«Սա նշանակում է, որ դատարանը չի կայացրել դատական ակտ իր ներքին համոզմունքների հիման վրա»,- Գասպարիի գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Նրա կարծիքով՝ դատարանի ներքին համոզմունքն այն է, որ այդ արտահայտությունները դատարանի նկատմամբ վիրավորական չեն, դրանց նկատմամբ նույնիսկ տուգանքի տեսքով սանկցիա չի կիրառվել. «Հետեւաբար՝ այստեղ միանշանակ է, ցանկացած մեղադրական դատական ակտ նույն գործադիր իշխանության կցորդի կարգավիճակով ակտ է լինելու, որը չի բավարարելու ո՛չ պատճառաբանվածության, ո՛չ դատավորի ներքին համոզմունքի հիման վրա, ո՛չ էլ գործի նյութերի հիման վրա դատական ակտի պահանջներին»:
Տիգրան Եգորյանը նշեց, որ սահմանափակելով պաշտպանական ճառի իրավունքը, զրկելով Գասպարիին վերջին խոսքի իրավունքից, դատավոր Նելլի Բաղդասարյանը այնպիսի նյութական իրավունքի խախտումներ է թույլ տվել, որոնք դատական ակտը ամեն դեպքում բեկանելի են դարձնում. «Հաշվի առնելով նախորդ դատական նիստի ընթացքում մեր կողմից ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, նույնիսկ անկախ այդ հիմքերի առկայությունից, այդ միջնորդության կապակցությամբ դատարանի վերաբերմունքը հաշվի առնելով, այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանի պահվածքը եւ դատարանի՝ մեր նկատմամբ տրամադրվածությունը հաշվի առնելով, ինչը լրացուցիչ ինքնաբացարկի հիմք է, ակնհայտ է, որ այս դատավորը՝ Նելլի Բաղդասարյանը չի կարող որպես անաչառ դատարան հանդես գալ: Եվ բնականաբար, մենք չենք սպասում, որ նա որեւէ այլ որոշում կկայացնի, քան մեղադրական դատական ակտը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ