Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը Վարդգես Գասպարիին զրկեց վերջին խոսքի իրավունքից: Սակայն, նա լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչ էր պատրաստվում ասել՝ որպես իր վերջին խոսք:
«Ես պատրաստվում էի ասել այն, ինչ ասել էի վարչական դատարանում: Դատարանը միեւնույն դատարանն է, դատավորը, ըստ էության նույն դատավորն է, նույն որակի դատավոր, հայցվորը կամ մեղադրողը նույն կարգի անձինք են: Ուղղակիորեն պետք է կանգնեի եւ ասեի՝ դուք սպանեցիք իմ համաքաղաքացիներին, դուք սրիկա հանցագործներ եք, եւ այլն …»,- ասաց Գասպարին:
Նա հայտարարեց, որ ինքն այսօր էլ մեղադրողին, դատախազությանը գնահատում է որպես «ստորագույն սրիկա, հանցագործներ», որովհետեւ իր կարծիքով՝ Մարտի 1-ից հետո՝ արդեն 8 տարի է՝ մարդասպաններին թաքցնում են. «Հարցը կայանում է նրանում, թե դրա վիրավորական լինելը ո՞րն է, մարդասպանին, եթե ասում ես ստոր, սրիկա, մարդասպան, վիրավորական է: Երեւի պետք է ասենք՝ չքնաղ, քնքուշ մարդասպաններ, որ դա վիրավորական չլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ