Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Եղնուկյանը երեկվա քաշքշոցի ժամանակ ուշաթափ է եղել. մանրամասներ դեպքից

Մարտ 25,2016 21:45

«Ռուզաննայի ինքնազգացողությունն անհամեմատ լավ է երեկվա համեմատ։ Բայց դեռ գլխացավ ունի, թուլություն եւ լույսն ազդում է գլխացավի վրա»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ  «Նոր Հայաստանի» աջակիցները, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով ակցիա էին անցկացրել Մաշտոցի պողոտայի վրա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց ի նշան բողոքի։ Ոստիկաններն ուժ գործադրեցին ակցիայի մասնակիցներ նկատմամբ, որի ընթացքում բերման ենթարկվեցին մի շարք անձինք, իսկ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք ստացավ ու տեղափոխվեց հիվանդանոց։

Անդրադառնալով դեպքին՝ մեզ հետ զրույցում Կարո Եղնուկյանն ասաց, որ իր կինը պաստառը ձեռքին կանգնած է եղել, երբ ոստիկանները սկսել են քաշքշել գետնին պառկած երիտասարդներին, որոնք շղթաներով կապված են եղել միմյանց. «Այդ ընթացքում տապալել են նաեւ այն կանանց, որոնք պաստառներն էին պահել։ Ռուզանն այդ պահին նույնպես ընկել է գետնին։ Նա գետնին ընկած ժամանակ արդեն լավ չէր. չի կարողացել շնչել։ Այդ ժամանակ նրա գլխին կպել են եւ ինքը մի քանի անգամ գոռացել է»։

Նա նշեց, որ լսել է կնոջ բղավոցը, որից հետո մոտեցել է Ռուզաննա Եղնուկյանին շրջապատած ոստիկաններին ու այդ ժամանակ նրա կողքին միայն մեկ երիտասարդ է եղել պառկած. «Ռուզանը պառկած էր մեջքի վրա, եւ գլուխը դեպի վերեւ էր ուղղված։ Ես նրա բղավոցը լսելուց հետո մոտեցա եւ իրեն շրջապատող ոստիկաններին (այնտեղ միայն ոստիկաններ էին) ֆիզիկական ուժով հրեցի, որպեսզի իրենք կնոջս գլխավերեւից հեռու գնան»։

Կարո Եղնուկյանը նպատակ է ունեցել կնոջը ոտքի հանել. «Այսօր պարզվեց, որ նա ուշաթափ էր եղել ու ի վիճակի չէր ոտքի կանգնել։ Ոստիկաններին կարողացա հրեմ, սակայն հետո ինձ բերման ենթարկեցին։ Դրանից մի քանի րոպե հետո եղել է հարված իր գլխին։ Ինքը հարվածը ստույգ հիշում է, բայց չի տեսել, թե ով է հարվածել եւ ինչով է հարվածել։ Ամենայն հավանականությամբ, դա եղել է ոտքի հարված։ Քանի որ այդտեղ միայն ոստիկաններ էին իր գլխավերեւում, ամենայն հավանականությամբ հարվածը եղել է ոստիկանի կողմից։ Մինչեւ այդ գլխին կպել են, բայց հարված չի եղել»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռուզաննա Եղնուկյանը շղթայից է վնասվածք ստացել՝ Կարո Եղնուկյանն ասաց, որ դա այդպես չի եղել. «Ռուզանը հստակ ասում է, որ հարված է ստացել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը` «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031