Լրահոս
Օրվա լրահոսը

Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ Պերմյակովին. մանրամասնում է Երվանդ Վարոսյանը. (Տեսանյութ)

Մարտ 25,2016 22:55

Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատարանը դեռ հրապարակում է գործով ձեռք բերված փաստաթղթերը. այսօր հրապարակեց տուժողների հագուստների փորձաքննության արդյունքները, ինչպես նա դատաձգաբանական փորձաքննության արդյունքները: Այս ամենը ընթերցում էր դատախազ Գեւորգ Գեւորգյանը, որը մերթ ընդ մերթ լավ չէր լսվում, բովանդակությունը երբեմն անհասկանալի էր մնում:

IMG_2593 IMG_2595

Aravot.am-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է հայտնի դարձել այս սպանությունից: Փաստաբանն ասաց, որ դատաձգաբանական համալիր փորձաքննության արդյունքներում արտացոլված են Ավետիսյանների տանը առկա հրազենային վնասվածքները, այսինքն` որտեղ ինչ հետքեր են մնացել: «Ասեմ, որ հետագայում եւս մի փորձաքննություն է իրականացվել, որի ժամանակ համադրություն է իրականացվել թե՛ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների հետ դիակների, թե այս եզրակացության հետ, լրացուցիչ անգամ զննվել է տունը: Այս եզրակացության իմաստն այն է, որ սրանով է պարզվում՝ ի վերջո ո՞ր դիրքից, քանի կրակոց, որ ուղղություններով է արձակվել տան մեջ: Սա էական նշանակություն ունի հենց այն առումով, որ հենց այս եզրակացությունը ու հաջորդ դատաձգաբանական եզրակացությունն են թույլ տալիս եզրահանգումներ անել, թե ի վերջո կրակոցները ո՞ր դիքից են արձակվել, ո՞ր ուղղություններով են արձակվել ու քանի՞ կրակոց:

Ասեմ, որ հենց այս եզրակցությունն ու հաջորդ եզրակացությունը համադրելով՝ ամբաստանյալի ցուցմունքի հետ հնարավոր է դառնում ի վերջո հասկանալ այս մարդու ասածը իրականության հետ համընկնումներ ունի՞, թե չունի՞: Առաջ ընկնելով՝ ես չեմ ուզում գնահատականներ տալ, կհասնենք իր ցուցմունքի փուլին, բոլորս այդ համադրումը միասին իրականացնելու հնարավորություն կունենանք», ասաց փաստաբանը:

Մեր դիտարկմանը, թե բացի առանձին կրակոցներից նաեւ կրակահերթեր են արձակվել, Երվանդ Վարոսյանն ասաց, որ դատաձգաբանական փորձաքննության եզրակացության մեջ կա որ դիրքում առանձին կրակոցներ, որ դիրքում կրակահերթեր են արձակվել:

«Կրակոցներ արձակելուց հետքեր են առաջացել, բացի գնդակից, նաեւ պարկուճի դուրս նետման հետեւանքով, որովհետեւ Ավետիսյանների տունը բավական նեղ ու փոքր է, եւ պարկուճները թե՛ պատերի, թե՛ կահույքի վրա հետքեր են թողել, ինչը հնարավորություն է տվել փորձագետներին նաեւ դիրքը պարզել, որտե՞ղ է կանգնած եղել՝ կոնկրետ, մոտավոր քանի կրակոց որ դիրքից է արձակվել: Եթե բաց տարածքում են կրակոց արձակում, պարկուճը հետք չի թողնում, ուղղակի ինքնաձիգից դուրս է թռնում, ընկնում է գետին, իսկ Ավետիսյանների տանը կոնկրետ կրակոցներից շատ շատերը նաեւ թողել են երկրորդական հետք դուրս թռցված պարկուճից»:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ ընտանիքի անդամներից առնվազն երկուսը արթուն են եղել, հայրը՝ Սերյոժա Ավետիսյանն ու որդին՝ Արմեն Ավետիսյանը: «Որդին երրորդ ննջարանից փորձել է գալ առաջին ննջարան, ըստ երեւույթին կրակոցները լսելով՝ փորձել է գալ, հասկանալ՝ ինչ է կատարվում, արդեն երկրորդ ննջարանում գտնվելու ժամանակ է նրա ուղղությամբ կրակոցներ արձակվել եւ նա դրա հետեւանքով հետ է շպրտվել վերջին ննջարանը իրենց: Նաեւ ավագ Սերյոժա Ավետիսյանի մարմնի վրա առկա վնասվածքներից իսկ կարելի է եզրակացնել, որ անձը շարժման մեջ է գտնվել, եթե նա լիներ անշարժ վնասվածքները նրա մարմնի վրա կլինեին մեկ ուղղությունից արձակված եւ ակնհայտ կլիներ, որ նա պառկած դիրքում է եղել, բայց կան այլ ապացույցներ, որ Սերյոժա Ավետիսյանը ոչ միայն եղել է արթուն, այլ փորձել է դիմադրություն ցույց տա», ասաց փաստաբանը: Երվանդ Վարոսյանն ասաց, որ կրակոցները սկսվել են հյուրասենյակից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031