում հետագիծը պետք է, որ ուղեցույց լինի այսօրվա մեր գործարար-հոգևորականների համար, իհարկե Վեհափառի գլխավորությամբ, ում ամենօրյա ծախսերը կբավարարեն մի քանի մանկատուն պահելու համար: Ես ինձ հավատացյալ եմ համարում ու ցավում եմ, որ սա է մեր իրականությունը:

  2. Երևույթն իրո՚ ք ցավալի է, ըստ իս՝ ամենացավալին: Կեցցե՚ ք, պ. Աբրահամյան, Դուք արդեն որերորդ անգամն է, հրապարակ եք հանում այս դառն իրողությունը, որի վրա,կարծես, տաբու կա դրված: Ավելի ճիշտ/միգուցե/՝ հանրային միտքը առավել կենտրոնացած է աշխարհիկ խնդիրների՝ իշխանության ու նրա վարքի, նրանց ստեղծած գորշ իրականության, հոռի բարքերի վրա: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, մեզանում հանրային նկարագրի վրա շատ ավելի էական է Եկեղեցու ու նրա վերնախավի ազդեցությունը, քան իշխանական վերնախավի: Ավելին՝ Եկեղեցու առաջնորդների /հատկապես՝ Կաթողիկոսի/ բարոյական կերպարի, նրանց իսկապե՚ ս հավատավոր, հոգևոր լինելու պարագայում, կամա-ակամա աշխարհիկ իշխանության դեմքն էլ կփոխվի: Միանգամայն ճիշտ եք՝ բարոյական, մարդասիրական, իրո՚ ք ազգաշահ գործերով պսակված եկեղեցին ի զորու է կարճ ժամանակում հանրային նկարագիր փոխել: Կարող է բարձր արժեքների իմացություն ու դրանց հանդեպ սեր ներարկել: Արժանապատվություն սերմանել / որ չկաշառվեն/: Միասնականություն, համախմբվածություն ջատագովել ու դրան հասնել, որ զորեղ լինեն, չընկրկեն բռի ու զոռբայի առաջ: Որ իսկապե՚ ս իշխանության ձևավորման աղբյուր լինեն, որ վերջապես, իրո՚ ք բարոյական, մարդկային բարձր արժեքներով առաջնորդվող, ՍԵՓԱԿԱՆ իշխանություն ձևավորեն…

  3. henri says:

    Պ. Աբրահամեան դուք յաճախ կը մխիթարէք զիս -հակառակ մեր բազմաթիւ բացասական երեւոյթներուն` նկատել կու տաք որ մեր հասարակութեան մէջ տակաւին կան պայծառատես անձեր որ քաջութիւնը ունին ոչ միայն տեսնելու այլ մատնանշելու մեր ցաւալի շեղումները կրօնական-ընկերային – մարդկային առաքինութիւններէն -վստահ եմ խորհրդածութեան նիւթ հայթայթելով բարի կամքով օժտուած բազմութիւններու որ քաջութիւնը չունին բարձրաձայնելու իրենց համաձայնութիւնը
    Մեր եկեղեցականներուն հիմնական պակասը Հաւատքը չէ – անոնք յաճախ լաւ հաւատացեալներ են եւ նոյնիսկ բարեպաշտ – բայց հեռու կը մնան իրենց դաւանած սկզբունքներէն որովհետեւ լաւ պատրաստուած չեն հովուական կեանքի առաքելութեան եւ շուտով կը վերածուին արհեստաւորներու առաքելութեան վեղարը թօթափելով իրենց վրայէն; ԼՈՒՐՋ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆՆ Է մեր տկար կէտը-որքան հապճեպով օծում ստանան նոյնքան արագ կարգալոյծները կը բազմանան.և սկսած գլուխէն մինչեւ նոր օծեալը աստուածային կոչումը կը վերածուի մարդկային հաճոյակատարութեան ;Վստահ եմ դուք ընտիր կաթողիկոս կրնայիք ըլլալ ,բայց նոյնքան դրական է ձեր առաքելութիւնը որպէս ընտիր հրապարակագիր;

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալ եմ, հարգելի Անրի: Ավելի լավ է՝ մնամ հրապարակագիր 🙂 : Ըստ Ձեզ, Գեւորգյան Ճեմարանը չի՞ ապահովում այդ պատրաստությունը:

  4. Լավատես says:

    “Մեր հոգեւորականները, բնականաբար, պետք է լուծեն ոչ այնքան համաշխարհային, որքան համահայկական խնդիրներ: Իսկ դրանցից, իմ կարծիքով, կարեւորներից մեկը ազատ շուկայի անցնելուց հոգեւոր «պաշտպանիչ շերտեր» ստեղծելն է:“

    Հոգեւորը նույնքան ռազմավարական արժեք ունի պետության ազգի համար, որքան բանակն ու տնտեսությունը, առանց հոգեւորի եւ բանակն է թույլ, եւ տնտեսությունն աղքատ, այդ երեքը՝ բանակը, հոգեւորն ու տնտեսությունը մեր պետության համար սուրբ երրորդություն է, մեր դրոշի երեք գույները՝ մի գույնն անգամ վերացրու կամ փոխի՝ էլ հայոց դրոշ չի կոչվի: Որպեսզի մեր պետությունը լինի ինքնաբավ ու հզոր պետք է ունենա համապատասխանորեն երեք նախարարություն՝ ուժային, հոգեոր ու տնտեսության եւ այդ երեքն իրար թիկունք պետք է լինեն: Խորհրդային միության փլուզումը ցույց տվեց, որ հզոր բանակն ու հզոր տնտեսությունը ոչինչ չարժեն հոգեւորի՝ գաղափարախոսության ճգնաժամի ու ոչնչացման պայմաններում:

  5. henri says:

    Գէորգեան ճեմարանը ընտիր ուսուցիչներ ունի որ իրենց մասնագիտութիւնը կը դասաւանդեն և տուն կը վերադառնան; Դպրեվանքի Տեսուչներու պարագան ուր հարկ էր մեծ ուշադրութիւն դարձնել թերի է քանի կը հետեւիմ և կը նկատեմ որ անոնք յաճախ կը փոխուին -երիտասարդ նոյնիսկ եռանդով լի աբեղան կրնայ շատ առաքինի ըլլալ բայց վանական կեանքին փորձառու չըլլալով շատ դժուար է որ կարենայ օգտակար ըլլալ անոնց մարդկային եւ հոգեւոր կազմաւորումին ;ուսանողները ընդհանրապէս գիւղերէն եկած պատանիներ են -հոն է որ պէտք են ձեւաւորուիլ ներկայ ժամանակներու գայթակղեցուցիչ և նիւթապաշտ աշխարհի տարրերով շրջապատուած `Դպրեվանքի Տեսուջը միայն տիտղոս չէ այլ հիմը դնողն է ապագայ Հայ եկեղեցականին ամուր դաստիարակութեան.Երբ Հայաստանեայց Եկեղեցին այս հարցը լուծէ այն ատեն մենք ալ կ`ունենանք Փրանկիսկոս պապին նման առաքինի եկեղեցականներ եւ Հովուապետներ;

  6. Մարգար Մախսուդյան says:

    Խոսել ՛՛լավ՛՛ և ՛՛վատ՛՛ կրոնավորների մասին, առանց խորանալու կրոնի և ժամանակակից քաղաքակրթության հակասությունների մասին, կնշանակի գլոբալ խնդրի քննարկումը հետաձգել անորոշ ժամանակով:
    Մի պահ հանգիստ թողնենք Մուհամմեդի հետևորդներին, որոնք մտնելով Աստծո ծառայի կերպարի մեջ՝ հանգիստ խղճով կարող են երեխա մորթել կամ հարյուրավորների զոհաբերել ի կատարումն Ալլահի պատգամների:
    Համոզված հավատացյալներին խնդրում եմ պատասխանել մեկ հարցի.
    Ինչպիսի՞ն է կրոնի և ժամանակակից գիտություն մոտեցումը սեռական ժուժկալությանը, և այդ ինչպե՞ս է, որ կուսակրոն պաշտոնյաների չեն նկատվում այն պաթոլոգիաները, որոնք այնքան ցայտուն են արտահայտված հասարակ մահկանացուների մոտ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031