Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ մասնագետներին ԱՄՆ մուտքի վիզայի մերժման հարցով կզբաղվի արտգործնախարարությունը

Մարտ 25,2016 20:33

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այդ երկրի մուտքի վիզա չի տալիս: Օրերս այս մասին բարձրաձայնել էին ոլորտի ներկայացուցիչները:

Aravot.am-ը դեռ 2014-ին անդրադարձել էր այս խնդրին: ՏՏ ոլորտի աշխատակիցները վստահեցրել են, որ դեսպանատունն անհեթեթ պատճառաբանություններով են մերժում: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները տարիներ շարունակ ԱՄՆ գործուղման են մեկնել, այսպես ասած` բիզնես վիզայով. սա նախատեսված է գործնական հանդիպումների, բիզնես նախագծի քննարկման համար հանդիպումների, կամ որեւէ նախագծի համար վերապատրաստման:

IMG_7198

Այսինքն` ոլորտի մասնագետները այդ տեսակի վիզայով են մեկնել ԱՄՆ իրենց նախագիծը ներկայացնելու: Իսկ դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցը, ինչպես մեզ պատմել էր մերժվածներից մեկը, հարցնում են` «Ինչո՞ւ ես գնում»: «Գնում եմ գործուղման` նախագիծ ներկայացնելու»,-հայ ծրագրավորողի այս պատասխանը ստանալուց հետո, աշխատակիցը նորից հարցրել է` «Համակարգչով աշխատելո՞ւ ես»:

Բնականաբար, ՏՏ ոլորտի ներկայացուցիչը նման նախագծերը թուղթ ու գրիչով չէր ներկայացնելու, ուստի, վերջինս դեսպանատան աշխատակցին ասել է` «Այո, համակարգչով աշխատելու եմ»: «Ուրեմն գնում ես աշխատելու, սխալ վիզա ես ներկայացրել, դու պիտի ոչ թե բիզնես վիզա, այլ` աշխատանքային վիզա ներկայացնես»:

Մինչեւ հիմա այս խնդիրը շարունակվում է. այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ԱՄՆ-ում կոլեգաների հետ հանդիպելու համար դիմում են դեսպանատուն, սակայն նրանց մերժում են վիզա տրամադրել՝ ասելով, որ կարող է գնում են այնտեղ աշխատելու եւ վստահ չեն, որ հետ կվերադառնան.«Մարդը տասնյակ անգամներ գնացել է, հետ է եկել, հիմա չեն թողնում»:

Վարդանյանն ասաց, որ այս հարցը շտապ պետք է լուծվի, որովհետեւ ԱՄՆ-ն ՏՏ ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, այս ոլորտի արտադրության 60%-ն արտահանվում է ԱՄՆ: Վարդանյանն ասաց, որ դեսպանատան հետ այս հարցը քննարկել են, սակայն թե ինչ է պատասխանել դեսպանատունը, Վարդանյանը չմանրամասնեց:

Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում

Այսօր ԻՏՁՄ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ արտաքին գործերի նախարարությանը կհանձնարարեն, որպեսզի զբաղվեն խնդրով:

Նշենք, որ համագումարի ժամանակ «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսն էր: ԻՏՁՄ-ն նախատեսում է մինչեւ 2019 թվականը ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրապետության բոլոր դպրոցներում: Այս ծրագրի շրջանակներում դպրոցներում լաբորատորիաների ստեղծումը, ինչպես նշեց Կարեն Վարդանյանը, Հայաստանում կբարելավի ինժեներական կրթության մակարդակը, կնպաստի նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը եւ Հայաստանը մրցունակ դարձնել տեխնոլոգիական համաշխարհային հսկաների կողքին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031