Հայաստան-Բելառուս հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նորեկներից հատկապես առանձնացրեց Դավիթ Գոռ Մալաքյանին եւ Դավիթ Մանոյանին:
«Նրանք լավ խաղացին եւ ինձ թվում է՝ արդեն հիմնական կազմի խաղացողներ են», -ասաց նա եւ ավելացրեց. «առաջին խաղակեսում ֆուտբոլիստները մի փոքր կաշկանդված էին: Երկրորդ կեսում իմ կարծիքով ավելի լավ խաղացինք»: Խոսելով խաղադաշտ չմտած ֆուտբոլիստների մասին, գլխավոր մարզիչն ասաց. «Ժամանակ եւ մի քանի ընկերական խաղ դեռ ունենք: Բոլորին էլ կփորձենք»: Բնականաբար, շոշափվեց նաեւ ՀՖՖ նախագահի վերջերս արած այն հայտարարությունը, թե իր կարգադրությամբ երեք առաջատար ֆուտբոլիստներ չեն հրավիրվել հավաքական եւ ըստ նրա հարկավո՞ր է, որպեսզի ֆեդերացիայի նախագահը որոշի հավաքականի կազմը:
«Ես կազմը չեմ որոշել: Ես նայում եմ այն տղաներին, որոնք այսօր պատրաստ են եւ այսօր իմ տեսադաշտում են», – պատասխանեց գլխավոր մարզիչը: Իսկ լրացուցիչ հարցին, թե ո՞րն է ֆեդերացիայի նախագահի եւ գլխավոր մարզչի լիազորությունների սահմանը, Վարուժան Սուքիասյանը հակադարձեց. «Լիազորությունների հարցում՝ ընդհանուր, բայց կազմի ընտրության, մարտավարության ընտրության հարցում դա գլխավոր մարզչի գործն է: Մենք դեռ փորձարկումների մեջ ենք եւ էդ հարցերին եկեք մի քիչ հեռվից նայենք: Թողեք աշխատենք», – եզրափակեց Վարուժան Սուքիասյանը:
Կարդացեք նաև
Իսկ Բելառուսի ընտրանու գլխավոր Ալեքսանդր Խացկեւիչը գերադասեց խոսել միայն իր թիմի մասին՝ ընդգծելով, որ խաղի որակից դժգոհ է, քանի որ շատ էր տեխնիկական խոտանը եւ անցումը պաշտպանությունից հարձակում: «Պարզ իրավիճակներում կորցնում էինք գնդակը եւ պատասխան գրոհները չէին ստացվում եւ դրանք էին այն բաղադրիչները, որոնք հիմնականում ինձ չգոհացրին», – ասաց հյուրերի գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ