Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ տվեցի քաղաքին ու հանդիպեցի…քեզ»

Մարտ 25,2016 22:40

«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճը երեկ երեկոյան շատ երիտասարդների ընդունեց: Շեշտում եմ` երիտասարդների, որովհետեւ նրանց ներկայությամբ պարզապես չես կարող չուրախանալ: Գուցե ընթերցողը մտածի` ուրախանալու ավելի լուրջ բան չկա՞, բայց հավատացեք` կինոթատրոն եկած երիտասարդներով իսկապես կարելի է եւ պետք է ուրախանալ: Հատկապես, երբ ընտրությունը ոչ թե 3D կամ հոլիվուդյան ֆիլմարտադրության վերջին գլուխգործոց է, այլ տիպիկ հայկական, կարելի է ասել` «երեւանյան» ֆիլմ, որի բյուջեն, ինչպես ռեժիսորն է ասում, ծիծաղելի թիվ է…

Եւ այսպես, մշակութային հավաքի առիթը «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի առաջին ցուցադրությունն էր, որից հետո մարդիկ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ հարցուպատասխանի միջոցով շփվելու առիթ ունեցան:

Շատերը ֆիլմը դիտեցին ոտքի վրա կամ աստիճաններին նստած, այդ թվում` ես: Գուցե ինչ-որ տեղ ծիծաղելի հնչի, բայց այդպես ավելի հաճելի էր: Առավել հաճելի էր տեսնել, որ ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը չէր շտապում հեռանալ դահլիճից եւ լսում էր, թե ինչպես է ծնվել մարմնավաճառի մասին ֆիլմ նկարելու գաղափարը: Ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը պատմեց, որ տարիներ առաջ Բեյրութի փողոցով արագ քայլելիս է եղել: Հեւալով` ձեռքը դրել է սրտին: Այգու դիմաց կանգնած մարմնավաճառներից մեկն ասել է` «հա, ես կյանքին սիրտ կդիմանա՞…»:

FILE8230 FILE8235 FILE8222

«Մարիամի մեկ կիրակին» ոչ թե մարմնավաճառության, այլ մարմնավաճառի ճակատագրի մասին է: Հանդիսատեսը չի տեսնի հանուն գումարի կամ «գենի թելադրանքով» իրեն վաճառած աղջկա էրոտիկ արկածները: Ֆիլմը հարուստ չէ բաց տեսարաններով եւ գուցե դրանով է բացառիկ: Յուրօրինակ է նաեւ նրանով, որ դերասանուհու կուրծքը մերկանում է նկարչի առաջ…

Իսկ նկարիչը սիրված Աշոտ Ադամյանն է, որին, ցավոք, շատերը դեռեւս միայն «Կտոր մը երկինք» ֆիլմից են հիշում: Արդարեւ, ֆիլմը դերասանի յուրահատուկ «այցեքարտն» է, բայց դիտենք, ասենք, «Եւ յոթերորդ օրը…» ֆիլմը եւ ոչ միայն:

Եւ այսպես, Մարիամի հերթական կիրակին բախտորոշ է դառնում: Սեւ ու սպիտակ կինոնկարի առաջին տեսարանները «համեմված» են երեւանյան փողոցների աղմուկով եւ ջութակի հնչյուններով… Հայտնի «Կոմայգուն» (Կիրովի անվան մանկական զբոսայգի) հարակից փողոցում առավոտյան քայլում է Մարիամը` բարձրակրունկներով, «մինի»-կիսաշրջազգեստով, կիսաբաց կրծքով եւ մաստակը մեղմ ասած անկանոն ծամելով(ի դեպ, հարգելի աղջիկներ, մաստակ ծամելու եւ արեւածաղիկ կեղեւազերծելու «ձեւը» շատ բան կարող է ասել գեղեցիկ սեռի ներկայացուցչի մասին):

Օրորվող քայլվածքով մարմնավաճառը ժպտում է ավտոմեքենաների վարորդներին, անցնում-դառնում` կարծես չնկատելով այգու ցանկապատին հենված-նստած տղամարդուն (նկարչին` Աշոտ Ադամյանին):

Երկրորդ անգամ նրա տեսադաշտը փակելուց հետո Մարիամը նստում է նրա կողքին: «Գոնե կրակ ունե՞ս»,-հեգնելով ասում է Մարիամը, ինչից հետո տղամարդը վառում է նրա ծխախոտը:

-Դե, ասա տեսնեմ, դարդդ ի՞նչն է,-հարցնում է Մարիամը:

-Էդպես, ինձ տվեցի քաղաքին ու հանդիպեցի…քեզ,-պատմում է խորհրդավոր անծանոթը:

Մարմնավաճառը փորձում է գուշակել նրա մասնագիտությունը: Ի վերջո, տղամարդն ասում է, որ նկարիչ է, ինչը զարմացնում է Մարիամին:

-Լուրջ, նկարի՞չ ես:

-Հա, շատ լուրջ նկարիչ եմ,-կես կատակ-կես լուրջ պատասխանում է նկարիչը, ապա աղջկան առաջարկում լուսանկարվել:

-Ամաչում եմ,-ասում է Մարիամը:

-էդ էստեղ կանգնելուց չես ամաչում, նկարվելուց ամաչում ե՞ս,-հայրական նախատինքի տոնով ասում է նկարիչը:

Պատմությունը շարունակվում է Վարդանի(այդպես է նկարչի անունը) արհեստանոցում: Անավարտ քանդակներ, կտավներ, նախորդ դարից մնացած զգեստներ ու շատ-շատ վրձիններ… Նկարիչը Մարիամին առաջարկում է հանվել… Զարմանալի է, բայց մարմինը վաճառող աղջիկը դժվարությամբ է մերկացնում այն:

Մի պահ լուսանկարչական սարքի անվերջ թվացող «չխչխկոցից» աղջկա աչքերն արցունքոտվում են, դեմքը մռայլվում է… Նկարիչն էլ, չգիտես, կամ` գիտես ինչու, հիշում է Տերյանին.

-«Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …»

Ձեղնահարկ բարձրացող նկարչին նայելով` Մարիամը շարունակում է.

-«Սիրտս տանջում Է ինչ-որ անուրախ
անհանգստություն…»

Վարդանն առաջարկում է լուսանկարվել իր կնոջ տատիկի քրոջ զգեստով, որը Մարիամին շատ է դուր գալիս: Նկարիչը հյուսում է նրա մազերը` այնպես, ինչպես հայրը կհյուսեր իր դստեր մազերը… Մարիամն արտաբերում է` «վերջին անգամ մազերս մայրս է հյուսել»…

Արվեստանոցում շարունակվող հեքիաթը հանկարծ ընդհատում է նկարչի կինը, որն աղջկան տեսնելով`  խանդոտ հայացքով նայում է ամուսնուն, ապա հյուրընկալությունն ու բարեսրտությունն անում են իրենց գործը…

Ի դեպ, այգու դիմաց ծավալված զրույցից եւս մեկ հիշարժան պատառիկ.

-Եթե ուզում ես փող աշխատել, ինձ վրա հույս չդնես

-Հասկացա, ամուսնացած ես, կինդ էլ լավն է…

Միայն արվեստանոցի լոգասենյակում է Մարիամը կնոջից տեղեկանում, որ երեխա չի կարող ունենալ: Մարմնավաճառն  ընթրիքի սեղանի շուրջ է նստում նկարչի, նրա կնոջ եւ հորեղբոր հետ: Գինու ընկերակցությամբ ծավալվում են ջերմ զրույցներ: Կինը հիշում է, որ Վարդանին առաջին անգամ տեսել է արվեստի բուհում, երբ վերջինս բնորդուհուն ուսերին դրած` շրջելիս է լինում միջանցքում…

Մարիամը շարունակ ժպտում է, իսկ երբ նկարիչն ու կինը նրան ավտոմեքենայով տանում են տուն, պատուհանից նայելիս առաջին անգամ ասում է ինքն իրեն` «ինչ գեղեցիկ է Երեւանը…»: Մարմնավաճառի դեմքը շուտով խոժոռվում է. արցունքը հոսում է այտից, երբ նկարիչը հարցնում է, թե ուր տանի իրեն: «Կոմայգի, էլ ո՞ւր»,-հանգիստ պատասխանում է Մարիամը: Այդ չափազանց կարճ երկխոսությունից շփոթված կինը ոչինչ չի կարողանում արտաբերել, չէ՞ որ հեքիաթի վերջին վայրկյաններ էին մնացել:

Մարիամն առանց բառ արտաբերելու իջնում է «Կոմայգու» դիմաց եւ քայլում «գործընկերների» մոտ: Նրան տեսնելով` մեկ այլ մարմնավաճառ «նորեկներին» ակնարկում է.

-Այ «դիշովկեք», տեսեք` ոնց են աշխատում, իսկ դուք նոր եք հելել քնից:

Նկատելով, որ Մարիամն ավտոմեքենայում մենակ չէր, նա ակնարկում է.

-Էս արդեն «գռուպավոյ» ես աշխատո՞ւմ:

-Նրանք իմ ընկերներն են, փակիր կեղտոտ բերանդ,-արցունքները խեղդելով` պատասխանում է Մարիամը:

-Մարիա՞մ… Մարիամի՞կ… հո բան չի՞ եղել, հո հիվանդ չե՞ս…

-Հա, էսօր ես հիվանդ եմ,-արդեն նախկին «գործընկերուհու» երեսին է շպրտում Մարիամը եւ հեռանում արդեն նախկին «աշխատավայրից»…

Սա մի փոքրիկ, բայց հուզիչ պատմություն է այն մասին, որ մարդկային, եւ հատկապես` ընտանեկան սերն ու ջերմությունը կարող են փրկել ամեն ինչ եւ ամենքին` մարմնավաճառին, հիվանդին, որբացած երեխային, հանցագործին, անօգնական տարեցին, սոված շանը, տրորված ծաղկին… Խոսքը մարդկային պարզ, մաքուր սիրո մասին է` սեր, որն ի ծնե կրում է յուրաքանչյուր մարդ եւ որը պետք է ծառայի միայն ներդաշնակությանը… Երեւանին, եւ ոչ միայն, սերն է պակասում… Իսկ այդ պակասը կարող է եւ պարտավոր է լրացնել յուրաքանչյուրը, հատկապես` փողոցում աղբ թափողը, հուշարձան քանդողը, թանկարժեք ավտոմեքենայի ղեկին իրեն «արքա» երեւակայողը եւ այլն… Այնքան շատ են նրանք…

Իսկ գուցե մեզ արվե՞ստն է պակասում: Գուցե ժամանակն է հենց հիմա դուրս գալ «Ֆեյսբուքից», քայլել երեւանյան աղմկոտ, երբեմն կեղտոտ, բայց հարազատ փողոցներով, զանգել ընկերներին, գնալ ցուցահանդես կամ ֆիլմ դիտելու… Մի խոսքով, մեզ ապրելն է պակասում…

Ի դեպ, գլխավոր հերոսուհու մասին: Մարիամի կերպարը մարմնավորել է Ռուզան Վիթը. կին, որը գիտի` ինչ է տիեզերական սերն ու ինչպես արվեստի միջոցով այն փոխանցել մարդկանց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հերմինե says:

    Տպավորիչ վերնագիր և գեղեցիկ շարադրված միտք։ Հեղինակն այնքան է տպավորված ֆիլմով, որ ընդամենը մեկ անգամ նայելուց կարծես թե անգիր գիտի ֆիլմը))))) Սակայն կարծում եմ, որ շատ մանրամասն է նկարագրվում և հետաքրքրությունը ֆիլմը դիտելու պակասում է ( ինչպես օրինակ երբ կարդում ես գրքի վերջին էջը դեռևս մի քանի էջ կարդացած)։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031