Կամ՝ համաշխարհային փառքից մինչեւ ծայրաստիճան աղքատություն
Ավելի հայտնի ոսկերիչ, քան Կարլ Ֆաբերժեն, դժվար է պատկերացնել: Նրա՝ կայսերական ընտանիքի համար ստեղծած Զատկական ձվերն այսօր միլիոնավոր դոլարներ են գնահատվում՝ համարվելով ոսկերչական վարպետության չգերազանցված նմուշներ: Ֆաբերժեն բարդ կյանք է ունեցել՝ ինչպես անհոգ տարիներ ու փառք, այնպես էլ՝ ծանր օրեր էմիգրացիայում, հալածանքներ եւ աղքատություն: Ի դեպ, Զատկական ձվերի ստեղծման գաղափարը 1885թ. ծնվել է Ալեքսանդր III կայսեր մոտ: Եվ հենց այդ ժամանակ էլ նա ոսկերչին պատվիրեց այդ տարօրինակ իրերը՝ Զատկի տոնի առիթով: Ֆաբերժեն առաջինը ստեղծեց «Հավիկ» անունով ձուն, որը պատված էր սպիտակ էմալով, իսկ ներսում դեղնուցն էր, բնականաբար՝ ոսկուց: Դեղնուցի մեջ էլ «թաքնված» էր ռուբինե աչքերով հավիկը: Դա նախատեսված էր կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի համար: Առաջին օրինակն իսկական ֆուրոր առաջացրեց կայսերական պալատում, որից հետո Ֆաբերժեն նորանոր ձվեր ստեղծեց: Դրանցից ոչ մեկը չէր կրկնում մյուսին: Ձվերի թիվը հասավ 71-ի, որոնցից 52-ը՝ կայսեր ընտանիքի համար:
Այնուհետեւ Ֆաբերժեի ոսկերչական ֆիրման սկսեց աշխատել միայն կայսերական ընտանիքի համար՝ ստեղծելով ոչ միայն զատկական պարագաներ, այլեւ զարդատուփեր, զարդեր ու զանազան աքսեսուարներ: Ֆաբերժեի արտադրանքը ծավալվեց Ռուսաստանի խոշորագույն քաղաքներով մեկ, թվում էր՝ վարպետին անհոգ եւ երջանիկ կյանք է սպասվում: Այդ պատրանքները, սակայն, փշրվեցին 1917 թ., երբ իշխանության եկան բոլշեւիկները: Թվում էր՝ հեղափոխությունն ուղղակի կանցնի Ֆաբերժեի տան կողքով եւ նրա հետ որեւէ առնչություն չի ունենա: Վարպետի տան հատուկ սեյֆում պահվում էին 7,5 մլն ռուսական ոսկեդրամ արժեցող զարդեր, սեյֆին էլ էլեկտրական հոսանք էր միացված: Ունեցվածքը եւ այնտեղ պահվող հարստությունը բոլշեւիկներից փրկելու համար Ֆաբերժեն ստիպված տունը վարձակալության հանձնեց շվեյցարական առաքելությանը, քանի որ այդ շրջանում Ռուսաստանում գործում էր Օտարերկրացիների հարստության անձեռնմխելիության մասին օրենք: Ֆաբերժեն թանկարժեք զարդերն ու իրերը տեղավորել էր 7 ճամպրուկի մեջ, իսկ դրանց ցուցակը կազմում էր 20 էջ: Զարդերի ճակատագրի վերաբերյալ մի քանի համառ վարկած կա. ա) բոլշեւիկները գտել են ամբողջ հարստությունը ու վաճառել Ռուսաստանի սահմաններից դուրս, բ) մի քանի ճամպրուկ ի պահ է տրվել նորվեգական դեսպանատանը, որտեղից ողջ զարդերն ու արխիվային փաստաթղթերը հետագայում գողացվել են, գ) Ֆաբերժեն եւ նրա զավակներն, այնուամենայնիվ, կարողացել են զարդերով լեցուն մի քանի ճամպրուկ թաքցնել գաղտնի պահոցներում:
Կարդացեք նաև
Ունեզրկված Ֆաբերժեն ստիպված էր բոլշեւիկների իշխանության գալուց հետո լքել Ռուսաստանը, նրանից խլել էին սիրելի զբաղմունքը, միլիոնների կարողությունը, հայրենի հողը: Տեղափոխվելով Շվեյցարիա՝ նա մի կերպ քարշ տվեց իր խղճուկ գոյությունը՝ երանությամբ հիշելով նախկին կյանքի մասին: 1920-ին Ֆաբերժեն վախճանվեց աղքատության մեջ: Նույն թվականին նրա ստեղծած ոսկերչական զարդերի գինն անասելի ընկավ, եւ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանց պահանջարկն աճեց:
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ» օրաթերթ
25.03.2016