Այսօր՝ մարտի 25-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև հարուցվեցին նոր վարչական վարույթներ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը հրապարակեց նաև իր որոշումը՝ կենցաղային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Դեռևս հունվարին «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով: ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Խանութը ինքնարժեքի մեջ ներառել է ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ: Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով: Տնտեսվարողը պարտավոր է գովազդի միջոցով սպառողին տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն, ինչն այս դեպքում չի արվել:
Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով:
ՏՄՊՊՀ–ը «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա» և «ՎիվաՍելլ–ՄՏՍ» ընկերությունները զգուշացվեցին
Կարդացեք նաև
Հանձնաժողովը թեժ գծի միջոցով հաճախ ստանում է ահազանգեր կապի ոլորտում գործող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Վերջինները իրենց կողմից հեռարձակվող գովազդներում ոչ միշտ են բաժանորդներին տրամադրում ամբողջական և մատչելի տեղեկատվություն: Հատկապես խնդրահարույց են այնպիսի դեպքերը, երբ գովազդում տեսանելի և հնչեղ կերպով ներկայացվում է որևէ նորամուծություն, իսկ ոչ պակաս կարևոր, հաճախ նույնիսկ ավելի առաջնային տեղեկատվությունը նշվում է շատ փոքր, ոչ ընթեռնելի տառատեսակով: Կապի օպերատորների այս վարքագիծը հաճախ մոլորեցնում է բաժանորդներին, ովքեր հնարավորություն չեն ունենում մանրամասն և ամբողջական տեղեկատվություն ստանալու գովազդվող այս կամ այն ապրանքի կամ ծառայության վերաբերյալ և որոշակի՝ առավելապես ֆինանսական խնդիրների բախվելուց հետո նոր միայն տեղեկանում են պայմանների մասին: Իսկ օպերատորներն էլ արդարանում են, որ այդ մասին նշված է եղել գովազդային հոլովակներում կամ տեղեկատվական թերթիկներում: Նշենք, որ իրավական առումով այս խնդիրը լիարժեք կարգավորված չէ, օրենքը տնտեսվարողին պարտադրում է տրամադրել ամբողջական տեղեկատվություն, սակայն չի սահմանում գովազդում առկա արտահայտությունների ներկայացման չափանիշները՝ տառաչափը, ընթեռնելիությունը, տևողությունը և այլն: Նկատի ունենալով բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, ՏՄՊՊՀ-ը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների առաջարկով որպեսզի հստակ կարգավորվի վերոնշյալ խնդիրը՝ սպառողներին հնարավորություն տալով լիարժեք կերպով տեղեկանալու առաջարկվող ծառայության կամ ապրանքի ձեռքբերման պայմանների մասին:
Մի շարք ընկերությունների հանդեպ հարուցվեցին վարչական վարույթներ
Նիստում որոշվեց նաև հարուցել վարչական վարույթներ սննդամթերքի, առավելապես ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հանդեպ: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տնտեսվարողները սպառողներին տրամադրում հավաստի տեղեկատվություն՝ իրացվող ապրանքի վերաբերյալ: Պարզվել է, որ մի շարք դեպքերում ապրանքի անվանումը կարող է մոլորեցնել և շփոթեցնել սպառողներին: Օրինակ, արտադրվող կամ ներմուծվող ըմպելիքների վրա նշված է «Ջերմուկ կիտրոն», «Հայ կոլա մանգո», «Կիլիկիա նարինջ», «Ֆանտա նարինջ», «Միրինդա խնձոր» և այլն, ինչը կարող է սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ այդ ըմպելիքների բաղադրության մեջ առկա է նշված մրգերի պարունակություն, մինչդեռ դրանք պատրաստված են այդ մրգերի փոխարինիչներով, այսպես կոչված՝ համաբուրավետիչ նյութերի հավելումով:
Խնդիրը գրավել է ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը նաև այն պատճառով, որ համաձայն ԵՏՄ նոր կանոնակարգի, բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողները սննդամթերքի մեջ օգտագործվում են ոչ թե կոնկրետ բաղադրիչ, այլ դրան փոխարինող բուրավետիչ նյութ, պարտավոր են ապրանքի անվանման մեջ ավելացնել «համով և (կամ) հոտով» բառերը:
Վարչական վարույթ հարուցվեց հետևյալ ընկերությունների հանդեպ. «Թամարա և Անի» ՍՊ, «Քեթրին Գրուպ» ՍՊ, «Վանց Գրուպ» ՍՊ, «Երևանի գարեջուր» ՓԲ, «Կոկա կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲ, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ, «Սամ–Հար» ՍՊ, «Յունիոն» ՍՊ, «Դարոյնք» ՍՊ և «Արսեն և Ներսես» ՍՊ:
Հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունների նման վարքագիծը կարող է հանգեցնել հասարակության մոլորեցման` անբարեխիղճ մրցակցության գործողության, քանի որ մակնշման մեջ տվյալների վերաբերյալ նշումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ ապրանքների վերաբերյալ:
ՀՀ ՏՄՊՊՀ