Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի կնշվի մարտի 27-ին:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը երեկոյան իջեցրին խաչից ու դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով նկատեցին, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին: Դրանից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Կարդացեք նաև
Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով՝ ձուն պետք անպայման կարմիր գույնով ներկել: Կարմիրը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար. «Բոլորը, հատկապես հանգուցյալ ունեցող ընտանիքները Զատկի սեղանին անպայման պետք է ներկած ձու ունենան՝ ակնկալելով Տիրոջից, որ հանգուցյալը հարություն առնի»,- «Անալիտիկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Պետրոսը:
Նա նաև հորդորեց մարտի 26-ին և 27-ին չգնալ գերեզմանատուն, քանի որ այդ օրերը տոնական են. «Հանգուցյալներին նվիրված օրերը տաղավար տոներին հաջորդող օրերն են՝ մեռելոցները»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ