Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեսուչները չեն հավատում, որ ՏՏ ոլորտում սեւ հաշվապահություն չկա

Մարտ 25,2016 22:15

Մեր երկրից մեծ ծավալների արտագաղթը բացասական է անդրադառնում տնտեսության նույնիսկ այն ոլորտի  վրա, որը աճ է արձանագրում ու զարգանալու հնարավորությունները մեծ են: Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության, 2015 թվականին՝ 2014-ի համեմատ, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ տեղեկատվական ծառայություններ ոլորտում 14.5% աճ է գրանցել:

Այսօր ԻՏՁՄ համագումարին ներկայացվեց «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը: Համագումարին մասնակցում էին բազմաթիվ մասնագետներ եւ ընկերություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից:

Aravot.am-ի հետ զրույցում «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանն անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նկատեց՝ թեեւ շատ բան կա նշելու, սակայն ներկայումս գլխավորը մարդկային ռեսուրսների խնդիրն է. «Քիչ մարդ կա Հայաստանում, շատ են արտագաղթել»:

Վահագն Պողոսյանն ասաց, որ հասարակության մի զանգվածի մոտ  բարոյահոգեբանական անկումն էլ ազդեցություն է թողնում ՏՏ ոլորտի վրա, բայց կրկին մասնագիտական ռեսուրսների իմաստով: «Այդ մարդիկ իրենց մեջ մտածում են Հայաստանից գնալու մասին, տեղում երկարաժամկետ ներդրում անելու պատրաստ չեն: Ես առաջարկում եմ, ասում եմ իրենց՝ եկեք մեկ տարի սովորեցնեմ ձեզ, հետո կընդունեմ աշխատանքի: Չեն ուզում, իրենք դրան պատրաստ չեն, մտածում են՝ քեռին կկանչի, կգնա Մոսկվա»,-ասաց Վահագն Պողոսյանը:

Aravot.am-ի այն հարցին՝ գուցե դրսում ավելի շատ եկամուտ կստանան, կամ տնտեսական որոշ խնդիրների պատճառով են գնում այլ երկիր, Պողոսյանն ասաց. «Տնտեսությունն ու փողը կապ չունեն: Այնպիսի բարոյական անկում է, որ այսպես ասած՝ ինչքան էլ ջրես, ծառ չի աճի այսպիսի հողում»:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում 

Վահագն Պողոսյանը պատմեց, որ 2001-2006 թվականներին ինքն ու իր ընկերության համահիմնադիրը միասին սովորում էին Սիլիկոնյան հովտում, հետո մտածել են Հայաստանում սեփական բիզնեսը հիմնել: Պողոսյանը վստահեցրեց, որ ընդամենը 5-6  տարում «Ինսթիգեյթ» ընկերությունը Հայաստանում փոքր ձեռնարկությունից դարձավ խոշոր ընկերություն. «ՏՏ ոլորտն արագ է աճում»:

Անդրադառնալով մեր երկրում հարկային եւ մաքսային վարչարարությանը, որից էլ հիմնականում դժգոհում են գործարարները, Վահագն Պողոսյանն ասաց, որ եթե նման խնդիրներ լինում են ընկերությունների հետ, դա ավելի շատ օրենսդրություն չիմանալու հետեւանքով է: Պողոսյանի խոսքերով՝ կան հարկային տեսուչներ, որոնք ՏՏ ոլորտի ընկերություններում փորձում են սեւ հաշվապահություն փնտրել, ինչը բացառվում է այս ոլորտում. «Որոշ տեսուչներ, որոնք առաջին անգամ են մտնում ՏՏ ձեռնարկություն, չեն հավատում, որ սեւ հաշվապահություն չկա»:  Պողոսյանն ասաց, որ ՊԵԿ-ի ադմինսիտրացիայի աշխատակիցները տարրական, կիրթ խոսելու խնդիր ունեն:

Մանրամասներն ավելի ուշ` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031