Սումբատ Հակոբի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ, Վրաստանի քաղաքացի Զազա Կվիրկաձեից առաջարկ ստանալով Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու, այդ նպատակով ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանի միջոցով այն հայթայթելու եւ ուրանը Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու վերաբերյալ, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունն իրականացնելու համար համագործակցություն է առաջարկել իր ծանոթ Հրանտ Օհանյանին եւ վերջինիս հանձնարարել ռադիոակտիվ նյութը հայթայթելու համար դիմել ուրանի մաքսանենգության գործով մի քանի տարի առաջ դատապարտված, այժմ ազատության մեջ գտնվող Գարիկ Դադայանին:
Դրանից հետո Հրանտ Օհանյանը հեռախոսազանգով կապվել է Մոսկվայում գտնվող Գ. Դադայանի հետ ՝ նրա Երեւան վերադառնալու եւ ռադիոակտիվ նյութն իրենց տրամադրելու համար: Այդ նպատակով, Գ. Դադայանի պահանջով, Ա. Տոնոյանն իր անունից բանկային փոխանցումով Դադայանին ուղարկել է 1000 ԱՄՆ դոլար: Հ. Օհանյանը 2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երեւան ժամանած Գ. Դադայանին, նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված, 17 գրամ քաշով գերհարստացած ուրան՝ ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով: 2010թ. մարտի 11-ին Ս. Տոնոյանը Հ. Օհանյանի հետ ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Թբիլիսի քաղաք եւ նույն օրը փորձել են իրացնել այն, սակայն բռնվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից:
Նախկինում չդատապարտված Ս. Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ(հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի եւ սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, միջուկային,քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար նախատեսված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը»):
Այս հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ս. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Սույն գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ մարտի 25-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ