Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գենդերային հավասարությունը լավ հասարակության համար

Մարտ 26,2016 13:30

Այս ամիս ես պատիվ ունեցա խոսք հղել շուրջ 150 երիտասարդ հայ կանանց, ովքեր ներկա էին Հայաստանի Առաջնորդության դպրոցի՝ Կանանց միջազգային օրվան նվիրված նախաձեռնություններից մեկին՝ «Ապագա կին առաջնորդներ» խորագրով միջոցառմանը: Վերջինս հրաշալի առիթ էր 21-րդ դարում կանանց դերի եւ իրավունքների մասին տեսակետներն ու մտահոգություններն արտահայտելու, ինչպես նաեւ տպավորիչ երիտասարդ կանանց հանդիպելու համար. կանայք, ովքեր ցանկություն ունեն ղեկավար դեր ստանձնել Հայաստանի՝ որպես բարգավաճ եւ կայուն ժողովրդավարական երկրի ապագայի կերտման գործում:

Ես այս միջոցառմանը ներկա գտնվեցի ոչ միայն այն պատճառով, որ կին եմ, այլ նաեւ՝ քանի որ կանանց իրավունքների խթանումն ու պաշտպանությունը եւ, մասնավորապես, կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ պայքարը առաջնահերթություն է Եվրոպական միության եւ Միացյալ Թագավորության համար:

Եվ այսպես, ինչո՞ւ է կարեւոր գենդերային հավասարությունը:

Այն խթանում է անվտանգությունը: Փաստերը ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ կանանց եւ տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը մեծ է, ավելի մեծ է ներպետական եւ արտաքին կոնֆլիկտների հավանականությունը, մինչդեռ այն երկրները, որոնցում առկա է կանանց եւ տղամարդկանց նկատմամբ առավել հավասար վերաբերմունք, հակված են ավելի կայուն եւ խաղաղ լինել: Կոնֆլիկտների հաղթահարման եւ խաղաղության խթանման գործընթացներում կանանց իմաստալից մասնակցությունը մեծացնում է ավելի լավ արդյունքների հասնելու հավանականությունը: Ըստ «ՄԱԿ-Կանայք»-ի զեկույցի՝ խաղաղության այն համաձայնագրերը, որոնց բանակցային գործընթացներում կանայք ներգրավված են եղել, 35 տոկոսով ավելի հավանական է, որ 15 տարի կգործեն: Հետեւաբար կանանց իրավունքների պաշտպանվածության, քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության հնարավորության եւ կոնֆլիկտների հաղթահարման նախաձեռնություններում լիարժեք ներգրավվածության ապահովումը առաջնային է Միացյալ Թագավորության համար: Հայաստանում բրիտանական դեսպանատան ֆինանսավորած ծրագրերից մեկի նպատակն է բարձրացնել իրազեկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձեւի եւ «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» հարթակի մասին, ինչպես նաեւ խթանել Հայաստանի Հանրապետության կարողությունները՝ իր դերը համապատասխանաբար կատարելու նպատակով։

Գենդերային հավասարությունը տնտեսական նշանակություն ունի։ Ըստ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալների՝ տնտեսական հնարավորությունների ոլորտում գենդերային հավասարության ապահովումը նպաստում է առավել կայուն տնտեսական աճին։ Ֆորմալ կրթության եւ ուսուցման ոլորտում ներդրումներ կատարելը խթանում է երկրի մարդկային կապիտալի աճը եւ մեծացնում թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց աշխատանքային ու ձեռնարկատիրական հնարավորությունները։ Արդյունքում՝ բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը, որը բիզնեսներին ընդլայնվելու, նորարարությունների եւ մրցակցելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Սա իր հերթին բերում է լրացուցիչ եկամտահարկ եւ սոցիալական ապահովության վճարներ պետությանը։ Ըստ «ՄԱԿ-Կանայք»-ի՝ կանանց տնտեսական հավասարությունը լավ է գործարարության համար։ Ընկերությունները մեծապես շահում են կանանց առաջնորդության մեծացող հնարավորություններից, որը բարձրացնում է կազմակերպական արդյունավետությունը։ Ահա թե ինչու է Եվրամիությունը ակտիվորեն աջակցում կին ձեռնարկատերերին՝ խթանելով հայաստանյան տնտեսության զարգացումը։

Գենդերային հավասարությունը նաեւ նպաստում է ժողովրդավարությանը։ Այն խորհրդարաններն ու կառավարությունները, որոնցում իսկապես արտացոլված է հասարակության բազմազանությունը, մշակում են ողջ հասարակության կարիքներին առավել համապատասխան քաղաքականություններ։ Թեեւ կանայք կազմում են Հայաստանի բնակչության 52 տոկոսից ավելին, եւ ներկայիս ընտրական օրենսդրությունը ներառում է 20 տոկոս քվոտա, ներկայիս խորհրդարանում կանայք 10 տոկոսից պակաս ներկայացվածություն ունեն։ Գալիք ընտրաշրջանը Հայաստանում հնարավորություն է ընձեռում ի շահ բոլոր հայերի ուղղել գենդերային ներկայացվածության այս անհավասարակշռությունը։

Շահավետ լինելուց զատ՝ հավասարությունը մարդու հիմնարար իրավունք է։ Ողջ աշխարհում կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականությունն ու բռնությունը շարունակում են մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձեւերից մեկը հանդիսանալ։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ: Ահա թե ինչու մենք եւ Եվրամիության մեր գործընկերները խրախուսում ենք հայաստանյան իշխանություններին ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք, ինչպես նաեւ հատուկ օրենք՝ ընդդեմ ընտանեկան բռնության:

Օրենսդրությունն ինքնին չի կարող ապահովել գենդերային հավասարություն: Դրա համար հարկավոր է ընկալումների փոփոխություն: Կանայք եւ աղջիկները արժանի են գնահատվելու այնպես, ինչպես տղամարդիկ ու տղաները, եւ ունենալու նույն հնարավորությունները: Ուսուցանողները, գործատուներն ու օրենսդիրները՝ բոլորը կարող են իրենց դերն ունենալ այս մտածելակերպի զարգացման գործում: Ընտանիքները՝ եւս: Ահա թե ինչու է Եվրոպական միությունն օգնում պայքարել հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների չափազանց անհանգստացնող երեւույթի դեմ Հայաստանում, որն այս ցուցանիշով երկրորդ տեղում է աշխարհում:

Եվրոպական միության գենդերային գործողությունների 2016-2020թթ. ծրագիրը պարտավորեցնում է ԵՄ անդամ երկրներին խթանել գենդերային խնդիրների պատշաճ ներառումը գործընկեր կառավարությունների օրակարգերում: Եթե Հայաստանն ուզում է ծաղկել ու բարգավաճել այնպես, ինչպես իր եվրոպական ընկերներն են ցանկանում դա իրեն, բնակչության 52 տոկոսի ներուժն իրացնելու միջոցով գենդերային հավասարության ապահովումը չպետք է դժվարություն հարուցի: Ահա թե ինչու ենք մենք հակված օգնել, որ դա տեղի ունենա:

 
Տկն. ՋՈՒԴԻԹ ՖԱՐՆՈՒՈՐԹ
Հայաստանի Հանրապետությունում
Մեծ Բրիտանիայի
եւ Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության
արտակարգ եւ լիազոր դեսպան

 

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031