Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ պայքարի ծրագիր ունի. (Տեսանյութ)

Մարտ 25,2016 18:35

Մարտի 24-ի կառավարության նիստին որոշում ընդունվեց «Որոտան սիսթեմա» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրամադրել: Ըստ ընդունված որոշման՝
այս ընկերության կողմից վճարվող ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգվում է՝ ապրանքների ներմուծման համար: Այս ընկերությունը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում հիդրոէլեկտրակայան է կառուցում: Ըստ մամուլի հրապարակումների, ընկերության հիմնադիրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմն է:

Արտոնության մասին նախագիծը կառավարությունում ներկայացրել էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում  «Որոտան Սիսթեմայի» մասին Մինասյանն ասաց.«ԱԱՀ-ի հետաձգումը վերաբերում է ընդամենը 120 միլիոն դրամի այն տեխնոլոգիաների ներմուծմանը, որոնք Հայաստանում եւ Եվրասիական տնտեսական միության երկրներում չեն արտադրվում: Սա հնարավորություն կտա, ըստ իրենց հաշվարկի, 3.5 ՄեգաՎատ հզորության  հիդրոէլեկտրակայան կառուցել: Այսօր չկա մի կազմակերպություն, որը համապատասխանի այդ կրիտերիաներին, եւ մերժվի»:

Մինասյանը վստահեցրեց, որ առաջիկայում մի շարք քայլեր են կատարելու շուկայի պատշաճ վերահսկողության, նաեւ մենաշնորհների դեմ: Ըստ նախարարի, մենաշնորհների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստանձնի քաղաքականություն մշակողի հիմնական դերակատարությունը, եւ  առաջադրի կոնկրետ լուծումներ բոլոր այն պետական մարմինների համար, որոնց համակարգում կան ձեռնարկություններ, ծառայություններ, որոնք շուկայում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունենալ:

Մինասյանի խոսքերով՝  նախարարության ենթակայության տակ գործում է ստանդարտների, չափագիտության ազգային ինստիտուտները, հավատարմագրման ազգային մարմինը եւ այս ուղղություններով պրակտիկայում պետք է ցույց տան, որ հակամենաշնորհային քաղաքականությունը նաեւ իրենք են իրականացնում. «Ցավոք սրտի, մրցակցային վիճակի վատթարացումը կախված է նաեւ մեզնից: Օրինակ, եթե մեր համակարգում գործող որեւէ ընկերություն մասնակցում է որեւէ մրցույթի, պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար: Չի կարող որեւէ մեկը ստանա չհիմնավորված առավելություն կամ արտոնություն: Սա պրակտիկ գործադրում է»:

Մինասյանը վստահեցրեց, որ իրենց գործողություններում կառավարության իր գործընկերների, թե՛ հանրապետության նախագահի աջակցությունը Էկոնոմիկայի նախարարությունը կստանա, ապա արդյունքները հանրությունը կտեսնի»:

Արծվիկ Մինասյանի՝ «Առաջիկայում դուք կտեսենք երկու-երեք կոնկրետ գործողություններ՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ, այդ թվում՝ ոչ պարենային ապրանքների շուկայում: Այնպիսի վերահսկողական համակարգի գործադրում, որը կբացառի անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների շրջանառությունը ՀՀ տարածքում»: Բացի այս, մյուս կարեւոր ուղղությունը, ինչպես նշեց նախարարը, տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի էլեմենտների կիրառումն է: Նախարարը վստահեցրեց, որ պատրաստվում է ներկայացնել իր ծրագիրը տնտեսության բոլոր ճյուղերի մասին, ինչպես նաեւ մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031